Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի

18.10.2016, 13:37
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբեր. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ, որին նա արդեն ավելի քան քսան տարի է անգնահատելի քաղաքական աջակցություն է ցուցաբերում: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում բարոնուհին ներկայացրել է, թե ինչպես է նա գնահատում ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը, խաղաղ կարգավորման ինչպիսի ուղիներ կան, ինչպես նաև նշել է այդ հարցի վերաբերյալ համաշխարհային հանրության առաքելությունը:

Նովոստի-Արմենիա – Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը:

Քոքս – Ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ երեք շաբաթ առաջ: Այնտեղ դեռևս զգացվում են ապրիլին տեղի ունեցած ողբերգության հետևանքները, հայերի դեմ իրականացված վայրագույթւոնները: Բարեբախտաբար, պատերազմը կանգնեցված է, նորից հրադադրի ռեժիմ է հաստատվել: Սակայն իրավիճակը շատ բարդ է, շատ անկայուն: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա` թշնամանքի հետագա դրսևորումները կանխելու և ագրեսիվ հակահայկական քարոզչությանը վերջ դնելու համար: Չէ՞ որ այն ատելություն է ծնում: Ողբերգական է, որ հայ զինվորին (Քյարամ Սլոյանին – խմբ.) գլխատած ադրբեջանցի զինծառայողը դառնում է հերոս: Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ավելի քաղաքակիրթ և պակաս ագրեսիվ կդառնա Հայաստանի հանդեպ:

Նովոստի-Արմենիա – Դուք խոսում եք միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մասին, մինչդեռ այն Ադրբեջանին դեռևս ագրեսոր էլ չի անվանել...

Քոքս – Ես կարծում եմ, որ այն պետք է դա անի: Կան տարբեր կազմակերպությունների զեկույցներ, որոնք նույնականացնում են Ադրբեջանին որպես ագրեսոր: Սակայն ճնշումը պետք է ուժեղացվի, որ Ադրբեջանը հաշվետու լինի իր գործողությունների համար, իրեն ավելի քաղաքակիրթ պահի:

Նովոստի-Արմենիա – Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղափոխվել է: Արդյո՞ք, այդ իրավիճակը հաստատում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարություններն այն մասին, որ նախագահները դեռևս պատրաստ չեն բանակցությունների:

Քոքս – Ես չեմ կարող խոսել առաջնորդների փոխարեն: Սակայն մեծ հույսեր ունեմ, որ արդյունավետ բանակցություններ կլինեն, որոնք կճանաչեն Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների իրավունքները: Եվ կգտնվի արդար որոշում, որն էլ խաղաղ կարգավորման հիմք կծառայի:

Նովոստի-Արմենիա – Դուք հավատում եք, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` հաշվի առնելով, մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի կտրուկ հայտարարությունը:

Քոքս – Մենք կարող ենք միայն հետևել, հուսալ և աղոթել: Միջազգային հանրությունը կարող է խրախուսել Թուրքիային դրական դեր խաղալ և չապակայունացնել տարածաշրջանի` առանց այդ էլ անկայուն իրավիճակը:

Նովոստի-Արմենիա – Մինչև տարվա վերջ լուրջ առաջընթաց ակնկալու՞մ եք բանակցային գործընթացում:

Քոքս – Ես շատ եմ դրան հավատում` հանուն ձեր երկրի բնակիչների, Ադրբեջանի և Թուրքիայի: Պատերազմը, հակամարտությունը բոլորին ստիպում է տառապել: Ընտանիքները կորցնում են իրենց ամուսիններին, եղբայրներին, համայնքներն ապրում են լարվածության մեջ: Հուսով եմ, որ յուրաքանչյուր ոք, ով կարող է ազդել իրավիճակի վրա, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը, կգտնեն խաղաղ և արդար կարգավորման ուղիները:

Նովոստի-Արմենիա – Կարող է, արդյո՞ք, Եվրամիությունն ազդել այս հարցի վրա:

Քոքս – Կարծում եմ, որ կարող է և հույս ունեմ, որ կազդի: -0-