Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը

23.03.2017, 16:52
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ինչպես հայտնի է, գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես չհիվանդանալ այս վտանգավոր շրջանում, ինչպես ճիշտ բուժվել հիվանդանալու դեպքում, Թորոսյանը նաև անդրադարձել է Հայաստանում գրիպի և ՍՇՎ–ի հետ կապված իրավիճակին։

«Նովոստի–Արմենիա» – Այսօր ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Հայաստանում գրիպի և ՍՇՎ–ի կապակցությամբ, մտավախությունների առիթ կա՞։

Լ. Թորոսյան – Այսօր գրիպի հետ կապված իրավիճակը մտահոգություն չի առաջացնում, սա նորմալ պրոցես է այս ժամանակաշրջանի համար։ Գրիպի և ՍՇՎ–ի սեզոնը մոտենում է իր տրամաբանական ավարտին, սեզոնի մեծ մասն արդեն անցել է, սակայն առջևում կա դեռ մեկ ամիս, որի ընթացքում պետք չէ կորցնել զգոնությունը։

Սովորաբար նկատվում է հիվանդացության մակարդակի բարձրացման երկու գագաթնակետ, դա նոյեմբերն է և փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբը։ Եթե նախորդ տարվա նոյեմբերին հանրապետությունում գրանցվել էին А (H3N2) տիպի գրիպի հետ կապված որոշակի բարդություններ, հատկապես դպրոցական տարիքի երեխաների շրջանում, ապա հիմա մենք գործ ունենք В տիպի գրիպի հետ։ Այս տեսակը ոչնչով չի տարբերվում մնացած տեսակներից, այն նույնպես փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ազդում է վերին և ստորին շնչուղիների վրա։ В տիպի գրիպը կարող է հանգեցնել բարդությունների, սակայն դրանք անհատական են յուրաքանչյուր օրգանիզմի համար։

«Նովոստի–Արմենիա» – Ինչպե՞ս տարբերել գրիպը ՍՇՎ–ից։

Լ. Թորոսյան – Փռշտոցը, քթից առատ արտադրությունը, հոգնածությունն ու թուլությունը, սրանք բոլորը ՍՇՎ–ի ախտանիշներ են, իսկ եթե հիվանդի տաքությունը հասնում է մինչև 40 աստիճանի և նա գլխացավ ունի, հոդացավեր կամ քթից արյունահոսություն է ունենում, դրանք իսկական գրիպի ախտանշաններն են: Այստեղ կարևոր է հիշել, որ սովորական գրիպը քթից արտադրություն չի առաջացնում: Հիվանդության մնացած բոլոր ախտանիշներն անհատական են և կապված են հիվանդի տարիքի, առողջական խնդիրների և այլնի հետ: Բոլոր այս ախտանշանները կարող են 2-3 օրից անցնել, սակայն եթե դուք նորից դրանք զգաք, հարկավոր է անհապաղ բուժում սկսել:

«Նովոստի–Արմենիա» - Ինչպե՞ս խուսափել մրսածությունից, հնարավորինս կանխարգելել այն:

Լ. Թորոսյան – Հարկավոր է հիշել, որ հիվանդացության հաճախականության վրա ազդում են եղանակային պայմանները, ուստի մինչև ապրիլ գրիպի և ՍՇՎ-ի ժամանակաշրջանը կպահպանվի, հետևաբար, ամենաառաջին կանոնը չհիվանդանալու համար տաք և եղանակին համապատասխան հագնվելն է: Խոսքը հատկապես երեխաների մասին է, ուստի կոչ եմ անում ծնողներին զգոն լինել այս հարցում և հետևել, թե ինչ են հագնում երեխաները:

Երկրորդ կարևոր կանոնը ինքնաբուժմամբ չզբաղվելն է: Մեր հասարակությունը դեռ շարունակում է լսել բարեկամների և ծանոթների խորհուրդները և արհամարհել բժիշկների կոչերը, ինչը մեծամասամբ հանգեցնում է առողջական վիճակի վատացման: Եթե երկու-երեք օր անց ձեր վիճակը չի բարելավվում, կամ մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում և իջնում է, ապա դա առաջին նշանն է, որ հարկավոր է դիմել մասնագետի, այդ իսկ պատճառով ավելի լավ է բժշկի դիմել ամենասկզբում` բարդացումներից խուսափելու համար:

Երրորդ կանոն. դուրս մի եկեք տանից հիվանդ ժամանակ, անկողնային ռեժիմ պահպանեք, շատ հեղուկ խմեք և ոչ մի դեպքում հակաբիոտիկներ մի օգտագործեք: Հեղուկները նպաստում են օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը, որոնք վիրուսներ են առաջացնում: Սակայն, եթե հիվանդը որոշակի օրգանների հետ խնդիրներ ունի, ապա շատ հեղուկներ խմելը պետք է խորհուրդ տա հենց բժիշկը, հակառակ դեպքում ավելորդ հեղուկը կարող է բացասաբար ազդել։

Հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, մեծահասակները ռիսկի խմբում են, այդ իսկ պատճառով հիվանդ մարդիկ պետք է նվազագույնը երկու մետր հեռավորության վրա գտնվեն նրանցից, պահպանեն փռշտալու էթիկետը և ձեռքերի հիգիենան, ինչպես նաև կանոնավոր ախտահանել շրջակա առարկաների մակերևույթը:

«Նովոստի–Արմենիա» - Եթե մարդ հաճախ է այս շրջանում գրիպով հիվանդանում, ինչ է դա նշանակում:

Լ. Թորոսյան – Դա, նախևառաջ, թույլ իմունիտետի նշան է, վարակների հանդեպ դյուրազգայության, սխալ ապրելակերպի և սեփական առողջության հանդեպ սխալ վերաբերմունքի հետևանք։ Սակայն սեզոնային վիրուսներից ոչ ոք ախահովագրված չէ, այդ իսկ պատճառով նույնիսկ եթե դուք հիվանդացել եք, առաջին հերթին հարկավոր է սովորել ճիշտ բուժվել և հետևել բոլոր կանոններին, այդ դեպքում դուք բարդացումներ չեք ունենա, իսկ ձեզ շրջապատող մարդիկ ապահովագրված կլինեն վարակվելուց: -0-