Հայաստանում ամուսնության ինստիտուտը զարգանում և կատարելագործվում է. ընտանեկան հոգեբան
Արդյոք հնացե՞լ է ամուսնության ինստիտուտը, պահպանվե՞լ է հայկական ընտանիքի ավանդական մոդելը, Հայաստանին սպառնու՞մ է սեքսուալ հեղափոխություն և ինչպե՞ս է պետք ներկա պայմաններում դաստիարակել երեխաներին։ «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ բացառիկ զրույցում այս բոլոր հարցերին պատասխանել է հոգեբան, ընտանեկան խնդիրների մասնագետ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ավագ դասախոս Աննա Բադալյանը:
«Նովոստի-Արմենիա» - Կարծիք կա, որ ամուսնության ավանդական ինստիտուտն աշխարհում և մասնավորապես Հայաստանում հնացել է: Ի՞նչ կարծիք ունի հոգեբանն այս հարցում:
Ա. Բադալյան- Ոչ, ես համաձայն չեմ, որ ամուսնության ինստիտուտը հնացել է: Չէ՞ որ, եթե մենք անգամ ընդունում ենք եվրոպական կամ այլ երկրների արժեքները, ապա տեսնում ենք, որ ընտանիքի պահպանումն առաջնահերթ խնդիր է դառնում: Հարցը միայն այն է, թե ընտանիքի ինչպիսի՞ մոդել են փորձում պահպանել՝ հի՞նը, թե՞ փոխվածը: Որպես հոգեբան, ինչպես նաև վիճակագրությունը վերլուծող մարդ՝ ես պետք է ասեմ, որ ամուսնության ինստիտուտը Հայաստանում չի հնացել, այլ հակառակը՝ ակտիվորեն զարգանում է: Սա շատ հետաքրքիր գործընթաց է: Ընտանիքում փոխվել են դերերը, խնդիրների նկատմամբ վերաբերմունքը, կնոջ և ամուսնու, մեծահասակ երեխաների և ծնողների միջև հարաբերությունները: Ընդ որում, պետք է նշեմ, որ ես այդ փոփոխությունները դրական եմ գնահատում:
«Նովոստի-Արմենիա» - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական ընտանիքի ավանդական մոդելը նույնպես փլուզվեց: Նահապետական հայկական ընտանիքներն իրենց տեղը զիջեցին արևմտյան տիպի ընտանիքներին: Երեխաները շուտ են հեռանում ընտանիքից և ծնողների հեղինակությունը գնահատում են նրանց նյութական հաջողությամբ: Ի՞նչ եք կարծում, պահպանվե՞լ է հայկական ընտանիքի մոդելը անգամ փոխակերպված տեսքով, թե՞ հայկական ընտանիքը դադարել է գոյություն ունենալ:
Ա. Բադալյան - Ավանդական հայկական ընտանիքը նահապետական է: Այսօր նման ընտանիքներ չկան: Սակայն նման ընտանիքի մասին ենթագիտակցական հիշողությունը մնացել է, մասնավորապես՝ մեծերի նկատմամբ հարգանքը: Եթե անգամ երիտասարդներն առանձին են ապրում, կան այցելության հատուկ օրեր: Այո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ բան փոխվեց, փոխվեցին հարաբերություններն ընտանիքի ներսում, զգացմունքների արտահայտման ազատություն հայտնվեց: Հիշու՞մ եք, երբ կատակում էին, թե Խորհրդային միությունում սեքս չկա: Իսկ հիմա Հայաստանում այն գոյություն ունի: Բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում եղել են սոցիալական խախտումներ, ավելի լավ ապրելու ձգտում, շահադիտություն: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտանիքը պահպանելու համար հարկավոր է էմոցիոնալ բավարարվածություն և սեր, ջերմություն, հոգատարություն, մասնակցություն ընտանիքի ներսում:
«Նովոստի-Արմենիա» - Հայկական հասարակությունն ավելի հանդուրժողական է դարձել սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Ձեր կարծիքով՝ դա չի՞ նպաստում մեր ավանդական արժեքների փոփոխությանը և կործանարար ազդում ընտանիքների վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կողմից գենդերային օրենքի ընդունումը, որի կետերից մեկի համաձայն՝ երեխան չափահաս դառնալուց հետո կարող է սեռ ընտրել:
Ա. Բադալյան – Ցանկանում են նախապատմություն ներկայացնել: Այն, որ հայ տղամարդկանց մի ողջ սերունդ կնոջ նման է դարձել, ունի իր օբյեկտիվ պատճառները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում տղամարդկանց իրավունքները ոտնահարվեցին, նրանք զրկվեցին աշխատանքից և ապրուստի միջոցից կամ պարզապես արտագաղթեցին: Այնպես ստացվեց, որ երեխաներին, մասնավորապես, տղաներին կանայք էին դաստիարակում, նրանք մեծացան կանանց միջավայրում: Չկար տղամարդկության օրինակ, վառ արտահայտված տղամարդկային սկիզբ: Այս ամենն իր հետքը թողեց ողջ սերնդի վրա: Սակայն գոյություն ունեցող ազգային գենետիկ կոդի և ենթագիտակցական հիշողության շնորհիվ՝ մեր ժողովուրդը կարողացավ այս ամենը հաղթահարել: Կարծում եմ, որ հայկական հասարակությունում, մասնավորապես, պատանիների շրջանում «Եվրատեսիլ 2014»-ի հաղթողի (Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստ) նկատմամբ արձագանքը վկայում է այն մասին, որ ամեն ինչ կարգին է: Համոզված եմ, որ սեռ ընտրելիս տղաները կընտրեն արական, իսկ աղջիկներն իգական սեռը:
