Հայաստանում ընձառյուծները վերացման եզրին են
Ընձառյուծները՝ որպես տեսակ, կարող են վերանալ Հայաստանի տարածքից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանում մնացել է ընդամենը 5-7 ընձառյուծ, այս ազնվական կենդանիներին ամբողջական ոչնչացման վտանգ է սպառնում», - նշեց նա:
Մանվելյանի խոսքերով, այդ ամենի պատճառը որսագողությունն է:
«Անօրինական որսը, այդ թվում նաև Հայաստանի Կարմիր գրքում ներառված կենդանիների հազվագյուտ տեսակների որսը, որոնց թվում են բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, ընձառյուծը, գորշ արջը, չի դադարում նույնիսկ արգելված ժամանակաշրջանում», - տեղեկացրեց Մանվելյանը:
WWF-ի հայկական մասնաճյուղի տնօրենն ընդգծեց, որ կարևոր է տարբերել որսը որսագողությունից՝ նշելով, որ եթե մարդն ունի արտոնագիր, որը թույլ է տալիս որսալ որոշակի կենդանիներ այդ նպատակներով հատուկ հատկացված վայրերում և տարվա որոշակի շրջանում, ապա դա թույլատրվում է օրենքով:
«Մի կողմից հայտարարում ենք, որ այդ կենդանիները էնդեմիկ են Հայկական լեռնաշղթայի համար, մյուս կողմից ինքներս ենք ոչնչացնում դրանց», - ասաց Մանվելյանը:
Նա նշեց, որ որսագողության խնդիրը կարելի է լուծել պահպանվող տարածքներ ստեղծելու միջոցով:
«Վերջերս ՀՀ կառավարությունը կայացրել է, կարելի է ասել, պատմական որոշում Հայաստանի հարավում երկու նոր արգելոց ստեղծելու մասին՝ «Արևիկ» ազգային պարկն ու «Զանգեզուր» արգելոցը», - ասաց հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրենը: Նա հույս հայտնեց, որ նման տարածքների ստեղծումը կլուծի ընձառյուծների և կենդանիների այլ հազվագյուտ տեսակների անհետացման խնդիրը:
Մանվելյանը նշեց, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում աճում է բարձրադաս բույսերի ավելի քան 1500 տեսակ, որոնցից 24-ը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում և 19-ը տեղային տեսակներ են:
Ըստ Մանվելյանի, ողնաշարավորների ֆաունան ներկայացված է 245 տեսակով, որոնցից 49-ը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 12 տեսակը ներառված է Միջազգային Կարմիր գրքում: Մասնավորապես ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, ջրասամույրը, կովկասյան մայրահավը, կասպյան լեռնային հնդկահավը, հայկական իժը:-0-

