Ժան Մարի Կավադա. Ժամանակակից Թուրքիայում պետք է ճշմարտությունն իմանան Հայոց ցեղասպանության մասին
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպան պարտավոր է օգտագործել ազդեցության իր բոլոր գործիքները 1915 թ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Ժան Մարի Կավադան։
«Եվրոպան պարտավոր է օգտագործել բոլոր միջոցները, ազդեցության բոլոր գործիքներն այս պատմական ճշմարտության (Հայոց ցեղասպանություն) ճանաչման համար և աշխատել ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ», – ասաց Կավադան։
Նա նաև նշեց, որ Եվրոպան «ցավոք, չի խոսում միևնույն ձայնով»։
«Ցավոք, Հայոց ցեղասպանության հարցում ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները դեռևս տարբեր են։ Մասնավորապես, Գերմանիան և Միացյալ Թագավորությունն ավելի վախվորած են, քան Բելգիան և Ֆրանսիան, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանություն` անվանելով դա «ցեղասպանություն»։ Հատկապես տատանվում է Եվրոպական հանձնաժողովը։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և միջազգային համագործակցության պատասխանատու տիկին Գեորգիևան այդպես էլ ժամանակ կամ հնարավորություն չգտավ «ցեղասպանություն» բառը հնչեցնելու համար», – ավելացրեց նա։
Խոսելով չորեքշաբթի ԵԽ–ի կողմից Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի բանաձևի ընդունման մասին` Կավադան ընդգծեց, որ այդ բանաձևի նպատակն է քննարկում խթանել Եվրոպայում, և հենց դրանում է բանաձևի արժանիքը։
Եվրախորհրդարանը ապրիլի 15–ին միաձայն ընդունել է «Ապրիլի 24–ը Եվրամիությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը։ Գրեթե բոլոր ելույթ ունեցող եվրախորհրդարանականները կողմ են եղել բանաձևի ընդունմանը` կարևորելով այդ քայլը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին։
«Վճռորոշ նշանակություն ուներ այն, որ Եվրախորհրդարանը հնարավորություն ունեցավ նշել այդ կարևոր իրադարձությունը` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, ինչպես նաև հիշեցնել, որ Եվրոպան չի մոռանում այդ փաստի մասին», – ասաց նա։
Ինչպես նշեց եվրախորհրդարանականը, բանաձևը, իհարկե, ավելի շատ կրում է հաշտարար բնույթ, սակայն խոսքը ոչ միայն զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին է։ «Այս բանաձևն առաջին հերթին արդարության և հաշտեցման կոչ է։ Այն հիմնականում ուղղված է նրան, որպեսզի ժամանակակից Թուրքիայում իմանան ճշմարտությունը...Բանաձևի տեքստը առնվազն թուրքական քաղաքացիական հասարակության այն մասի ձայնի արձագանքն է, որը ցանկանում է ընդունել Հայոց ցեղասպանությունը», – հայտարարեց նա։
Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։Ավելի վաղ եվրախորհրդարանի անդամներն առաջարկել են ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության պատրաստ լինելուն նվիրված ամենամյա զեկույցին 442 լրացում կատարել։ Մի շարք լրացումներ ուժեղացնում են Անկարայի նկատմամբ զեկուցի քննադատող երանգը և, մասնավորապես, Թուրքիային ուղղված կոչ են պարունակում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Քրդստանի բանվորական կուսակցությունը հանելու վերաբերյալ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

