Յանուշ Վիշնևսկի. Հայաստանի անհնար է գրել՝ չանդրադառնալով Ցեղասպանության թեմային

27.09.2014, 15:15
Հայտնի լեհ գրող Յանուշ Վիշնևսկին, ով 2001 թ.-ին հայտնի դարձավ «Միայնություն ցանցում» առաջին վեպի հրապարակումից հետո, ՀՀ մշակույթի նախարարության հրավերով այս օրերին գտնվում է Հայաստանում` իր «Գրանդ» գիրքը ներկայացնելու համար: Այն հեղինակի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Տասնինը գրքերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել է իր ստեղծագործական ծրագրերի և մեր երկրից ստացած տպավորությունների մասին:
Յանուշ Վիշնևսկի. Հայաստանի անհնար է գրել՝ չանդրադառնալով Ցեղասպանության թեմային

Հայտնի լեհ գրող Յանուշ Վիշնևսկին, ով 2001 թ.-ին հայտնի դարձավ «Միայնություն ցանցում» առաջին վեպի հրապարակումից հետո, ՀՀ մշակույթի նախարարության հրավերով այս օրերին գտնվում է Հայաստանում` իր «Գրանդ» գիրքը ներկայացնելու համար: Այն հեղինակի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Տասնինը գրքերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել է իր ստեղծագործական ծրագրերի և մեր երկրից ստացած տպավորությունների մասին:

Նովոստի-Արմենիա – Դեռ նախորդ տարի Դուք ասում էիք, որ ցանկանում եք գիրք գրել Հայաստանի մասին: Դուք արդեն սկսե՞լ եք գրքի աշխատանքը, ինչ-որ գրառումներ արե՞լ եք:

Յա. Վիշնևսկի – Դեռ չեմ սկսել, սակայն ցանկանում եմ դա անել այս այցի ժամանակ: Հաջորդ տարի կարևոր տարեթիվ է նշվելու ձեր պատմության մեջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դա ուժեղ մոտիվացիա է ձեր երկրի պատմությամբ զբաղվելու համար, որը նման է Լեհաստանի պատմությանը: Մենք ևս կորցրել ենք մեր տարածքը, որը գնալով փոքրանում էր: Կցանկանայի դա ներառել սյուժեում: Սակայն չեմ պատրաստվում պատմական վեպ գրել, ամենայն հավանականությամբ` այնտեղ կներկայացվեն Ցեղասպանությունը վերապրած և Հայաստանում բնակվող մարդկանց կենսագրությունները:

Ես Գերմանիայում շատ հայերի եմ հանդիպել և գիտեմ, որ ձեր բազմաթիվ հայրենակիցներ բնակություն են հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Կցանկանայի գրքիս սյուժեում ներառել այն, թե ինչպես է այդ իրադարձությունն ազդել ցեղասպանությունը վերապրած մարդկանց ճակատագրերի վրա, ինչպես է դասավորվել նրանց կյանքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանության թեման կբացահայտվի իմ գրքում: Հայաստանի մասին անհնար է գրել առանց այդ թեմայի, քանի որ այն ազդում է նաև երիտասարդ սերնդի կյանքի վրա:

Ես եղել եմ Ծիծեռնակաբերդում և այնտեղ անհավանական զգացողություններ եմ ունեցել:

Նովոստի-Արմենիա – Ո՞րն է Երևանում ներկայացրած Ձեր «Գրանդ» վեպի հիմնական մեսիջը:

Յա. Վիշնևսկի- Գրքի հիմնական ասելիքն այն է, որ մարդիկ կարող են իրենց փոխել: Իմ հերոսները պատահական մարդիկ են, ովքեր հանգստյան օրերին եկել են Գրանդ հյուրանոց: Սակայն նրանց միջև հարաբերություններ են սկսվում, նրանք ծանոթանում են և ապրումների շնորհիվ տեղի է ունենում հայացքների որոշակի փոփոխություն: Բոլորի մոտ սեփական կյանքի մասին խորհելու հնարավորություն է ստեղծվում: Շատ կարևոր է երբեմն կողքից նայել սեփական կյանքին: Մեր կյանքում ամենաարժեքավորը ժամանակն է: Այս գիրքը հենց դրա մասին է:

Նովոստի-Արմենիա – Կարծիք կա, ոչ Ձեր առաջին «Միայնություն ցանցում» վեպն ինքնակենսագրական է: Արդյո՞ք դա ճիշտ է:

Յա. Վիշնևսկի – Գլխավոր հերոսները գրված չեն իմ կերպարի հիման վրա: Դրանք մարդիկ են, ում ես գիտեմ և համացանցով շփվում եմ նրանց հետ: Սակայն վեպում առկա հետահայաց մտորումները պատմում են իմ ապրած կյանքի մասին:

Նովոստի-Արմենիա – Ձեր 19 գրքերից ո՞րն է Ձեզ ամենամոտը:

Յա. Վիշնևսկի – Ինձ համար ամենագլխավոր գիրքը «Ֆեյսբուքում որդուս հետ» գիրքն է: Դա իմ վերջին գիրքն է: Այն շատ ազնիվ է, անձնական, քանի որ այդ գրքում ներկայացված է մորս պատմությունը:

Նովոստի-Արմենիա – Դուք երկրորդ անգամ եք այցելում Հայաստան: Որպես մեր մայրաքաղաքի հյուր` ի՞նչ ցանկություններ ունեք:

Յա. Վիշնևսկի- Այս այցի ժամանակ որևէ բան տեսնելու հնարավորություն չունեցա: Ես եկել եմ հինգշաբթի երեկոյան, իսկ ուրբաթ ողջ օրը հանդիպումներ ունեի: Այսօր կունենամ երեք ժամ ինչ-որ բան տեսնելու համար: Ես պատրաստվում եմ այցելել «Զվարթնոց» հնագույն տաճարը (մ.թ.ա. 7-րդ դար, Նովոստի-Արմենիա): Ինձ խորհուրդ տվեցին նաև այցելել «Արարատ» կոնյակի թանգարան: Խոստացել են շատ հետաքրքիր բաներ ցույց տալ:-0-