Հայաստանում կոալիցիոն հայտարարության ստորագրումը դրական քայլ է քաղաքական համակարգի կայացման տեսակետից. փորձագետ
Հայաստանի խորհրդարանական երեք կուսակցությունների կողմից կոալիցիոն հայտարարության ստորագրումը դրական քայլ է քաղաքական համակարգի կայացման տեսակետից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները 2013թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններին կաջակցեն միասնական թեկնածուի՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի:
«Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ քաղաքական դաշտի լիարժեք կայացման համար շատ կարևոր է հետևողականություն պահպանել տեղի ունեցող գործընթացներում», - ասաց Բեքարյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս ասեկոսեների և մամուլում տեղ գտած հրապարակումների մակարդակով նշվում էր, թե կոալիցիայի ներսում խնդիրներ կան, նույնիսկ խոսվում էր, թե բացառված չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս կգա կոալիցիայից:
«Այսօր մենք դառնում ենք այն բանի վկաները, որ Հայաստանում քաղաքական դաշտը վերջապես կայացման միտումներ է ցուցաբերում: Այսինքն՝ գոյություն ունեն շահեր, որոնք գերիշխում են ներկուսակցական կամ միջկուսակցական խնդիրների նկատմամբ, և դրանք առաջին հերթին պետական շահերն են», - նշեց փորձագետը:
«Հետևաբար, ստորագրված փաստաթուղթն ամրապնդում է այդ խնդիրները, վերջակետ է դնում մի իրավիճակում, որի դեպքում կշեռքի մի նժարի վրա գտնվում են ներքին տարաձայնությունները, մյուս նժարի վրա՝ պետական շահերը, այս փաստաթուղթը վկայում է քաղաքական հասունության տարրի մասին», - ասաց Բեքարյանը:
Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ն ցույց տվեց, որ հետամուտ է քաղաքական գործընթացին, պետական շահերին և գործընկերական որոշակի պարտավորություններին:
«Սա կարելի է միայն դրական փաստ համարել: Սա կարևոր է ոչ միայն կոալիցիոն գործընկերների համար, այլև ընդհանրապես՝ քաղաքական դաշտի տեսանկյունից», - նշեց փորձագետը:
Բեքարյանը հիշեցրեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ բազմիցս դեպքեր են գրանցվել, երբ կուսակցությունները կամ առանձին անձինք, լինելով միևնույն թիմում, վերջին պահին փորձել են թիմի փոփոխության միջոցով որևէ դիվիդենտ կամ ձայն ստանալ «արձագանքի արագության հաշվին»:
Ինչպես կարծում է փորձագետը, նման աշխատաոճը դադարում է ակտուալ լինել, ինչը նպաստում է քաղաքական համակարգի կայացմանը:
Կոալիցիոն կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է, որ միասնական թեկնածուով հանդես գալը երաշխիքներ կստեղծի փոփոխությունների հետագա շարունակականության ապահովման և հաջորդող հինգ տարիների ընթացքում Հայաստանի կայուն առաջընթացի համար: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:
Հայաստանի իշխող կոալիցիան ձևավորվել է նախագահական ընտրություններից հետո 2008 թ.-ի մարտին, որոնց արդյունքում հաղթանակ տարավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Կոալիցիայի կազմում ներառված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:-0-

