Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն միջազգային մեծ ճնշման տակ

21.04.2010, 14:36
Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն միջազգային մեծ ճնշման տակ
Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն միջազգային մեծ ճնշման տակ

Իմ կարծիքով՝ արձագանքն ավանդական կլինի: Չնայած ես այնքան էլ չեմ հավատում, որ այդ երկրներում ցեղասպանության ճանաչման բանաձևը կընդունվի, սակայն նման հարցի քննարկման փաստն ինքնին առաջացնում է Թուրքիայի դժգոհությունը: Այս իրավիճակում Թուրքիան իրեն հավատարիմ կմնա, կձեռնարկի նույն քայլերը, այսինքն՝ կսկսի ետ կանչել դեսպաններին, հայտարարել այն մասին, որ դա բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: Իրականում Թուրքիան այդ բանաձևերի ընդունման գործընթացները կանխելու այլ մեխանիզմներ պարզապես չունի:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկու տարբեր գործընթացներն են, այսինքն դրանք շաղկապված չեն: Այս կապակցությամբ ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են փակուղում, և ավելի մեծ վնաս այդ բանաձևերն արդեն չեն կարող հասցնել:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են այսօր արդյունավետ աշխատում հայկական դիվանագիտությունն ու Սփյուռքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, և ինչպիսի՞ ռեսուրսներ է անհրաժեշտ ներդնել հենց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման համար:

Ս. Մանուկյան – Թուրք մտավորականության բավականին փոքր շերտը ժամանակին կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նույնիսկ ներողություն էր խնդրում: Թուրքիայում շուրջ 300 հազար ստորագրություն էր հավաքվել, իհարկե 60 միլիոնանոց բնակչության  դեպքում այս թիվը չնչին է: Իրականում ես կարծում եմ, որ թուրքական հասարակությունում կարող են որոշակի տեղաշարժեր լինել այս հարցում, սակայն չարժե հույս ունենալ, որ ցեղասպանության ճանաչումը լայն արձագանք կստանա: Թուրքիայում գործում է ցեղասպանության ժխտման պետական ծրագրված քաղաքականություն, և այն սերմանվում և մշակվում է ամենավաղ տարիքից: Թուրքական քարոզչամեքենան դժվար թե թույլ տա, որպեսզի հասարակությունն ընդունի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան կհամաձայնի ճանաչել կամ որևէ զիջումների գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միայն միջազգային մեծ ճնշման տակ: Դա կլինի ոչ թե ներքին մղում, այլ արտաքին ճնշում, որը կարող է ստիպել Թուրքիային որևէ կերպ ընդունել սեփական պատասխանատվությունը:

Նշեմ, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման նպատակով մենք օգտագործում ենք Հայաստանում և սփյուռքում գոյություն ունեցող բոլոր ռեսուրսները: Սակայն մեր հիմնական ռեսուրսն այն է, որ մենք ցանկանում ենք վերականգնել պատմական արդարությունը, և դա մեզ ուժ է տալիս:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայում անօրինական բնակվող 100 հազար հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը: Որքանո՞վ բացասաբար այն կարող է անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Ս. Մանուկյան – Իհարկե, այն բացասաբար կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, քանի որ այդ հայտարարությունը հերթական անգամ ցույց տվեց, որ Թուրքիան անկեղծ չէ Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու իր ցանկության մեջ և իրականում դա ավելի շատ արտաքին ճնշման արդյունք է, քան երկխոսություն հաստատելու Թուրքիայի ցանկությունը:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության բանաձևը Կոնգրեսում քննարկման չի ներկայացվի:

Ս. Մանուկյան – Ամենասկզբից պարզ էր, որ թուրքական կողմը կփորձի խանգարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, և դա պետք էր ակնկալել: Կարծում եմ, որ այս տարի ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ի իր խոսքում չի հնչեցնի «ցեղասպանություն» բառը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ամենայն հավանականությամբ, «ցեղասպանություն» բառը չի օգտագործվի, քանի որ այն իրավաբանական տերմին է, որը գործի կդնի իրավական մեխանիզմները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ամենայն հավանակնությամբ, Օբաման կրկին կհնչեցնի «Մեծ եղեռն» տերմինը, որը նա օգտագործել է նախորդ տարի և որը, ընդհանուր առմամբ, հասարակության կողմից ըմբռնումով ընդունվեց:

Կարծում եմ, որ հայ-թուրքական գործընթացը սովորական դիվանագիտական գործընթաց է, և այն այժմ աշխարհում թիվ մեկ թեման չէ: Ամենայն հավանականությամբ, այս հարցը ԱՄՆ Կոնգրեսում չի հայտնվի, թեև չարժե գուշակել, քանի որ իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ միջոցառումներ է ծրագրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ:

Ս. Մանուկյան- Նշեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ երեքշաբթի տեղի է ունեցել մշակութային ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս, որը ցեղասպանության տարատեսակներից և այն ուղեկցող թեմաներից մեկն է:

Ապրիլի 22-ին կբացվի «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն մեծ քանակությամբ օտարերկրյա թերթեր և ամսագրեր: Ապրիլի 23-ին կանցկացվի ավանդական մամուլի ասուլիս, ինչից հետո կարելի է ծանոթանալ այս տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի նոր ձեռքբերումներին:

Հաջորդ տարի մենք ծրագրում ենք կազմակերպել «Հայոց ցեղասպանությունն ու սկանդինավյան երկրները» կոնֆերանսը, քանի որ ցեղասպանության խնդրով զբաղվել են այն տարիներին Հայաստանում գտնվող սկանդինավյան բազմաթիվ միսիոներներ: Նախատեսվում է նաև արդիականացնել և ընդլայնել մեր թանգարանը: Փոփոխության կենթարկվեն տեղեկատվության մատուցման մեթոդները, կգործարկվեն տեսա և թվային էֆեկտներ: Ընդհանուր առմամբ, կկազմակերպվի նոր ցուցադրություն՝ նորագույն տեխնիկայի բոլոր ձեռքբերումների կիրառմամբ:

«Նովոստի-Արմենիա» - Այսօր քանի՞ ցուցանմուշ է պահվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ի՞նչ աղբյուրների հաշվին են համալրվում թանգարանի ռեսուրսները, նմանատիպ ո՞ր թանգարանների հետ եք համագործակցում:

Ս. Մանուկյան – Ցուցանմուշները հավաքվում են երկու ձևով՝ մասնավոր հավաքածուներից և արխիվներից նվիրատվությունների հաշվին, ինչպես նաև հատուկ հիմնադրամի միջոցով, որի օգնությամբ մենք ձեռք ենք բերում բազմաթիվ նյութեր և առարկաներ, այդ թվում նաև՝ ինտերնետ-աճուրդների միջոցով:

Մեր թանգարանը համագործակցում է տարբեր երկրներում գտնվող ցեղասպանությանը նվիրված թանգարանների հետ: Վերջերս մենք սերտորեն համագործակցում ենք Վաշինգտոնում բացված նոր թանգարանի հետ, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Մենք նաև համագործակցում ենք ամերիկյան «Save-project»-ի հետ, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության փաստերի հավաքագրմամբ: Բացի այդ, մենք սերտորեն կապված ենք Հայաստանի բոլոր թանգարանների հետ և մեր ցուցանմուշների շարքում ակտիվորեն օգտագործում ենք նրանց կողմից տրամադրած թանգարանային ցուցանմուշները, որոնք կապված են Հայոց ցեղասպանության հետ:-0-