ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը բավականին լուրջ վտանգի զգացողություն է առաջացնում ՀՀ իշխանությունների, և անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս մասին հայտնել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում:
«Նախևառաջ, գուցե այն պատճառով, որ Վանեցյանը, լինելով ԱԱԾ տնօրեն, իր ազդեցությամբ ու վարկանիշով առնվազն երկրորդ մարդն է: Թեպետ Վանեցյանը հայտարարել է որ երբևէ հանդես չի գալու բացահայտումներով, որոնք վերաբերում են իր նախկին գործունեությանը, այսինքն որևէ գաղտնիքներ, բացահայտումներ, թե քաղաքական բնույթի, թե առավել ևս անձնական բնույթի չի անելու: Թեպետ ամեն դեպքում մտավախությունը, որ Վանեցյանը շատ բան գիտի զսպաշապիկ է իշխանության համար», նշել է Հակոբյանը:
Բացի այդ, քաղտեխնոլոգի խոսքով, Վանեցյանը որպես ուժային կառույցի ներկայացուցիչ ունի արտաքին քաղաքական կապեր ոչ միայն Ռուսաստում:
«Բացի դրանից, Վանեցյանն էլ ինքնաբավ ֆիգուր է, այսինքն ռեսուրսային է և պոտենցիալ ունի: Ռեսուրսը ֆինանսներն են, որոնք, ես կարծում եմ, Հայաստանի համար բավական են: Նա նախևառաջ մտավ քաղաքական դաշտ` «Հայրենիք» զարգացման հիմնադրամ ձևավորելով, որը, ըստ էության, սկսեց ալտերնատիվ քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթաց, ոչ թե սորոսական, ոչ թե ավանդական հասարակության»,- նշել է Հակոբյանը:
Նա նույնպես հայտնել է, որ ԱԱԾ նախկին տնօրենը ակտիվորեն նոր կառույցներ է բացում մարզերում այնպիսի տեմպերով, որ 3-4 ամսվա ընթացքում կառույցների առումով իր քաղաքական ուժը կդառնա ինստիտուցիոնալ կառույց:
ԱԱԾ տնօրենից մինչև քաղաքական գործիչ
Արթուր Վանեցյանը կես տարի (2018թ.-ի մայիսից մինչև 2019թ.-ի սեպտեմբերը) զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ համարվելով Նիկոլ Փաշինյանի թիմի ամենաազդեցիկ անդամներից մեկը:
Սակայն 2019թ.-ի սեպտեմբերին նա հայտարարում է իր հրաժարականի մասին:
2020թ.-ի փետրվարին Վանեցյանը հայտնել է ակտիվ քաղաքական գործունեություն սկսելու և քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, որով կփորձի համախմբել և միավորել հասարակության մեծ շրջանակներ, որոնք հավանություն չեն տալիս ներկա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը: -0-