«Նովոստի-Արմենիա» - Թիվ մեկ ծնող և թիվ երկու ծնող` Հայաստանում սա հնարավո՞ր հեռանկար է: Ձեր կարծիքով՝ որքա՞ն հեռու կարող է գնալ հայկական հասարակության հանդուրժողականությունը:
Ա. Բադալյան- Ոչ, մոտ ապագայում Հայաստանին նման բան չի սպառնում:
«Նովոստի-Արմենիա» - Ավելորդ է խոսել ընտանիքի դերի մասին երեխաների դաստիարակության հարցում: Դաստիարակության ի՞նչ սկզբունքներ եք խորհուրդ տալիս կիրառել այսօր ծնողներին:
Ա. Բադալյան – Ծնողները պետք է ձգտեն դաստիարակել մարդու, որն ունի արժանապատվության զգացում և միաժամանակ բավարար չափով ճկուն է ժամանակակից պայմաններին հեշտորեն հարմարվելու համար: Ավելորդ տաբուների բացակայություն, ազատություն, սակայն ոչ ամենաթողություն, կարևոր է նաև ազգային առանձնահատկությունների պահպանումը: Այսօր մենք հնարավորություն ունենք ծանոթանալ և հաղորդակից լինել տարբեր երկրների մշակույթներին, և տարբեր մշակույթների կրողների հետ շփումը երիտասարդության շրջանում նոր աշխարհայացք է ձևավորում: Իսկ հարուստ պատմության և ամուր արմատների առկայության դեպքում համաշխարհային փորձի ձեռքբերումը նոր սերնդին դարձնում է ավելի ուժեղ և հետաքրքիր: Ամենալավ ցուցանիշն այն բանի, որ ծնողները հաջողության են հասել դաստիարակության գործում, այն է, որ հաջորդ սերունդը դառնում է ավելի հաջողակ, կրթված և ավելի ինտեգրված ժամանակակից հասարակությունում:
«Նովոստի-Արմենիա» - Դաստիարակության երկու մոդել՝ արևմտյան և արևելյան, դրանք ավելի հաճախ են բախվում ժամանակակից աշխարհում: Ո՞րն է ավելի նախընտրելի՝ արևմտյա՞ն համակարգը, որը հիմնվում է ամենաթողության վրա, երբ երեխային կարելի է ամեն ինչ, թե՞ արևելյան մոդելը, որտեղ անվերապահորեն գործում է ծնողական ավտորիտարիզմը: Կարելի՞ է, արդյոք, այս երկու համակարգերի միջև ոսկե միջին գտնել:
Ա. Բադալյան- Անշուշտ, ոսկե միջին գտնել կարելի է և հարկավոր է: Դա այն օպտիմալ տարբերակն է, երբ ծնողը չպետք է երեխաներին շրջապատի չափից դուրս խնամքով, որը հատուկ է արևելյան ծնողներին և նման կերպով դարձնի նրան չափազանց խոցելի, սակայն միաժամանակ չպետք է երեխայի դաստիարակությունը ինքնահոսի թողնի, ինչպես քարոզում են արևմտյան դաստիարակության ջատագովները: Ծնողները պետք է այնքան լավ ճանաչեն իրենց երեխային, որպեսզի զգան, թե ինչ է հարկավոր նրան կյանքի յուրաքանչյուր պահի:
«Նովոստի-Արմենիա» - Կա՞ հայերեն ժամանակակից գրականություն` նվիրված երեխաների դաստիարակությանը:
Ա. Բադալյան – Նոր տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրեց նրան, որ հիմա ծնողները, ովքեր ցանկանում են ծանոթանալ երեխաների դաստիարակության գործում նոր մոտեցումներին, դիմում են ինտերնետին: Սակայն քանի որ մենք գործ ունենք անհատականությունների հետ, ես` որպես մասնագետ, ավելի նպատակահարմար եմ համարում անգամ ամենաչնչին խնդիրների կամ հարցերի դեպքում չփնտրել պատասխան հոգեբանական և մանկավարժական աշխատություններում, այլ դիմել մասնագետ-խորհրդատուների: Այո, այդ ծառայությունը վճարովի է, սակայն Հայաստանի անգամ միջին քաղաքացի կարող է իրեն թույլ տալ մի քանի խորհրդատվություն: Հայաստանում ծնողների համար նախատեսված հատուկ դասընթացներ կան, որոնց ժամանակ ծնողներին սովորեցնում են ամեն երեխայի մեջ տեսնել ոչ թե ծնողի անհատականությունը, այլ նրա սեփականը: Երբ ծնողները երեխաների դաստիարակությանը նվիրված գիրք են ընթերցում, նրանք, որպես կանոն, կարդում են այն, ինչ ցանկանում են տեսնել, կարդացածը անցկացնում են սեփական ընկալման պրիզմայի միջով: Ամենատարածված խնդիրներից է, երբ ծնողը երեխայի մեջ տեսնում է սեփական անիրականացած հավակնությունները կյանքի կոչելու հնարավորությունը: Հոգեբանները կարծում են, որ ծնողը ցանկանում է երեխայի մեջ տեսնել այն, ինչ չի կարողացել իրագործել, իսկ մասնագետն օգնում է ծնողներին տեսնել հենց երեխային:-0-

