Մարկեդոնով. «Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի նկատմամբ չի որոշվելու Ղրիմի տրամաբանությամբ»

24.03.2014, 16:21
Ուկրաինայի իրավիճակը և դրա զարգացման հնարավոր սցենարները։ Ղրիմը կարո՞ղ է Հարավային Կովկասի ինչ–որ գործընթացների կատալիզատոր դառնալ։ Ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը Ղարաբաղի նկատմամբ Ղրիմի հանրաքվեից հետո։ Այս և այլ հարցերի շուրջ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրուցել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ, «Արտաքին քաղաքականություն» գործակալության վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։
Մարկեդոնով. «Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի նկատմամբ չի որոշվելու Ղրիմի տրամաբանությամբ»

Նովոստի–Արմենիա – Ինչպե՞ս եք բնութագրում Ղրիմի ներկայիս իրավիճակը։ Որքա՞ն կարող է խորանալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը, և արդյո՞ք, այս հարցի շուրջ առկա պայմանավորվածությունների վերաբերյալ որևէ նախադրյալ տեսնում եք։

Ս.Մարկեդոնով – Առայժմ այդպիսի պայմանավորվածություններ չեմ տեսնում, և, անկեղծ ասած, առայժմ առարկայական այս խնդիրը քննարկելու ցանկություն նույնպես։ Առայժմ տեսնում ենք պիտակների որոշակի պատերազմ` Ռուսաստանի տեսանկյունից միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա ժողովրդի ինքնորոշման խնդիր է, մյուս կողմից, տեսնում ենք հայտարարություն այն մասին, որ իրականացվում է անեքսիա, վերախորհրդայնացում, որ հանրաքվեն լեգիտիմ որևէ ուժ չունի։ Բայց ինչպես էլ վերաբերվենք այս երևույթին, Ղրիմը, հավանաբար, այն վիճակում, որում եղել է մինչև մարտի 16–ը, արդեն չի լինի։ Կարևոր չէ, սարսափելի ենք համարում այդ որոշումը, թե` հիանալի։

Հավանաբար, դիվանագետներն ինչ–որ քննարկումների մեջ են, բայց դրանք առայժմ հրապարակային քաղաքականության ինչ–որ բանաձևեր առայժմ չեն դառնում։ Որքան հեռու սա կգնա` կախված է շատ բաներից և բազմաթիվ մարդկանցից, նրանից, թե պատրաստ է, արդյո՞ք, Արևմուտքն իրական պատժամիջոցների, այլ ոչ թե Ղրիմի անջատմանը մասնակցություն ունեցած որոշակի թվով պաշտոնյաների ընդգրկմանը ցուցակներում։ Որովհետև հարց է ծագում` իսկ պատրա՞ստ եք դուք քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ առանց թիվ մեկ պաշտոնյայի` Պուտինի, քննարկել Եվրոպայի էներգետիկ զարգացումը, չշփվելով «Գազպրոմի» ղեկավար Միլլերի հետ, ռուսական կառավարության ղեկավար Մեդվեդևի հետ։ Հարցերս հռետորական են։ Այսինքն, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան խորը կլինեն այդ պատժամիջոցները, որքան խորը դրանք կտարածվեն։

Շատ բան կախված է Ուկրաինայի վիճակից ընդհանուր առմամբ։ Կզարգանա այն, արդյո՞ք, էսկալացիայի ուղիով, ինչպես կընթանան Ուկրաինայի նախագահական ընտրությունները, իսկ դրանք արդեն փաստացի ծավալվում են մեր աչքի առաջ։ Եվ ցանկացած հեղափոխության կարևորագույն հարցը, ինչպես ասում էր Վլադիմիր Իլյիչ Լենինը` իշխանության հարցի լուծումն է։ Երբ, ի վերջո, Կիևում ինչ–որ իշխանություն ստեղծվի, արդեն կարևոր չէ` ազգայնական կամ ինտերնացիոնալիստական, բայց որն իրական պատասխանատվություն կարող է կրել ստորագրվող պայմանագրերի, քաղաքական ինչ–որ քայլերի համար և այլն։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, զարգացումը կախված կլինի այդ հիմնական գործոններից։

