Ադրբեջանական անօդաչու իինքնաթիռի ոչնչացումը վկայում է Ղարաբաղի ՀՕՊ-ի հուսալիության մասին. փորձագետ

15.09.2011, 19:11
Ադրբեջանական անօդաչու իինքնաթիռի ոչնչացումը վկայում է Ղարաբաղի ՀՕՊ-ի հուսալիության մասին. փորձագետ
Ադրբեջանական անօդաչու իինքնաթիռի ոչնչացումը վկայում է Ղարաբաղի ՀՕՊ-ի հուսալիության մասին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի ոչնչացումը վկայում է ԼՂՀ-ի Հակաօդային պաշտպանության համակարգի հուսալիության մասին, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Անօդաչուներ ինքնաթիռների դեմ պայքարը, հաշվի առնելով դրանց բավականին փոքր չափն ու ռադիոլոկացիոն թույլ նկատելիությունը, բավականին բարդ խնդիր է` ի տարբերություն օդային այլ թիրախների դեմ պայքարի: Այն, որ անօդաչուն ոչնչացվել է, Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի բարձր աստիճանի հուսալիության ցուցանիշ է»,- ասաց Մինասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով` այժմ ադրբեջանցիներն ավելի մեծ զգուշությամբ կմտածեն այն մասին, թե արժե՞, արդյոք, հետախուզական թռիչքների փորձեր կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Միևնույն ժամանակ փորձագետը կարծում է, որ շփման գծի երկայնքով կատարած թռիչքներն ադրբեջանական տարածքում կշարունակվեն, և պահպանվող հրադադարի պայմաններում ղարաբաղյան ուժերը չեն ոչնչացնի Արցախի տարածք մուտք չգործած անօդաչուներ ինքնաթիռները:

Խոսելով նախորդ տարիներին ադրբեջանցիների կողմից անօդաչու թռչող սարքերի ձեռք բերման մասին՝ Մինասյանն ասաց, որ «մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ դրանք իսրայելական արտադրության են եղել»:

Սեպտեմբերի 12-ին ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն  գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով,  տարվում է քննություն:—0—