Արաբական երկրների իրադարձությունները կշեղեն Բաքվի ուշադրությունը ղարաբաղյան հարցից. քաղաքագետ

02.09.2011, 13:36
Արաբական երկրների իրադարձությունները կշեղեն Բաքվի ուշադրությունը ղարաբաղյան հարցից. քաղաքագետ
Արաբական երկրների իրադարձությունները կշեղեն Բաքվի ուշադրությունը ղարաբաղյան հարցից. քաղաքագետ

Արաբական երկրների իշխող ռեժիմների տապալման հետ կապված իրադարձությունները կարող են շեղել Բաքվի ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից և կստիպեն կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Ալիևի կլանի հիմնական ուշադրությունը արտաքին քաղաքական հարցերից, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրից շեղվում է ներքին խնդիրների, իշխանությունը պահելու և իրադարձությունների զարգացման անցանկանալի սցենարը կանխելու փորձերի վրա, քանի որ Ալիևի կլանը ենթարկված է նույն վտանգին, ինչ արաբական երկրներում տապալված ռեժիմներինը», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Քաղաքագետի խոսքերով՝ այս ամենը բարդացնում է բանակցությունների կառուցողականությունը Ադրբեջանի կողմից և ազդում է ղարաբաղյան հարցի վրա, որը կարող է պակաս կարևոր դառնալ ադրբեջանական իշխանությունների համար, կամ այն կծառայի միայն որպես մանիպուլյացիայի առարկա:

«Ամեն դեպքում, չարժե Բաքվից կառուցողական մոտեցում ակնկալել», - նշեց նա:

Մեկնաբանելով հարավկովկասյան տարածաշրջանի համար արաբական բանակցությունների հնարավոր հետևանքները՝ Բեքարյանն ընդգծեց, որ Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններում առանցքային խաղացողների ներգրավվածությունը չի շեղի նրանց ուշադրությունը տարածաշրջանից:

«Այսօրվա դրությամբ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որը չի կարող հանվել ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի օրակարգից, քանի որ այն կարևոր է մասնավորապես տարանցման և հաղորդակցության տեսակետից: Այսինքն չարժե ակնկալել, որ Լիբիայի, Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի պատճառով Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը կարող է անհետանալ», - հայտարարեց նա:

Քաղաքագետը հավելեց, որ ընդհակառակը, հաշվի առնելով այդ երկրների հետ աշխարհագրորեն մոտ լինելը՝ Հարավային Կովկասը շատ գերտերությունների համար ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում, այդ պատճառով տարածաշրջանում ազդեցության ուժեղացումը թույլ է տալիս նրանց դիտարկել իրադարձությունները շատ մոտիկից:

Նրա խոսքերով՝ Հայաստանի վրա կազդի այն, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում ներգրավված են նաև նրա անմիջական հարևանները՝ Թուրքիան և Իրանը:

«Իրադարձությունների հնարավոր զարգացումը, մասնավորապես՝ քրդական շարժման ակտիվացումը չի կարող այս կամ այն կերպով չազդել մեզ վրա: Իրանը ևս կարող է ներգրավված լինել Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում: Խոսքը աշխարհագրորեն մեզ մոտ գտնվող տարածաշրջանների մասին է, և անհնար է, որ այդ գործընթացները չազդեն մեզ վրա: Այլ հարց է, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենան: Դա արդեն կախված է այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - եզրափակեց քաղաքագետը:

Փետրվարի կեսին Լիբիայում զանգվածային ցույցեր սկսվեցին՝ Քադաֆիի հրաժարականի պահանջով, որոնք վերաճեցին զինված դիմադրության կառավարական ուժերի և խռովարարների միջև: Այս դիմադրության զոհերի թիվը հասնում է հազարների:

Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում փետրվարի 27-ին ապստամբներն Անցումային ազգային խորհուրդ (ԱԱԽ) ձևավորեցին, որը հայտարարեց երկրում իշխանության միակ լեգիտիմ մարմինը: Շուրջ 45 երկիր, այդ թվում նաև ԱՄՆ-ն Քադաֆիի ռեժիմը ոչ լեգիտիմ է ճանաչել և փաստորեն հայտարարել է, որ ճանաչում է Ժամանավոր անցումային խորհուրդը՝ որպես Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին անթռիչք գոտի է մտցրել Լիբիայում։ Անթռիչք գոտու ապահովման, զենքի մատակարարման արգելքի և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար արևմտյան երկրների կոալիցիան մարտի 19-ին հերթական ռազմական օպերացիան է սկսել Լիբիայում, որի ղեկավարությունը մի քանի օր անց ամբողջությամբ անցել է ՆԱՏՕ-ին։ Օպերացիայի մանդատը լրանում էր հունիսի 27-ին, բայց ՆԱՏՕ-ն երկարացրել է օպերացիան 90 օրով՝ մինչև սեպտեմբերի վերջ։

Օգոստոսի 22-ին ապստամբ ջոկատները զբաղեցրել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը: Հաջորդ օրը ապստամբների ուժերն իրենց վերահսկողության տակ են առել կառավարական զորքերի վերջին կետը՝ Բաբ ալ Ազիզիա թաղամասը, որտեղ գտնվում է Մուամար Քադաֆիի նստավայրը:

Այս ամենից հետո Ժամանակավոր անցումային խորհուրդը (ԺԱԽ) հայտարարեց նախկին ռեժիմի նկատմամբ իր վերջնական հաղթանակի մասին:

Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Լիբիայի ԺԱԽ-ին՝ որպես գործող իշխանություն: Լիբիայի առաջնորդի ճակատագրի մասին տեղեկատվություն դեռ չկա:-0-