Ղարաբաղում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ԼՂՀ սոցապ նախարարության գերխնդիրն է

19.01.2009, 11:20
Ղարաբաղում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ԼՂՀ սոցապ նախարարության գերխնդիրն է

Լեռնային Ղարաբաղում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և հանրապետության բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացումը ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության գերխնդիրներն են, Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել Ղարաբաղի սոցապահովության նախարար Նարիներ Ազատյանը։

Նրա խոսքերով, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ԼՂՀ նախագահի և կառավարության կողմից հայտարարվել է պետական քաղաքականության առաջնահերթություն և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն տարր։

«2008 թ.-ին սոցիալական ապահովության համակարգում անցկացվել են մի շարք կառուցվածքային վերակազմավորումներ, ստեղծվել է երկու նոր բաժին, երկու ոչ կառավարական հաստատություն, երկու տուն-ինտերնատ՝ թիվ 1 և թիվ 2՝ Ստեփանակերտում և Քաշաթաղում։ Տեղի է ունեցել ավելի քան 20 կադրային փոփոխություն, նախարարության աշխատակազմը համալրվել է նոր երիտասարդ կադրերով», - նշել է Ազատյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է պետական ժողովրդագրական քաղաքականության մշակման և իրականացման մշտական գործող բարձրագույն մարմին։

«Սոցապ նախարարությունում ստեղծված ժողովրդագրական քաղաքականության բաժնի կողմից արդեն մշակվել է պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը կոչված է հիմնական փաստաթուղթը դառնալ պետական և համայնքային իշխանությունների մարմինների համար ծնելիության, առողջության, կյանքի տևողության, կրթության, միգրացիայի, ժողովրդագրական զարգացման վերաբերյալ հարցերի լուծման ժամանակ», - նշել է Ազատյանը։

2008 թ.-ի կարևոր միջոցառումների թվում Նարինե Ազատյանը նշել է 700 զույգերի կոլեկտիվ ամուսնությունը, ինչի կազմակերպման և անցկացման գործում ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ սոցապահովության նախարարությունը։

2008 թ.-ին նախարարության գործունեությունը նախարարը բնութագրել է բավական ակտիվ և արդյունավետ։ «2009 թ.-ին ծրագրվում է աշխատանքներ կազմակերպել աշխատաշուկայի ուսումնասիրման ուղղությամբ։

Ակտիվ քաղաքականություն է նախատեսվում շուկայի խնդիրների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների ուղղությամբ։ Այս նպատակով ԼՂՀ պետբյուջեով համապատասխան գումար է նախատեսված», - տեղեկացրել է Ազատյանը։-0-