Հայաստանը պատերազմ չի ցանկանում, բայց և չի վախենում դրանից. ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատերազմ չի ցանկանում, բայց միաժամանակ չի վախենում դրանից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի եռակողմ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու 17-ամյակի առիթով։
«Բնականաբար, հրադադարի ռեժիմը դեռևս խաղաղության վերջնական պայմանագիր չէ, բայց մենք պետք է հիշենք, որ հրադադարի ռեժիմը սահմանվել է Ադրբեջանի աղերսանքների ներքո»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ չնայած ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումներին, այնուամենայնիվ, ցանկացած հաշտություն ավելի լավ է, քան պատերազմը։
«Մենք նաև պետք է նշենք, որ այս 17 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավական հզոր երկիր է դարձել իր պետականությամբ, բանակով, քաղաքացիական հասարակությամբ։ ԼՂՀ-ն այսօր անհամեմատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը»,- ավելացրեց նա։
Շարմազանովի կարծիքով՝ այն փաստը, որ միջազգային բանակցային գործընթացներում ճանաչում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, խոսում է այն մասին, որ աշխարհը փաստացիորեն ճանաչում է ԼՂՀ գոյությունը:
«Սակայն միաժամանակ մենք պետք է չմոռանանք, որ հրադադարն այս փուլի ձեռքբերումն էր, սակայն վերջնական խաղաղությունը դեռ ձեռք չի բերվել, և մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- եզրափակեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

