Հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրով Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է տեղափոխվել 259 ընտանիք
Հայտնի է, որ ներկայացուցչության խնդիրներից մեկն է աջակցել մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունեցող հայրենակիցներին Հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրով Ռուսաստան տեղափոխվելու հարցում: Ի՞նչ արդյունքներ է տվել այս աշխատանքը:
Ս. Ստեպանովա. Ինչպես հայտնի է Հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագիրը, որը հաստատվել է ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրով 2006թ.-ի հունիսին, ուղղված է հայրենակիցների ներուժի համախմբմանը՝ ելնելով ռուսական շրջանների զարգացման կարիքներից: Պետական ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչություն է դիմել 7369 մարդ: Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է մեկնել 259 ընտանիք՝ 609 հոգի ընդհանուր թվով:
Մենք վերջերս պետական ծրագրի 300 վկայական ենք տվել: Կարծում եմ, որ դա նորմալ թիվ է: Դիմողներն, իհարկե, ավելի շատ են: Որքան ես Հայաստանում ունեցած ոչ այնքան մեծ աշխատանքային փորձի ընթացքում հասկացա, հայերն իրենց բնույթով սիրում են սեփական հայրենիքն ու չեն ցանկանում լքել այն: Համաձայն են՝ գնալ, աշխատել: Սակայն մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում, չեն ջանում: Ովքեր մեկնել են, հիմնականում բնակություն են հաստատել Կալինինգրադի մարզում:
Հայրենակիցների ներկայացուցչություն դիմած անձինք ամենատարբեր մարզեր են ընտրում բնակության համար, սակայն առաջին տեղում են շարունակում մնալ Կալինինգրադի, Տամբովի, Կալուգայի ու Լիպեցկի մարզերը:
Ինչ վերաբերում է մերժմանը, ապա մենք ընդամենը երկու անգամ ենք մերժել: Պատճառն էլ այդ քաղաքացիների կողմից օրենսդրության խախտումն էր, վարչական իրավախախտումները: Մյուսներին, եթե մասնագիտությունը համապատասխանել է և փաստաթղթերն էլ կարգին վիճակում են եղել, մերժում չի եղել:
Նովոստի-Արմենիա. Ո՞րն է աշխատանքային միգրացիային առնչվող առավել հաճախ տրվող հարցը:
Ս. Ստեպանովա. Նման հարցերը բավականին շատ են: Մարդիկ հաճախ են հետաքրքրվում, օրինակ, տրված աշխատանքային թույլտվությունը հավասարազո՞ր է ժամանակավոր բնակության թույլտվությանը, որը տրվում է մեկ տարով և դրանից հետո կարելի է փաստաթղթերը ներկայացնել մշտական բնակության համար:
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին» դաշնային օրենքի համաձայն, աշխատանքի թույլատվությունը հավասարազոր չէ ժամանակավոր բնակության թույլտվության փաստաթղթին: Ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է երեք և ոչ թե մեկ տարով, և հենց այդ փաստաթղթի առկայության դեպքում է կարելի դիմել մշտական բնակության համար:
Աշխատանքային միգրանտներին հետաքրքրում է նաև հետևյալ հարցը՝ ի՞նչ է պետք անել միգրացիոն քարտի գործողությունների ժամկետը երկարաձգելու համար աշխատանքի թույլտվության գործողությունների ժամանակահատվածում: Կարող եմ ասել, որ նույն այդ օրենքի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում ըստ կանոնակարգի ժամանակավոր բնակություն հաստատած, մուտքի արտոնագիր չպահանջող և քաղաքացիական-իրավական կամ աշխատանքային պայմանագիր կնքած քաղաքացու ժամանակավոր բնակության ժամանակահատվածը երկարաձգվում է ոչ ավել քան մեկ տարի ժամկետով՝ հաշված ժամանելու օրվանից: Տվյալ որոշումը կիրառվում է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունների տարածքային մարմինների կողմից, որի վերաբերյալ նշում է կատարվում միգրացիոն քարտում:-0-

