Մնջախաղի երևանյան թատրոնի գարնանային թատերաշրջանը կբացվի կատակերգական ժանրի ստեղծագործությամբ

30.01.2012, 16:25
Մնջախաղի երևանյան թատրոնի գարնանային թատերաշրջանը կբացվի կատակերգական ժանրի ստեղծագործությամբ
Մնջախաղի երևանյան թատրոնի գարնանային թատերաշրջանը կբացվի կատակերգական ժանրի ստեղծագործությամբ

Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Այս ամառ Հայաստանում ձեր թատրոնի նախաձեռնությամբ կանցկացվի Մնջախաղի երրորդ միջազգային փառատոնը: Ո՞ր երկրները կմասնակցեն փառատոնին:

Ժ.Դադասյան. Այս տարի մենք պատրաստում ենք մի շարք խոշոր միջոցառումներ, որոնցից ամենանշանակալին Մնջախաղի երրորդ միջազգային փառատոնն է Ծաղկաձորում՝ օգոստոսի կեսերին: Մենք արդեն մասնակցության հայտեր ենք ստացել Իսպանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից: Ակնկալվում է նաև Ռուսաստանի մասնակցությունը: Իրենց արվեստը փառատոնում կներկայացնեն ինչպես միմ դերասաններ, այնպես էլ թատերախմբեր: Ցավոք, այսօր Հայաստանում մնջախաղի փառատոնի անցկացման համար տրամադրվող միջոցներն այդքան էլ մեծ չեն, ինչպես միջազգային այլ փառատոնների դեպքում: Մեր փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, և կազմակերպումը մեծ ծախսեր է պահանջում, մասնավորապես, բաց երկնքի տակ բեմի վարձակալության և տեխնիկական միջոցների համար: Միաժամանակ, պետբյուջեից հատկացվում է ընդամենը 8 մլն դրամ (ավելի քան 20,5 հազար դոլար):

«Նովոստի-Արմենիա». Մնջախաղի թատրոնի նոր խաղաշրջանում պրեմիերաներ սպասվու՞մ են:

Ժ.Դադասյան. Այժմ թատրոնում նոր բեմադրության աշխատանքներ են գնում: Սա մի փոքր անսովոր ներկայացում է, քանի որ մեր խաղացանկի առաջին կատակերգությունն է, որովհետև մեր ներկայացումները հիմնականում դրամատիկ են: Հատկանշական է նաև այն, որ դրա բեմադրումն իրականացնում են երիտասարդ ռեժիսորներ և դերասաններ՝ Թատրոնի և կինոյի ինստիտուտի մնջախաղի ֆակուլտետի դերասաններ Արամ Խոջոյանը, Կարեն Խաչատրյանը և Արթուր Հայրապետյանը: Ներկայացումն առայժմ անվանում չունի, հնարավոր է, հետագայում այն կկոչվի «Երեք ընկեր», սակայն պետք չէ շփոթել այն Ռեմարկի համանուն ստեղծագործության հետ: Այս ստեղծագործությունը կնշանավորի թատրոնի նոր խաղաշրջանի բացումը, որը կկայանա մարտի 8-ին և նվեր կդառնա մեր կանանց համար:

«Նովոստի-Արմենիա». Դուք բազմիցս բարձրացրել եք թատրոնին սեփական շենքի տրամադրման հարցը, նկատվում է, արդյո՞ք, որևէ առաջխաղացում այս հարցում:

Ժ.Դադասյան. Երևանի մնջախաղի պետական թատրոնը հիմնվել է 1974 թվականին, և հայկական միակ թատրոնն է, որ իր հիմնադրման օրվանից երբեք չի ունեցել իր սեփական շենքը: Այս պատճառով էլ մենք ստիպված ենք եղել ելույթ ունենալ այլ թատրոններին բեմերում: Ի դեպ, Երևանում չկա մի  թատրոն, որտեղ մենք խաղացած չլինենք: Մեր վերջին ապաստանը Պատանի հանդիսատեսի թատրոնն էր: Սակայն թատրոնին արդեն շենք է հատկացվել Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Այստեղ թատրոնի բացման գաղափարը պատկանում է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Ես ինքս էլ եմ միշտ ցանկացել, որ մեր թատրոնը հենց այստեղ գտնվի: Մենք հիանալի ճարտարապետական լուծում գտանք, բայց ինչպիսին կլինի շենքի վերջնական տեսքը, առայժմ վաղ է ասել:

Հույս ունենք տեղափոխվել նոր շենք այս տարվա ընթացքում: Ես շատ ոգևորված եմ նաև այն պատճառով, որ մեզ մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Նովոստի-Արմենիա». Մնջախաղի թատրոնը շրջագայություններ կունենա՞ արտերկրում:

Ժ.Դադասյան. Մենք առաջարկ ենք ստացել մայիսին ելույթ ունենալ Լոս Անջելեսում՝ հայկական գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Մտադիր ենք առանձին ելույթներ ունենալ Լոս Անջելեսի մեծաթիվ հայկական համայնքի համար:

«Նովոստի-Արմենիա». Վերջին ժամանակներում թատերարվեստում նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, ինստալյացիաների օգտագործման, ինչպես նաև թատերական ներկայացումների ընթացքում արվեստի տարբեր տեսակների համադրման միտումներ են նկատվում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում և մտադի՞ր եք, արդյոք, կիրառել այդ հնարքները մնջախաղի թատրոնում:

Ժ.Դադասյան. Դրական եմ վերաբերվում նորագույն տեխնոլոգիաներին, քանի որ թատրոնը կենդանի արվեստ է: Վերջին տարիներին աշխարհը շատ է նեղացել, որովհետև հաղորդակցման նոր միջոցներն ավելի մեծ շփման, ավելի արագ արձագանքելու, ավելի շատ բան տեսնելու հնարավորություն են տալիս: Անշուշտ, դա նպաստում է «մարզավիճակի» պահպանմանը: Եթե պայմանները, թատերական կրթությունը կամ ներքին ձգտումները պատշաճ մակարդակի վրա են, դրանք նպաստում են նոր միտումների հայտնվելուն: Հաճախ մենք զարմանում ենք, երբ տեսնում ենք, թե որքանով է օտարերկրյա ժամանակակից թատրոնների մտածելակերպը համահունչ մեր հայացքներին: Սակայն պետք է ասեմ, որ մնջախաղի թատրոնն այդ շարքում հատուկ տեղ է գրավում: Նորագույն տեխնոլոգիաների առատությունը հատկապես բնորոշ է performance, physical, happening ժանրերում ստեղծագործող թատրոններին: Ես տեսել եմ բազմաթիվ նմանատիպ ներկայացումներ, որոնք ավելի հաճախ սոցիալական ուղղվածություն ունեն, օրինակ, վեր են հանում գենդերային թեմատիկան: Իսկ մնջախաղի թատրոնը զուտ ստեղծագործական նպատակներ ունի, իսկ նմանատիպ պերֆորմանսներն իրենց առջև հասարակական կամ սոցիալական նշանակության խնդիրներ են դնում: -0-