Նովոստի–Արմենիա –Ռուսաստանը կսահմանափակվի՞ միայն Ղրիմով, թե՞ կփորձի որևէ գործողություն ծավալել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում։

Ս.Մարկեդոնով – Կրկին ամեն ինչ կախված կլինի հենց Ուկրաինայի իրավիճակից։ Օրինակ` եթե կլինի լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի սպառնալիք կամ էթնոքաղաքական հակամարտություն, ապա կարող է աշխուժացում դիտվել։ Եթե այդպես չլինի, և ճգնաժամը սկսի նահանջել, չեմ կարծում, թե Ռուսաստանը գնա առանց այն էլ գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների և հակասությունների բազմապատկման ուղիով։

Հասկանու՞մ եք` որն է խնդիրը` Ղրիմի և Ուկրաինայի հարավ–արևելքի իրավիճակը, այնուամենայնիվ, տարբերվում են։ Ղրիմում միշտ գոյություն են ունեցել անջատողական տրամադրություններ։ Երկար ժամանակ դրանք քնած վիճակում էին։ Բայց եղել է ռուսական համայնք, եղել են Ռուսաստանի հետ կապված ինչ–որ առաջնորդներ։ Ինչ վերաբերում է հարավ–արևելքին, ապա այդ շրջանները, այնուամենայնիվ, զգալիորեն ինտեգրված են համաուկրաինական գործընթացում։ Տեսեք, Կուչման, Տուրչինովը, Տիմոշենկոն Դնեպրոպետրովսկից են, Յանուկովիչը, Ախմետովը` Դոնեցկից։

Նովոստի–Արմենիա – Այսօր Հայաստանում ակտիվորեն քննարկում են Ղրիմի իրավիճակի արտացոլումը ղարաբաղյան հակամարտության վրա։ Ընդունելի է դա արդյո՞ք։ Ինչպես իրեն կդրսևորի Ռուսաստանը Ղարաբաղի, Մերձդնեստրի հարցում։

Ս.Մարկեդոնով – Նրա վարքագիծը, նախևառաջ, կորոշվի հենց հակամարտությունների և հակամարտության կողմերի հետ երկկողմ հարաբերությունների դինամիկայով։ Եթե ռուս–ադրբեջանական հարաբերությունները զրոյից էլ չնվազեն, ապա դժվար թե Մոսկվան վերադառնա Ղարաբաղի հարցին։ Ռուսաստանին Կովկասում կարևոր է հավասարակշիռ հարաբերություններ ունենալ և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Բայց ցանկացած դեպքում, դա Ղրիմի տրամաբանությամբ չի որոշի։ Դա նույնպես կարևոր է հասկանալ։ Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի տրամաբանություն չէր, որ սահմանեց Ղրիմի կարգավիճակը, այլ Ուկրաինայի և Ղրիմի տրամաբանությունը։ Նույնը և Ղարաբաղի հարցում` հենց հայ–ադրբեջանական հակամարտության տրամաբանությունը, Հայաստանի և Ադրբեջանի վարքն են թելադրելու դա, և ոչ թե Ղրիմի տրամաբանությունը։

Նովոստի–Արմենիա – Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը մշտապես կսկսի տարածաշրջանի երկրներին վերաբերվել «յուրային–օտար» սկզբունքով, և հենց դա կթելադրի նրա քաղաքականությունը։ Համաձա՞յն եք դրան։

Ս.Մարկեդոնով – Այդպիսի տեսակետ կար նաև Ղրիմից առաջ։ Արդյո՞ք, Ռուսաստանը նույն հարաբերություններն ունի Վրաստանի և, ենթադրենք, Հայաստանի կամ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի, Տաջիկստանի և Ղրղըզստանի հետ։ Յուրաքանչյուր երկրի հետ յուրովի հարաբերություններ են, և այդպես էլ, անխոս, կշարունակվի։

Նովոստի–Արմենիա — Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ Ռուսաստանն առավելագույն զգուշություն է դրսևորում տարածաշրջանում, թեև Հայաստանը նրա ռազմաքաղաքական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանն իր քայլերով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում նրա համար խնդիրներ է ստեղծում։

