ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է ծանր հրանետային համակարգեր

04.04.2016, 14:17
Ադրբեջանը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում երկուշաբթի կիրառել է ծանր հրանետային համակարգեր:
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է ծանր հրանետային համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում երկուշաբթի կիրառել է ծանր հրանետային համակարգեր (ТОС), հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր:

Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի», – տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

Հայ հրետանավորները շարքից հանել են հակառակորդի ծանր տեխնիկան. ՀՀ ՊՆ>>

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–