Հայաստանի վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը տեղափոխելու մասին ՀՀԿ–ի որոշումը պայմանավորված է կոալիցիոն կառավարության մասին բանակցություններն ընդլայնելու ցանկությամբ. քաղաքագետ

11.04.2014, 19:31
Հայաստանի վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը տեղափոխելու մասին ՀՀԿ–ի որոշումը պայմանավորված է ապագա կոալիցիոն կառավարության մասին բանակցությունների ընդլայնման հույսով, ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Հայաստանի վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը տեղափոխելու մասին ՀՀԿ–ի որոշումը պայմանավորված է կոալիցիոն կառավարության մասին բանակցություններն ընդլայնելու ցանկությամբ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը տեղափոխելու մասին ՀՀԿ–ի որոշումը պայմանավորված է ապագա կոալիցիոն կառավարության մասին բանակցությունների ընդլայնման հույսով, ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

ՀՀԿ–ն հինգշաբթի չի կողմնորոշվել ՀՀ վարչապետի թեկնածուի հարցում։ Ինչպես կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահը նիստի ընթացքում ներկայացրել է քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցությունների ընթացքը։ Ըստ Շարմազանովի` երկուշաբթի տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստը, որտեղ և կորոշվի Հայաստանի 13–րդ վարչապետի թեկնածությունը։ 

«Քննարկումները շարունակելու մասին ՀՀԿ–ի որոշումը բացատրվում է երկու գործոններով։ Հնարավոր է, որ այստեղ ավելի կարևոր է ոչ թե այն գործոնը, թե ով է լինելու վարչապետը, այլ այն, որ ՀՀԿ–ն, թերևս, հույս ունի ընդլայնել ապագա կոալիցիոն կառավարության շուրջ բանակցությունները։ Հետևաբար, այդ գործոններն ազդեցին այն բանի վրա, որ վերջնական որոշում նախօրեին չի ընդունվել», – ասել է Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որը ընդունեց նախագահը։ Ըստ Սահմանադրության` հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–