Եպիֆանցև. Ղարաբաղի իրավիճակի վերաճումը լայնածավալ ռազմական հակամարտության քիչ հավանական է

05.08.2014, 16:35
Որո՞նք են շփման գծում իրավիճակի սրման պատճառները, հնարավո՞ր է, արդյոք, պատերազմի վերսկսում Լեռնային Ղարաբաղում, և ի՞նչ են քննարկելու Սոչիի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Այս հարցերին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանեց «Alte et Certe» վերլուծական գործակալության ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը։
Եպիֆանցև. Ղարաբաղի իրավիճակի վերաճումը լայնածավալ ռազմական հակամարտության քիչ հավանական է

Որո՞նք են շփման գծում իրավիճակի սրման պատճառները, հնարավո՞ր է, արդյոք, պատերազմի վերսկսում Լեռնային Ղարաբաղում, և ի՞նչ են քննարկելու Սոչիի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Այս հարցերին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանեց «Alte et Certe» վերլուծական գործակալության ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը։

«Նովոստի–Արմենիա» — Ինչի՞ հետ կապված է իրավիճակի վերջին սրումը ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում։

Ա.Եպիֆանցև - Իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում բնական էր և նույնիսկ սպասելի։ Տարածաշրջանը լցված է զենքով, գոյություն ունեն տարածքային վեճեր, և Ադրբեջանի` այն (Ղարաբաղ - «Նովոստի–Արմենիա») իր վերահսկողության ներքո վերադարձնելու մեծ ցանկություն, կրքերի բորբոքվածությունն ու փոխադարձ հակակրանքի աստիճանը կողմերի մոտ շատ բարձր է, փոխհրաձգությունը հաճախակի է դարձել` այս ամենը խոսում է այն մասին, որ վաղ թե ուշ այդ փոխհրաձգությունները պետք է վերածվեին ինչ–որ ավելի մեծ բանի։ Հավանաբար, իր դերը խաղաց նաև Հայաստանի շարժվելը դեպի ԵՏՄ և դրա հետ կապված` մաքսային սահմանի (Հայաստանի և Ղարաբաղի միջև - «Նովոստի–Արմենիա») մասին վեճերը։ Եթե այս գործընթացի վերջում Լեռնային Ղարաբաղը դե յուրե չընդգրկվի ՄՄ–ի և ԵՏՄ կազմում, բայց դե ֆակտո նրա ապրանքները հանգիստ վաճառվեն այդ միությունների տարածքում` «Արտադրված է Հայաստանում» պիտակով, դա  կբարելավի այնտեղ իրավիճակը, նշանակում է` ավելի Բաքվի համար կնվազեցնի այդ տարածքները վերադարձնելու հեռանկարները, որոնք այժմ էլ չնչին են։ Հնարավոր է, որ ինչ-որ պահի Ադրբեջանը համարեց, որ կորցրել է ազդեցության լծակները, և որոշեց խաղարկել սրումը մեծացնելը։ 

«Նովոստի–Արմենիա» — Կարո՞ղ են այդ միջադեպերը հանգեցնել պատերազմի վերսկսման։

Ա.Եպիֆանցև - Քիչ հավանական եմ համարում իրավիճակի վերաճումը լայնածավալ ռազմական հակամարտության։ Չնայած հսկայական ռազմական ծախսերին և սպառազինության մեծածավալ ներկրումներին` նմանատիպ հակամարտությունում հաղթանակի հավանականությունն Ադրբեջանի համար ոչ թե միանշանակ չէ, այլ պարզապես փոքր է, մինչդեռ այն ռիսկերը, որոնք նա կունենա պարտության դեպքում, շատ լուրջ են։ Հենց դա է զսպել Բաքվին պատերազմ ծավալելուց նախկինում, և միջազգային համեմատաբար բարենպաստ ֆոնից բացի, այստեղ Ադրբեջանի համար ոչինչ չի փոխվել։

Դրական գործոն է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` հանդիպելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համաձայնությունը։ Դա վկայում է այն մասին, որ կողմերը պատրաստ են լուծում փնտրել բանակցային սեղանի շուրջ։ Թեև ադրբեջանցի որոշ փորձագետներ կարծում են, որ այդ հանդիպմանն Ալիևը Սարգսյանին վերջնագիր է ներկայացնելու` «Կամ Ղարաբաղի վերադարձ, կամ պատերազմ», ինձ թվում է, որ ամեն ինչ պակաս ռազմատենչ բնույթ կկրի։

«Նովոստի–Արմենիա» — Ձեր կարծիքով` ի՞նչ հարցեր են քննարկվելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը Սոչիում։

Ա.Եպիֆանցև - Կարծում եմ` հնչեցվելիք ակնհայտ հարցը հրադադարն է։ Ադրբեջանը ՄՄ–ի և ԵՏՄ–ի սահմաններում Ղարաբաղը փաստացի չընդգրկելու որոշակի երաշխիքներ կցանկանա, արդյունքում հրադադարը կվերականգնվի, իսկ հայկական պիտակով ղարաբաղյան ապրանքների վերաբերյալ հռետորությունը կնվազի։ Միաժամանակ, այդ հաշտությունը փխրուն կլինի։ Ինչ–որ պահի պաշտոնական Բաքվի նյարդերը տեղի կտան, և չնայած այդ քայլի ողջ անտրամաբանականությանը` նա կարող է լայնածավալ ռազմական օպերացիա սկսել։ Զենքի այդպիսի ծավալ գնում են ոչ դրանից թանգարան կառուցելու համար։ Կցանկանայի, որ խաղաղ լուծում փնտրելու գործընթացն արագանար, բայց, ցավոք, ելքի ակնհայտ ուղիներ առայժմ չունի ոչ ոք, չունեն նաև ամերիկացիները, ովքեր վերջին կես տարվա – մեկ տարվա ընթացքում բուռն գործունեություն են ծավալել Ղարաբաղի շուրջ։ -0-