Ս.Մարկեդոնով – Չէ՞ որ Հայաստանը չի կարող պատերազմ սկսել սահմանի ողջ երկայնքով կամ գլոբալ դիմակայության մեջ ներքաշվել։ Ղրիմի դեպքում այս արձագանքը նրանից էր, որ հստակ գիտակցվել էր Խարկովյան համաձայնագրերի վերանայման, Սևաստոպոլի` որպես բազայի կորստի վտանգը։ Ղարաբաղում նման կրիտիկական կետ չեմ տեսնում։

Նովոստի–Արմենիա – Դուք կասկածներ էիք հայտնել Մաքսային միությունում Հայաստանի արագ անդամակցության առիթով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Ս.Մարկեդոնով – Նրանով, որ մենք ձեզ հետ հիմա ապրում ենք նոր հետխորհրդային տարածքում։ Մարտի 16–17–ին ԱՊՀ–ն մահացավ, դա ակնհայտ է, որովհետև հետխորհրդային իրողության երկու ստեղծողներ` Ռուսաստանն ու Ուկրաինան, հակամարտության մեջ են։ Ամեն օր լուրերը փոխվում են։ Մեզ ասում են, թե պետք է մուտքի արտոնագրեր սահմանել, հետո` թե պետք չէ, հետո` մեկ ուրիշ բան։ Ակնհայտ է, որ հետխորհրդային ինտեգրումը նույնպես որոշակի ճգնաժամ կապրի։ Որոշակի ֆոբիաներ և մտավախություններ կունենա Ղազախստանը։ Չէ՞ որ Հայաստանի անդամակցությունն արդեն իսկ Ղազախստանում որոշակի հարցեր է առաջացրել` արդյո՞ք, դա Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո ճանաչում չէ։ Ահա այս առումով ես կարծում եմ, որ կարող են որոշակի ուշացումներ լինել ՄՄ–ի հետ։ Բոլոր մասնակիցները, այդ թվում` Ռուսաստանը, որոշելու են, թե ինտեգրացիոն նախագծերը որքանով են արտացոլում իրենց շահերը։

Նովոստի–Արմենիա — Վերադառնանք Ուկրաինային։ Արևմուտքը բանավոր նրան ֆինանսական աջակցություն է խոստանում։ Կկատարվե՞ն այդ խոստումները, և պատրաստ է Արևմուտքը, արդո՞ք, իր վրա այսպիսի լուծ վերցնել։

Ս.Մարկեդոնով – Ես տնտեսագետ չեմ, և ինձ դժվար է հիմնավորապես խոսել այդ մասին։ Բայց իմ կարծիքով` պատրաստ չէ։ Ինքը Եվրամիությունն էլ այդքան լավ վիճակում չէ։

Նովոստի–Արմենիա – Ինչպե՞ս կարող են ուկրաինական իրադարձություններն ազդել հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Ակնկալում եք, արդյո՞ք, իրավիճակի սրում` հաշվի առնելով ՆԱՏՕ–ում Վրաստանի ձգտումները և Ղրիմում ՌԴ–ի գործողությունների հետ կապված Ադրբեջանի մտավախությունները։

Ս.Մարկեդոնով – Չեմ կարծում, թե Ղրիմը կամ Ուկրաինան այստեղ որևէ դինամիկա որոշեն։ Այն պայմանավորված կլինի հենց կովկասյան պատճառներով։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ–ին, ապա իմ տեսանկյունից, ակնհայտ է, որ Վրաստանը կամ Ուկրաինան անդամակցության գործողությունների ծրագիր դժվար թե ստանան։ Հակառակ դեպքում, դա կարող է ճգնաժամ առաջացնել հենց ՆԱՏՕ–ում, որովհետև տարածքային ամբողջականության խնդիրներ ունեցող երկրների ընդունումը կնշանակի նատօական կանոնադրությունների խախտում։ Մի բան է խախտել միջազգային իրավունքը, մեկ այլ բան` սեփական սահմանումները։ -0