ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսից չեն այցելել Բաքվում պահվող հայ գերիներին (ԲԱՑԱՌԻԿ)
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարվա հունիսից մինչև այսօր Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չեն այցելել Ադրբեջանում պահվող հայերին։
Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարմիր Խաչի ներկայացուցիչները վերջին անգամ այցելել են հայ գերիներին այս տարվա հունիսին։ Ներկայումս երկխոսություն է ընթանում Ադրբեջանի իշխանությունների հետ, առաքելությունը պաշտոնապես դեռևս գործում է», - նշեց Ամատունին։
Այս պահին Ամատունին չմեկնաբանեց Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման մասին տեղեկատվությունը՝նշելով, որ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։
Բաքվի հայ գերիների մասին
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։
Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

