ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի կասկածի դեպքում աշակերտը մեկուսացվում է դպրոցում, մինչև բուժհաստատություն ուղարկվելը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը:
Հայաստանում առաջին դասարանցիները սեպտեմբերի 14-ին կգնան դպրոց մեկ անձի ուղեկցությամբ, իսկ հանրակրթության այլ մակարդակներում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15-ին:
«Այդ մասին տեղեկացվում են ծնողները և բուժհաստատությունները, երեխան մեկուսացվում է հատուկ հատկացված տարածքում մինչև բժիշկների ժամանելը», - ասաց նա:
Թորոսյանն ասաց, որ եթե ախտորոշումը հաստատվի, ապա վարակված անձի և նրա դասարանի համար ուսումնական գործընթացը 14 օրվա ընթացքում անցնում է հեռավոր ռեժիմի:
Загружается новость ... "Лево"
Եթե աշակերտների և դպրոցի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 10% և ավելին, ապա ժամանակավորապես կդադարեցվի ամբողջ հաստատության գործունեությունը: Եթե կորոնավիրուսով վարակվի մի քանի դասարանում դասավանդող ուսուցիչը, ապա կարող է լինել դպրոց հաճախելու ժամանակավոր արգելք որոշ դասարանների աշակերտների և հենց վարակվածի համար:
Դիմակներ կրելը
Փորձագետն ընդգծեց, որ դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություն չկա: Այն երեխաների համար, ովքեր առողջական պատճառներով չեն կարող դիմակներ կրել, դասընթացները կիրականացվեն հեռավար կարգով:
«Այն երեխաները, ովքեր գտնվում են ռիսկի գոտում, չեն գնա դպրոց, նրանց համար կկազմակերպվի հեռավար կամ տնային կրթություն», - ասաց նա:
Պատասխանելով գործակալության այն հարցին, թե կլինի, եթե աշակերտը դպրոցում դիմակ չկրի, Թորոսյանը բացատրեց, որ եթե երեխաները կատարում են այնպիսի գործողություններ, որոնք հակասում են դպրոցի ներքին կանոնադրությանը, ապա դպրոցի ղեկավարությունը, անհրաժեշտության դեպքում, ծնողների օգնությամբ, բացատրական աշխատանքներ է տանում նրանց հետ:
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 4 անգամ: Այդպիսով, կառավարության օգոստոսի 12-ի որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն։
Օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 պացիենտ:-0-