Հակակոռուպցիոն կրթությունը լուրջ գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում
Ժողովրդավարական հասարակությունում, որը մենք ձգտում ենք ստեղծել Հայաստանում, կոռուպցիան անընդունելի է: Չնայած այն լիովին արմատախիլ անել հնարավոր չէ, կոռուպցիայի մակարդակը պետք է նվազագույնի հասցնել: Կոռուպցիան հասարակության հիվանդություն է: Իսկ դրա բուժումն ու ապաքինումը կրթությունն ու դաստիարակությունն են:
«Ապագան քոնն է» կազմակերպությունը 2003 թ.-ին իր հիմնադրման օրից ձգտում է ու պատրաստ է լուծել պետության ու հասարակության համար արդիական հարցեր: Մենք աշխատում ենք «Ինձ ձուկ մի տուր, այլ կարթ տուր» սկզբունքով: Այսինքն` օգնում ու սատարում ենք մարդկանց, որպեսզի նրանք ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները:
Կազմակերպությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործունեությունը ծավալում է այնպես, որ կրթության ու դաստիարակության օգնությամբ հակազդի դրան: Համադրելով տարբեր մեթոդներ ու մոտեցումներ, կիրառելով մշակութային արժեքներ` մենք լուրջ գործիք ենք ստացել, որի միջոցով կարելի է լուծել լուրջ սոցիալական խնդիրներ, այն է` հակակոռուպցիոն կրթությունը:
Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարոյական նորմերի ու արժեքային կողմնորոշիչների ձևավորմանը, որոնք մանկուց են ձևավորվում: Հենց դրանով էլ պայմանավորված է այն, որ մեր հակակոռուպցիոն ծրագրերն են իրականացվում Հայաստանի դպրոցներում:
Մեր հիմնական խնդիրը արժեքների բարոյական համակարգի ստեղծումն է երիտասարդ սերնդի շրջանում, որը պետության ապագան է: Երիտասարդություն պետք է գրագետ լինի, իրազեկ, գիտակից, որ կոռուպցիան հանցագործություն է, որը գործել չի կարելի:
Ստացված գիտելիքները կյանքում գործածելու համար երեխաները պետք է սովորեն բարին չարից տարբերել և կյանքում բարով առաջնորդվել:
«Նովոստի-Արմենիա». Իսկ կոնկրետ ի՞նչ հակակոռուպցիոն ծրագրեր է ձեր կազմակերպությունն իրականացրել Հայաստանում, և կա՞ն, արդյոք, որոշակի արդյունքներ:
Ն. Սարգսյան. 2007թ.-ին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մենք սկսել ենք իրականացրել «Ով, եթե ոչ մենք» հակակոռուպցիոն ծրագիրը: Ծրագիրը իրականացվել է Երևանի, Արարատի և Կոտայքի մարզերի 12 հանրակրթական դպրոցներում: Դպրոցների բարձր դասարաններում կազմակերպվել են յոթօրյա սեմինարներ, որոնց ժամանակ երեխաները ուսումնասիրել են, թե ինչ է կոռուպցիան, դրա տեսակներն ու դրսևորումները, դրա դեմ պայքարի ձևերը և հասարակության ու պետությանը հասցրած վնասը:
Սկզբում երեխաները կարծում էին, որ կոռուպցիան հանցագործություն չէ, այլ ավելի շուտ բիզնեսում, կրթության, առողջապահության մեջ և այլ վայրերում արագ արդյունքի հասնելու միջոց: Բայց երբ մենք նրանց ցույց տվեցինք կոռուպցիայի ու երկրում տիրող իրավիճակի պատճառահետևանքային կապը, նրանք հասկացան, որ կոռուպցիան, իրոք, կործանում է երկիրը: Աշակերտները գիտակցեցին, թե ինչ հրեշ է կոռուպցիան և ինչ բացասական ազդեցություն այն ունի:
Երիտասարդությունը պետք է հասկանա, թե որքան կարևոր է սեփական իրավունքներն իմանալն ու պաշտպանելը, պարտականությունները կատարելը: Չէ որ սեփական իրավունքները իմանալու և պաշտպանելու դեպքում կոռուպցիան ինքնըստինքյան անհետանում է:
Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն են ստացել այցելել պետական հաստատություններ, հանդիպումներ ունենալ բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնատար անձանց, իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ նրանք տվել են իրենց հետաքրքրող հարցեր և ստացել իրենց բավարարող պատասխաններ: Անցկացվել են քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ փորձագետների հետ: Արդյունքում երեխաների մոտ վստահություն է ձևավորվել վաղվա օրվա հանդեպ: Ծրագրի որոշ մասնակիցներ խոստովանել են, որ առաջ չեն իմացել, թե ինչ մասնագիտություն ընտրել, բայց այժմ որոշել են իրավաբան դառնալ օրենքը պաշտպանելու համար:
