Ղարաբաղի խորհրդարանը ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-անդամներ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ խորհրդարանը նախօրեին տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում նշանակել է ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-անդամների։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, այդ հասարակական պաշտոններում նշանակվել են խորհրդարանի աշխատակազմի քարտուղարության իրավախորհրդատու-գլխավոր մասնագետ, իրավաբան-խորհրդատու Լիա Ասրյանն ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր մասնագետ-փորձագետ Մարինե Սաֆարյանը։
ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը իրավասու է նշանակել հանրապետության Արդարադատության խորհրդի երկու իրավաբան-մասնագետների, ինչի գործընթացը, ԱԺ Կանոնակարգի պահանջների համաձայն, իրականացվում է գաղտնի քվեարկության միջոցով։
Մինչ այդ ԼՂՀ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվել են մի շարք օրինագծեր։
Հավանության են արժանացել «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխությունների կատարման, ԼՂՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարման մասին օրինագծերը, ինչպես նաև «ԼՂՀ պատվավոր կոչումների մասին» օրինագիծը։
Ղարաբաղցի խորհրդարանականներն ընդունել են ԼՂՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։-0-