Արդար նախագահական ընտրությունները Ղարաբաղում կօգնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. ԱՄՆ դիտորդներ
Ղարաբաղում արդար նախագահական ընտրությունների անցկացումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ուրբաթ Երևանում հայտարարեց «Միջազգային հասարակական իրավունքի և քաղաքականության խումբ» ամերիկյան փորձագիտական կազմակերպության նախագահ Պոլ Վիլյամսը, որը գլխավորում էր ԱՄՆ դիտորդական առաքելությունը ԼՂՀ նախագահական ընտրություններում։
«Հուլիսի 19-ի ընտրությունները միանգամայն արդար, ազնիվ և նվազագույն խախտումներով են անցել», - հայտարարեց նա ԼՂՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մամլո ասուլիսի ժամանակ։
«Մեր դիտորդներն այցելել են մոտ 50 ընտրատարածքներ, զրուցել են ընտրողների, ԿԸՀ անդամների, նախագահի թեկնածուների հետ և կարելի է ասել, որ Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում սրանք լավագույն և ամենաժողովրդավարական ընտրություններն են», - ասաց ամերիկացի դիտորդը։
Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացան հերթական նախագահական ընտրությունները։ ԼՂՀ ԿԸՀ տվյալների համաձայն ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել են 71 հազար 285 մարդ, այսինքն՝ ընտրողների 77,36%-ը։
ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն առաջատար է հանդիսանում ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը. նրա համար քվեարկել են 57 հազար 828 մարդ, կամ էլ ընտրություններին մասնակցող քաղաքացիների ընդհանուր թվի 85,42%-ը։ Երկրորդ տեղում, զգալի զիջում է ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը, որի օգտին քվեարկել են 8 հազար 270 ընտրողներ կամ 12,21%-ը։
Նախագահական ընտրություններին հետևել են ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ տարբեր երկրներից, մասնավորապես, Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից և Չեխիայից։ --0—