Լեռնային Ղարաբաղից անկախությունը խլելն անհնար է, այն պետք է ճանաչել. Զատուլին
– Ես առաջին անգամ չեմ Ղարաբաղում, ոչ էլ առաջին անգամ եմ որպես դիտորդ մասնակցում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին: Ներկա ընտրությունները, ինձ թվում է, էապես ավելի հանգիստ են անցնում, քան մի քանիսը, որ ես նախկինում տեսել եմ: Ղարաբաղում այս առումով իրավիճակն, իմ կարծիքով, բավականին կայուն է: Ուրախալի է նշել, որ մարդիկ շարունակում են ընտրություններին վերաբերվել որպես իրենց և հանրապետության կյանքի կարևոր իրադարձության, այդ օրը տոն են համարում: Մենք բոլորս կենտրոնական հրապարակում էինք և տեսանք, թե ինչպես էր այն աստիճանաբար ժողովրդով լցվում: Ժողովուրդը կատարվածը որպես տոն է ընկալում: Ինձ թվում է, որ ընտրություններին նման բարձր մասնակցությունը հենց այն բանի հետ է կապված, որ մարդիկ կարծում են՝ իրենք պետք է դրան մասնակցեն, դա իրենց պարտքն է, և դա հաստատումն է, պարզապես այլ ձևաչափով, անկախության այն պայքարի, որը 90-ական թվականներին ստիպված տարվում էր ռազմական գործողությունների ձևաչափով:
Իսկ ահա այսօր խաղաղ ժամանակներում նրանք իրենց ընտրությունը հաստատում են նրանով, որ իրականում քվեարկում և ընտրում են իրենց ներկայացուցիչներին:
«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Կ. Զատուլին – Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդհանուր իրավիճակին, ապա, ինձ թվում է, որ այժմ այն զգալիորեն ավելի որոշակի է, քան որոշ ժամանակ առաջ, երբ հայ-թուրքական երկխոսության սկիզբը զանազան տեսակի վարկածների առիթ տվեց այն մասին, թե չի՞ նախապատրասվում, արդյոք, Լեռնային Ղարաբաղի հանձնումը: Այժմ նման անհանգստություն, ինձ թվում է, այստեղ մարդկանց մոտ չկա, թեև այն ժամանակ էլ դա փաստերի ակնհայտ քաշքշուկ էր, չափազանցություն: Այն ամենից առաջ տարածվում էր ընդդիմության կողմից Հայաստանում քաղաքական պայքարի շրջանակներում, որը միշտ ուղեկցում է ցանկացած քաղաքական գործընթացի: Բայց այժմ նույնիսկ դրա համար առիթ չկա:
Ցավոք, ես այժմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր բարեկամներին չեմ կարող ուրախացնել, թե ԼՂՀ շուրջ բանակցային գործընթացից ինչ-ինչ հիմքեր եմ տեսնում էյֆորիայի համար: Ավելի շուտ դա հերթական դեպքերից է, երբ հայ-թուրքական բանակցություններից հետո Ադրբեջանը վախեցավ, որ մենակ կմնա: Դուք գիտեք, որ այն կտրուկ քննադատել է Թուրքիային՝ Հայաստանի հետ մերձեցման համար: Թուրքիան ստիպված էր դրան արձագանքել, և դրա հետ կապված՝ Ղարաբաղի հարցը կրկին բարձրացվեց միջազգային հանրությունում: Դա ուղեկցվում էր, ըստ էության, հերթապահ հայտարարություններով, որ եթե խնդիրը չլուծվի, ապա Ադրբեջանը այլ մեթոդների կդիմի՝ ակնհատյ ակնարկելով ռազմական մեթոդները, ռազմական ռևանշի փորձը:
Ես վաղուց եմ ասել և վստահ եմ, որ Բաքուն, անշուշտ, չի գնա ռազմական գործողությունների լայնածավալ վերսկսման, քանի որ դա կտրականապես հակասում է հենց Ադրբեջանի շահերին, նրա տնտեսական աճին, ներդրումների պահպանմանը: Այնպես որ դա անհեթեթություն է, չնայած՝ իհարկե, ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, որ բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ բանակցությւոններում ընդմիջումը ոչ մի լավ բանի չի բերի, այն ուղղակի իրավիճակը սրելու ինչ-որ առիթ է տալիս:
