Նիկոլայ Զլոբին. Հայ-թուրքական գործընթացը գլոբալ աշխարհի ամենադրական գործընթացներից մեկն է
Նայած, թե ինչ նպատակ է հետապնդում։ Այդ որոշումը ինքնին ոչ դեպի այս, ոչ դեպի այն կողմ տարածաշրջանի իրավիճակը չի փոխի։ Բայց պատմական ինչ-որ արդարություն կարող է ձեռք բերվել, անարդարությունը՝ ֆորմալ առումով՝ քաղաքականապես հաղթահարված է։
Միաժամանակ իրական քաղաքականության տեսանկյունից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է դրվում։ Պարզապես մինչև վերջ ճնշել և բաց տեքստով ասել՝ այո, ցեղասպանություն եղել է, նման իրավիճակ եղել է, թուրքերը մեղավո՞ր են։ Բայց քաղաքական իրավիճակի վրա դա մեծ ազդեցություն չի ունենա, թեև մենք հասկանում ենք նման քայլի սիմվոլիկ նշանակությունը։
Դժվար է բացատրել ամերիկացի կոնգրեսականներին և սենատրոներին (իսկ որոշումը պետք է ընդունվի Կոնգրեսի կողմից), որ իրենք պետք է գնան մի քայլի, որն ընդհանուր առմամբ ակնհայտ դրական դիվիդենտներ չի բերի ԱՄՆ-ին, բայց միևնույն ժամանակ կարող է լուրջ քաղաքական վնասների հանգեցնել՝ փչացնելով հարաբերությունները կամ գոնե քաղաքական հռետորության ոճը Թուրքիայի հետ, մի երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ է, կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար, մեծ հնարավորություններ ունի վերահսկելու իրավիճակը Սև ծովում և չափազանց կարևոր ռազմավարական նեղուցներում։
Այդ իսկ պատճառով մեկը մյուսի հետևից ԱՄՆ նախագահներն ասում են այն մասին, որ պետք է նման մի որոշում ընդունել, դիմում են Կոնգրեսին, և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջարկում է այդպիսի որոշում, բայց ինչ-որ փուլում ողջ գործընթացը ձախողվում է։ Գումարած՝ Միացյալ Նահանգներում նմանատիպ ճանաչման դեմ բավականին կոշտ իրավաբանական փաստարկ կա՝ հենց բուն «ցեղասպանություն» արտահայտությունը, ասում են որոշ ամերիկացի իրավաբաններ, հետադարձ քայլ չունի, «ցեղասպանություն» բառն առաջացել է ավելի ուշ, քան Հայաստանում ողբերգական իրադարձությունները։ Այդ պատճառով չի կարելի դրանք նոր բառով կոչել, որի իրավաբանական բովանդակությունն ավելի ուշ է իր հայտ եկել։ Ամերիկացի շատ կոնգրեսականներ շփոթված են այդ հանգամանքից։
Ճանաչման կողմնակիցներն, անշուշտ, առաջին հերթին, ԱՄՆ-ի հայկական լոբբին է՝ շատ ազդեցիկ և հեղինակավոր մարդիկ։ Ավելին, Վաշինգտոնում բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ ասում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի կարևոր հարց է հայկական սփյուռքի, քան թե Հայաստանի համար, որովհետև Հայաստանն արդեն ապրում է 21-րդ դարում։ Այո, կարևոր է վերականգնել պատմական արդարությունը, կարևոր է լուծել այդ հարցը, բայց ժամանակակից Երևանի, Հայաստանում ապրողների և ղեկավարության համար առավել կարևոր է լուծել երկրի առջև ծառացած իրական խնդիրները։
Չի կարելի ամեն ինչ հանգեցնել պատմական նոստալգիային, չի կարելի ժամանակակից Հայաստանը դարձնել այն իրավիճակի պատանդը, որը եղել է հարյուր տարի առաջ։ Շատերը Վաշնիգտոնում կարծում են, որ թեև հարցը կարևոր է, բայց ողբերգության ողջ ըմբռնման և արդարության վերականգնման կարևորության հետ հադերձ՝ չի կարելի քաղաքականությունը դարձնել պատմություն, իսկ պատմությունը՝ քաղաքականություն։ Այդ խնդիրները պետք է տարանջատել և լուծել առանձին։ -0-

