Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության ու ժողովրդավարության գաղափարներին. ԼՂՀ նախագահ

10.12.2008, 16:54
Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության ու ժողովրդավարության գաղափարներին. ԼՂՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության ու ժողովրդավարության գաղափարներին, ինչպես նաև այնպիսի իրավական պետության ստեղծմանը, որում մարդու և քաղաքացու արժանապատվությունն ու ազատությունը գերագույն արժեքներ կլինեն, հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։   

«ԼՂՀ սահմանադրության ընդունումը հերթական անգամ հաստատեց այդ գործընթացի անդառնալիությունը, իրավական և ազատ հասարակության մեջ ապրելու իր իրավունքը լիովին իրականացնելու մեր ժողովրդի ձգտումն ու կամքը։ Մի հասարակության մեջ, որտեղ յուրաքանչյուրի համար զարգացման հավասար պայմաններ կլինեն»,- ԼՂՀ ԱԺ-ում անցկացված «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության փորձում» թեմայով համաժողովի ընթացքում ասաց ԼՂՀ ղեկավարը։

Նրա խոսքերով, տվյալ համաժողովը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում ԼՂՀ նվաճումները գնահատելու լավ առիթ է։

«Պետությունն այսուհետ ևս հետևողական և ակտիվ կլինի մարդու իրավունքների պաշտպանության հարցում և նրանց իրավունքների գլխավոր երաշխավորը կլինի»,- նշեց Սահակյանը։  

Համաժողովը նվիրված էր մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 60-ամյակին և ԼՂՀ Սահմանադրության օրվան։  

Միջոցառման կազմակերպիչներ էին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ԼՂՀ Գերագույն դատարանը, ԼՂՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, հանրապետության արդարադատության նախարարությունը և Օմբուդսմենի գրասենյակը։  

2006թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ ԼՂՀ Սահմանադրության առաջին նախագծի համազգային հանրաքվեն։ ԼՂՀ Սահմանադրության օգտին «կողմ» քվեարկել են հանրապետության 77 հազ. 279 քաղաքացիներ, «դեմ»՝ 554-ը։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել էր 90077 մարդ։

Այսուհետ այդ օրը ԼՂՀ-ում ներառված է տոնական օրերի շարքում և պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային։ Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնավար, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։ --0—