Ես վստահ եմ, որ այժմ Ղարաբաղի ընտրությունների հետ կապված՝ նորից հերթապահ հայտարարություններ կլինեն, դրանք արդեն եղել են և միջազգային դիտորդների մասնակցության, և, հնարավոր է, իմ, և այս հարցազրույցի կապակցությամբ, որ տալիս եմ ձեզ, բայց պետք է սովորել դրան հանգիստ վերաբերվել:
Ես կարծում եմ, որ իրականում այդ համաձայնությունը տեսականորեն հնարավոր է, և այն ակնհայտ է: Եվ այն, որ Ադրբեջանում քաղաքական կամքը չի բավարարում, և դրան համաձայնելու հնարավորություն չկա... ուրեմն պետք է որոշ համբերություն ցուցաբերել և սպասել, թե երբ այդ կամքը կհայտնվի:
Խոսքը այսօր ինքնապաշտպանության ուժերի կողմից վերահսկվող տարածության մի հատվածի փոխանակման մասին է՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց: Դա, ընդհանուր առմամբ, մակերեսին է, հենց այդ կերպ այդ գործարքն, ըստ էության, կարող է կնքվել: Բայց դուք գիտեք, որ Ադրբեջանն իր համար հրապարակայնորեն բացառում է նման համաձայնության հնարավորությունը: Նշանակում է, որ դեռ ինչ-որ ժամանակ էլ պետք է անցնի: Ամեն դեպքում, չնայած այս բոլոր խճճված միջազգային հանգամանքներին, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ողջ և առողջ է, վստահ է վաղվա օրվան: Նա, ինչպես տեսնում ենք, ընտրությունները դիտարկում է իր որոշումը ցուցադրելու առիթ: Այդ առումով ամեն ինչ լավ է ընթանում:
«Նովոստի-Արմենիա» - Փոխզիջման հասնելու նպատակով կողմերի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը Դուք դիտարկու՞մ եք:
Կ. Զատուլին – Ես միայն մեկ ճնշում եմ հնարավոր համարում, որը կարող է արվել հակամարտության բոլոր կողմերի վրա: Այդ ճնշումը Մինսկի խմբի բոլոր մասնակացիների միջև համաձայնության դեպքում կլինի, և բոլոր այդ մասնակիցները պետք է տվյալ որոշման ճշմարտացիությունը ապացուցեն Թուրքիային, Իրանին, բայց նախևառաջ, իհարկե, Թուրքիային, որը շատ զգայուն է վերաբերվում այդ խնդրին: Այն կարծիքը, որը ես հնչեցերցի, թե ոչ մի տեղ չես կորչի, պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը խլել չի հաջողվի, պետք է այն ճանաչել, բայց որպես զիջում կամ պարգև ճանաչման համար կարող է լինել այն մի քանի տարածքների վերադարձը, որոնք, ինչպես ես ասացի, իրենք՝ ղարաբաղցիներն իրենց տարածքը չեն համարում, այլ համարում են ժամանակավորապես զբաղեցրած տարածք:
Եթե դա միջազգային հանրության կողմից որպես իմպերատիվ հնչի, ապա այդ ժամանակ, ինձ թվում է, կփրկվի այն քաղաքական գործիչների դեմքը, նշանակություն չունի՝ Հայաստանում, թե Ադրբեջանում, ովքեր ներքուստ պատրաստ են այդ փոխզիջմանը, բայց վախենում են, որ եթե իրենք դրան համաձայնեն, ապա ընտրողները կդժգոհեն իրենցից: Այդ դեպքում նրանք առիթ կունենան ասելու. «մենք այլ կերպ էինք ցանկանում, բայց ոչինչ չէինք կարող անել, մեզ ասել են: Տեսնում եք, մենք չենք կարող դեմ գնալ ամբողջ աշխարհին և պետք է պայմանավորվենք»: Եթե նման բան, նախևառաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վստահության հիման վրա հնարավոր լիներ, ապա այդ ժամանակ, կարծում եմ, այդ խնդիրը կհանվեր: -0-

