Հայ հեղինակների 5 լավագույն գրքերը՝ ամանորյա ձմեռային երեկոները հարմարավետ անցկացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ձմեռային երկար երեկոները լավագույն ժամանակն են անշտապ ընթերցանության համար, երբ դրսում ցուրտ է, իսկ տանը՝ տաք ու լուսավոր, և ցանկություն կա ընկղմվել հրաշքների ու կախարդանքի այն անկրկնելի աշխարհը, որը մեզ պարգևում են գրքերը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության այս ընտրանիում ներկայացված են հայ հեղինակների հինգ գրքեր՝ գրված ռուսերենով. դրանք տարբեր են իրենց տրամադրությամբ և ժանրով, բայց միավորված են մարդու, հիշողության, սիրո և ներաշխարհի նկատմամբ ուշադրությամբ: Սրանք գրքեր են, որոնք հաճելի է կարդալ՝ փաթաթված տաք ծածկոցով, մի գավաթ թեյով՝ թույլ տալով ձեզ մի փոքր լիցքաթափվել տոնական օրերին:
1. Հեքիաթ թռչող շան մասին
Մարիամ Պետրոսյան
Հրատարակման տարեթիվ՝ 2014

Մի փոքրիկ ու ոչնչով աչքի չընկնող քաղաքում մի օր զարմանալի դեպք է տեղի ունենում. չգիտես որտեղից հայտնվում է մի շնիկ, որը կարողանում էր թռչել։ Նա ուներ իսկական թևեր՝ թափանցիկ, հսկայական ճպուռի թևերի նման։ Զբոսաշրջիկները խմբերով սկսում են գալ քաղաք՝ տեսնելու այդ հրաշքը։ Տեղի բնակիչները սկսում են գումար վաստակել՝ վաճառելով կախարդական շնիկի պատկերով հուշանվերներ և ցանկացողներին տանելով էքսկուրսիաների։ Նրանք երազում էին, որ իրենց քաղաքը հռչակվի ամբողջ աշխարհում։ Եվ միայն Տոպ անունով տղային պետք չէին ո՛չ փող, ո՛չ փառք. նա միակն էր, ով հասկացավ, որ շնիկը «թռել-եկել է» իրենց մոտ ընկերներ գտնելու համար։
2. Իմ կոշկակար հայրիկն ու դոն Կորլեոնեն
Անուշ Վարդանյան
Հրատարակման տարեթիվ՝ 2014

Որքան գլուխ, այնքան տիեզերք այդ գլուխների մեջ. սա իսկապես ճշմարիտ է: Այս գրքի գլխավոր հերոսը՝ կոշկակար Խաչիկը, ունի իր առանձնահատուկ աշխարհը, որը կառուցված է զարմանալի «աղյուսներից». սեր կնոջ՝ Լյուսյայի, երեք անհանգիստ երեխաների, տարեց ծնողների, մի զույգ իտալական կոշիկների և... դոն Կորլեոնեի հանդեպ, ով Մարիո Պյուզոյի դասական «Կնքահայրը» վեպի կերպարն է: Ծանոթությունը գրական հերոսի հետ անշրջելիորեն փոխում է կոշկակարի ճակատագիրը: Դոն Կորլեոնեն դառնում է Խաչիկի ուսուցիչն ու խորհրդատուն՝ նրան առաջնորդելով դեպի հարստություն և բարգավաճում: Սակայն նախախնամությունը, հանձինս ահեղ իտալացի մաֆիոզիի, հաշվի չի առնում մի բան. աչքի առաջ փոխվում են պատմական դեկորացիաները, փլուզվում է ԽՍՀՄ-ը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև սովորական մարդկային հարաբերությունները: Կա ևս մեկ «խնդիր»՝ Խաչիկն ատում է բռնությունը, նա աշխարհի ամենախաղաղասեր մարդն է: Իսկ դոն Կորլեոնեն Խաչիկին առաջնորդում է ոչ միայն դեպի մեծ փողեր, այլև սովորեցնում է, որ փողը պատասխանատվություն է, իսկ պատասխանատվությունն այն մարդիկ են, ովքեր հավատացել են քեզ և կանգնել քո դրոշի ներքո:
3. Անհայտ աստվածներին
Անահիտ Գրիգորյան
Հրատարակման տարեթիվ՝ 2015

