Որքանո՞վ են ակտիվ զարգանում հետխորհրդային տարածքում նոր սերնդի մեդիահարթակները, ինչպիսի՞ն կարող է լինել նոր և ավանդական ԶԼՄ-ների գործակցությունը: Այս ամենի մասին Աստանայում եվրոպական և ասիական լրատվամիջոցների վեցերորդ համաժողովի նախաշեմին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը զրուցեց ArmRADIO ռադիոկայանի ղեկավար, Հայաստանի PR-մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հետ:
- Ի՞նչ ապագա եք տեսնում ավանդական ԶԼՄ-ների համար Ինտերնետի և սոցիալական ցանցերի բուռն աճի կապակցությամբ:
- Ապագան, իմ կարծիքով, առավելագույն փոխինտեգրումն է:
- Բայց գոյություն ունե՞ն, արդյոք, ռիսկեր սոցիալական ցանցերի և անկախ ինտերնետ-նախագծերի անվերահսկելի աճի պարագայում: Ադապտացիոն ինչպիսի՞ մեխանիզմներ կարող են այստեղ կիրառվել կամ կիրառվում են:
- Հասարակության համար ռիսկերը բազմաթիվ են: Չէ՞ որ սոցիալական վարքը որոշվում է գիտակցությամբ, որը ձևավորվում է այս կամ այն տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ: Եթե վերջինն անկանխատեսելի է դառնում, ապա առաջինի կանխատեսելիության և կայունության մասին էլ խոսելը դժվար է:
Այսօր տեղեկատվական դաշտում գոյություն ունեն իրենց կոնկրետ նպատակներն ունեցող սուբյեկտներ, որոնք հաճախ ընդհանուր ոչինչ չունեն հասարակական և այլ շահերի հետ: Ավելին, հաճախ հակսաում են դրանց: Ադապտացիոն արդյունավետ մեխանիզմներ ձևավորելու համար հասարակությունը և պետությունը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ինստիտուտները և զգալիորեն շտկի դրանցից յուրաքանչյուրի գործունեությունը:
- Պե՞տք է, արդյոք, Ձեր կարծիքով, ԶԼՄ-ների պետական կամ որևէ այլ կարգավորում սահմանել:
- Սա հավերժական հարց է, և բազմաթիվ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ բացարձակ չկարգավորվող ԶԼՄ-ների ինստիտուտներ պարզապես գոյություն չունեն: Մի այլ բան է, թե ում կողմից, ինչ հանգամանքներում և ինչպես է տեղի ունենում այդ կարգավորումը: Ես չեմ հավատում ինքնակարգավորման հայեցակարգին: Գոնե մեր ներկա իրողություններում:
Կարծում եմ, որ գոյություն ունեն կոշտ կանոնակարգում պահանջող բազմաթիվ հարցեր: Այն ամենը, ինչ կապված է խոսքի ազատության և ազգային անվտանգության, մարդու իրավունքների, մասնավոր կյանքի, անձնական տվյալների միջև առկա հակասությունների հետ, պետք է հստակ սահմանում ստանա օրենքի և իրավական այլ ակտերի կողմից:
- Բայց որքանո՞վ է հնարավոր և իրական նույն Ինտերնետի կարգավորումը:
- Ըստ իս, Հայաստանը սոցիալական ցանցերի մի յուրօրինակ բում է վերապրում, դրանց օգտատերերի թիվն աճում է ամեն րոպե: Վերջին տարվա ընթացքում աղմուկ հանած բազմաթիվ փաստեր դարձել են հանրության և իրենց հետագա զարգացումն են գտել իրական կյանքում հենց Ինտերնետի և սոցցանցերի շնորհիվ, և դա թերագնահատելը անմիտ կլիներ:
Սոցիալական ցանցերը դառնում են ԶԼՄ-ների իրական այլընտրանք ոչ միայն որպեք հաղորդակցման ուղի, այլ նաև որպես մի միջավայր, որտեղ կարող են կազմակերպվել և/կամ ինքնակազմակերպվել և զարգանալ զանազան միավորումներ և շատ հաճախ օրակարգ թելադրել արդեն ավանդական լրատվամիջոցներին: Մի շարք երկրներում պարբերաբար փորձեր են արվում վերահսկել այդ միջավայրը կամ որևէ կերպ կանոնակարգել: Փորձն այստեղ բավարար է, և այս կամ այն մոտեցման արդյունավետությունն էլ, որպես կանոն, առայժմ վիճելի է: Կարծում եմ, որ սա լուրջ և ծավալուն թեմա է, որը կարելի է և պետք է քննարկել առանձին և ավելի լայն ձևաչափով:
- Ի՞նչ կարող եք ասել ազգային ԶԼՄ-ների անկախության մակարդակի մասին:
- Պետք է նախևառաջ տարբերակել երկու հասկացություններ՝ «ազատություն» և «անկախություն»: Տեսականորեն, մի շարք միջազգային փորձագետների գնահատականներով, «ազգային ԶԼՄ-ներն ազատ են, բայց ոչ անկախ»:
Ո՞րն է ազատության իրականացման խնդիրը, և կարող են, արդյո՞ք, անկախություն թույլ տալ իրենց հենց լրատվամիջոցները: Այստեղ գործ ունենք բազմաթիվ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնների հետ՝ տեղեկատվության և գովազդի շուկայի վիճակը, այդ շուկայի խաղացողների վճարունակությունը ճգնաժամի պայմաններում, ազգային մեդիոն պրոդուկտների որակը միմյանց միջև, ինչպես նաև արտաքին կոնտենտ-արտադրողների հետ ընթացող կոշտ մրցակցության պայմաններում, իրավական բազայի ոչ կատարյալ լինելը և այս կամ այն ռիսկային գոտում հայտնվելը, ԶԼՄ-ների մենեջմենթի արդյունավետությունը և, կարևորագույններից մեկը՝սեփական ազատությունը սահմանափակող պաևտավորություններ իր վրա չվերցնելու ցանկությունը և կամքը:
«Կուշտ» ապրելու համար պետք է շատ ցանել և հնձել: Պատրա՞ստ են դրան արդյոք ազգային ԶԼՄ-ները: Կարծում եմ՝ առայժմ ոչ բոլորը: -0-