Հայաստանը դեռևս անվտանգության երաշխիքներ չի ստացել Բաքվում Եվրատեսիլին մասնակցելու համար

18.08.2011, 18:06
Հայաստանը դեռևս անվտանգության երաշխիքներ չի ստացել Բաքվում Եվրատեսիլին մասնակցելու համար
Հայաստանը դեռևս անվտանգության երաշխիքներ չի ստացել Բաքվում Եվրատեսիլին մասնակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դեռևս անվտանգության որևէ երաշխիք չի ստացել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի իր մասնակիցների համար, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Դեռևս ոչինչ հայտնի չէ: Անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ երկարատև և լուրջ բանակցություններ են ընթանում Հեռարձակողների եվրոպական միության և մրցույթի անցկացման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների հետ», - ասաց նա:

Գասպարյանն ընդգծեց, որ հայ մասնակիցների անվտանգությունը պետք է ապահովեն ոչ միայն Եվրատեսիլի կազմակերպիչները, այլև հյուրընկալող երկրի ներկայացուցիչները: «Եվ դրանք պետք է լինեն լուրջ երաշխիքներ», - ասաց նա:

Մեկնաբանելով Facebook սոցիալական ցանցում ադրբեջանցիների նախաձեռնությամբ ստեղծված «Eurovision 2012 Land of Fire» խմբի ստեղծումը, որի անդամները դեմ են մրցույթին Հայաստանի մասնակցությանը՝ հայկական պատվիրակության ղեկավարը կոչ արեց լուրջ չվերաբերվել նմանատիպ խմբերին:

«Յուրաքանչյուր մարդ կարող է սոցիալական ցանցում խումբ ստեղծել: Չեմ կարծում, որ դա լուրջ բան է», - նշեց նա:

Ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ապահովել հայ մասնակիցների անվտանգությունը «Եվրատեսիլ 2012»-ում:-0-