Տեսնելով այս արդյունքներն ու մասնակիցների ոգևորությունը՝ մենք կազմակերպությունը որոշել է՝ ինչ գնով էլ լինի, ապահովել ծրագրի շարունակումը դրանում ավելի շատ դպրոցներ ու մասնակիցներ ներգրավելու համար:
Երևանի ԵԱՀԿ գրասենյակի հետ համատեղ մենք նմանատիպ ծրագիր անցկացրեցինք, որին մասնակցեց 1050 բարձրդասարանցի Երևանից և մայրաքաղաքի հարակից շրջաններից: Այնուհետև հաջորդեց «Սովորենք ժողովրդավարություն» ծրագիրը, որը ևս իրականացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան սատարմամբ: Դրա նպատակը զարգացած հասարակությունում դպրոցների աշակերտներին ժողովրդավարության արժեքների ու կոռուպցիայի անընդունելի լինելու մասին տեղեկացնելն էր:
Մեզ նաև հետաքրքրեց այն հարցը, թե որքանով են կոռուպցիայի մասին տեղեկացված դպրոցականները Հայաստանի հեռավոր շրջաններում, գիտակցո՞ւմ են արդյոք նրանք այն, որ դա չարիք է: ԵԱՀԿ աջակցությամբ այս տարվա օգոստոսին մենք կազմակերպեցինք հնգօրյա հակակոռուպցիոն ճամբար Կապան և Գորիս քաղաքների բարձրդասարանցիների համար:
Չնայած ամառային սեզոնին` սովորողները գալիս էին պարապմունքների և շատ ոգևորված ու հետաքրքրված էին: Վերջում նրանք անգամ հակակոռուպցիոն երթ կազմակերպեցին իրենց քաղաքներում:
«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները վերաբերվում ձեր գործունեությանը: Զգո՞ւմ եք, արդյոք, նրանց աջակցությունը:
Ն. Սարգսյան. Ինչպես արդեն ասացի, ծրագրի շրջանակներում աշակերտներն այցելել են տարբեր պետական հաստատություններ՝ Ազգային Ժողով, Սահմանադրական դատարան, Դատախազության դպրոց, Արդարադատության և կրթության նախարարություններ, հանդիպել են ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ: Նրանք բոլորը պատրաստակամություն են հայտնել օգնել մեզ մեր գործունեության մեջ և նշել են դրա նշանակությունը:
«Սովորենք ժողովրդավարություն» ծրագրի աշակերտները հանդիպում են ունեցել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ 2008 թ.-ի հուլիսին: Կառավարության ղեկավարը, գնահատելով երեխաների կառուցողական մտածելակերպն ու ակտիվությունը, նրանց համար դեպի Ղարաբաղ ուղևորություն է կազմակերպել:
Մեր կրթական ծրագրերն արժանացել են ՀՀ կրթության նախարարության ուշադրությանը:
2009 թ.-ի մարտից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ մենք իրականացնում ենք «Կրթություն կոռուպցիայի դեմ» ծրագիրը, որի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարում դպրոցների հնարավորությունների մեծացումն է: Դրա շրջանակներում մենք ուսուցիչների վերապատրաստում ու որակավորման բարձրացում ենք իրականացնում հակակոռուպցիոն կրթության ոլորտում, որպեսզի նրանք ավելի պրոֆեսիոնալ կերպով աշակերտներին փոխանցեն իրենց հմտություններն ու գիտելիքները:
Ներկայումս ուսումնասիրման փուլում է գտնվում մեր կազմակերպության կողմից կազմված «Կրթություն կոռուպցիայի դեմ» ձեռնարկը դպրոցների ուսուցիչների համար:
2009 թ.-ի հունիսի 25-ին մենք համագործակցության եռակողմ պայմանագիր կնքեցինք Գիտության ու կրթության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի հետ: Նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքից հասարակագիտության 1400 դասախոսների համատեղ վերապատրաստում անցկացնել: Ծրագիրն այժմ ՀՀ շրջանների ղեկավարների և դպրոցների տնօրենների կողմից քննարկման փուլում է գտնվում: -0-