«Անհայտ աստվածներին» վեպը Անահիտ Գրիգորյանի վաղ շրջանի ստեղծագործությունն է, որտեղ հեղինակը նոր է սկսում անդրադառնալ պատմության և մահվան, առասպելի և անհատի թեմաներին: Պատմության առանցքում երկու հնէաբաններ են. Ն.-ն մեկնում է վտանգավոր հնագիտական պեղումների՝ գտնելու շումերական լեգենդար Իրեմ քաղաքը՝ երկնասլաց սյուների քաղաքը: Ըստ լեգենդի՝ այս քաղաքը կառուցվել է Նեմվրոդի ժառանգի կողմից՝ մեռյալների թագավորին խոստացված գեղեցիկ արքայադստերը պաշտպանելու համար:Հեղինակը պատմում է աստվածների սիրո և ատելության պատմությունը այնպիսի հուզական լարվածությամբ, ասես մեր առջև կենդանի մարդիկ են, այլ ոչ թե կավե տախտակների վրայի պատկերներ: Ինչ-որ մեկն այստեղ կգտնի հղումներ Ջեյմս Ռոլինսին, մեկ ուրիշը՝ Հովարդ Լավկրաֆտին և Էլջերնոն Բլեքվուդին: Իսկ ոմանք էլ պարզապես կվայելեն հեղինակի տաղանդը՝ ստեղծելու առասպելներ անտիկ նմուշների օրինակով:
4. Տուն. Ամառը վարդագույն քաղաքում
Գայ Մարկոս
Հրատարակման տարեթիվ՝ 2021

Տասնյոթամյա Մարիամի համար դպրոցական ավարտական երեկոն ավարտվում է սարսափելի մեղադրանքներով, հիվանդանոցային մահճակալով և կոտրված սրտով։ Որպես պատիժ տեղի ունեցածի համար՝ զայրացած հայրը աղջկան ուղարկում է Երևան՝ բարեկամների մոտ։ Քաղաքի ծայրամասում գտնվող հին բնակարանում Մարիամը ծանոթանում է իր տատիկի հետ և բացահայտում ընտանեկան գաղտնիքները։ Տնային «կալանքը» վերածվում է վարդագույն քաղաքում անցկացրած ամենաերջանիկ ամռան։ Այս ամառը բուրում է ծիրանով, արևով և առաջին սիրով։ Երբ Մարիամին թվում է, թե նա վերջապես տուն է գտել, ընտանեկան ողբերգությունը, որի մասին լռել են քսան տարի շարունակ, ամեն ինչ կործանում է։ Արդյո՞ք աղջկա ուժերից վեր չէ ուղղել հոր սխալները՝ ընտանիքն ու սերը պահպանելու համար։
5. Ծննդյան օր
Ժան Դավիդյան
Հրատարակման տարեթիվ՝ 2008

Վիպակների և պատմվածքների ժողովածու: Հեղինակի կողմից. «Սա գիրք է իմ սերնդի մասին: Մանկության անջնջելի հիշողությունը և ապագայի ֆանտաստիկան… Պատերազմում զոհված տղաներ: Մարդ առանց որևէ կոնկրետ զբաղմունքի, քանի որ նրա զբաղմունքը պատերազմն էր։ Սպիտակ թագավորը, որն ապրեց իր ողջ կյանքը։ Աղջիկ կապույտ պանամա գլխարկով, մի հայացք այս կյանքի… Մեր օրերի դրաման: Աշխարհով մեկ սփռված հայրենակիցներ, հարազատներ: Երջանկության հետևից փախածներ: Երջանկությունից փախածներ: Եվ հույսի մի շող: Մուտքի դռան զանգը: Ուրախության ու տխրության արցունքներ: Կյանքն իմ երկրի բարդիների ներքո»:

