Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պետք է դառնա ոչ միայն վերնախավերի, այլև այդ երկրների հասարակությունների գործընթացը

13.10.2009, 13:25
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պետք է դառնա ոչ միայն վերնախավերի, այլև այդ երկրների հասարակությունների գործընթացը
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պետք է դառնա ոչ միայն վերնախավերի, այլև այդ երկրների հասարակությունների գործընթացը

«Նովոստի-Արմենիա» - Աջակցու՞մ է, արդյոք, Ռուսաստանը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և ինչպե՞ս է դրսևորվում այդ աջակցությունը:

Օ. Անտոնենկո – Չնայած մեծ քանակությամբ շահարկություններին այն մասին, որ Ռուսաստանը կորցնում կամ պարտվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, այնուամենայնիվ, պաշտոնական մակարդակով Ռուսաստանն աջակցում է այդ գործընթացին:

Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որևէ հստակ ինդիկատոր, որը ցույց կտար, որ Ռուսաստանը փորձում է արգելակել այդ գործընթացը: Ամեն դեպքում, Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի ամենամտերիմ ռազմավարական դաշնակիցներից մեկը ոչ միայն միջնաժամկետ, այլև երկարատև հեռանկարում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող որևէ կերպ ազդել ռուս-հայկական հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման տնտեսական կողմին, ապա չեմ կարծում, որ Հայաստանը պետք է տուժի ռուս-վրացական հակամարտության պատճառով, որը մոտակա հեռանկարում չի լուծվի, ինչի հետևանքով, ինչպես ցույց տվեց փորձը, Հայաստանը կրում է հսկայական վնասներ՝ հայտնվելով լիովին մեկուսացման մեջ:

Սա ևս մեկ փաստարկ է, որը հաստատում է, որ Ռուսաստանը չի կարող և հանդես չի գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ: Ընդհակառակը, երկու հարևան երկրների մերձեցումը կօգնի ռուս-հայկական հարաբերությունների ավելի առողջ զարգացմանը:

«Նովոստի-Արմեիա» - Կարելի՞ է պնդել, որ գոյություն ունի որոշակի ճնշում գերտերությունների և ողջ համաշխարհային հանրության կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

Օ. Անտոնենկո – Անշուշտ, և Ռուսաստանը, և համաշխարհային ողջ հանրությունը շահագրգռված են, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և հետաքրքրված են նրա դրական ելքով: Սակայն չարժե մոռանալ, որ այս գործընթացում գլխավոր դերը խաղում են Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունները, որոնք պետք է ընդունեն այդ կարևոր քաղաքական որոշումը՝ ունենալով հասարակական աջակցություն:

Իսկ այս գործընթացում արտաքին խաղացողների դերը սահմանափակված է գործընթացի հաջող իրականացման նպատակով բարենպաստ արտաքին մթնոլորտի ստեղծմամբ:

Այդ պատճառով չարժե գերագնահատել երրորդ անձանց դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եթե Թուրքիայի կառավարությունը չկարողանա բացատրել իր խորհրդարանին, թե ինչու է Հայաստանի հետ հարաբերությունների վերսկսումը ելնում Թուրքիայի շահերից՝ առանց ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ առաջընթացի ձեռքբերման, ապա ոչ մի արտաքին խաղացող չի կարող ազդել Թուրքիայի խորհրդարանի որոշման վրա: Արտաքին ճնշումները, ինչպես բազմիցս ցույց է տվել Թուրքիայի հետ փորձը, կարող են միայն վատթարացնել իրավիճակը և հրահրել խորհրդարանի էլ ավելի անզիջում դիրքորոշումը:

Բացի այդ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը նույնպես հասկանա, որ եթե նույնիսկ երկու հարցերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական սահմանի բացումը հստակ շաղկապված չեն, ապա համաշխարհային հանրությունը դրանք ընկալում է որպես մեկ շղթայի օղակներ Հարավային Կովկասում կայունության, խաղաղության հաստատման հարցում, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, որ հայկական կողմից ևս ակնկալվում են կոնկրետ քայլեր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Անշուշտ, այդ քայլերն ավելի բարդ կլինեն, սակայն, վաղ թե ուշ դրանք պետք է կատարվեն:

Չեմ կարծում, որ գոյություն ունի ճնշում, ավելի շուտ՝ սկսված գործընթացի տրամաբանական ավարտի ակնկալիք: Մեծ ակնկալիքները, իսկ հետո ձախողումը կարող են ավելի մեծ լարվածություն առաջացնել ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, այլև Ղարաբաղի հարցում և նույնիսկ ողջ հարավկովկասյան տարածաշրջանում:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով՝ Հարավային Կովկասում գոյություն ունի՞ ապակայունացման սպառնալիք:

Օ. Անտոնենկո – 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմը խախտեց վստահությունը ոչ միայն Ռուսաստանի և Վրաստանի միջև, այլև արգելափակեց ողջ հավարկովկասյան տարածաշրջանում հակամարտության կարգավորման հնարավոր մեխանիզմների ներդրման հնարավորությունը: Նոր հակամարտությունների, օրինակ, այժմ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ծովային հաղորդակցությունների շուրջ մշտապես ծավալվող օջախները կշարունակեն առաջանալ տարածաշրջանում՝ մինչև չձևավորվի հակամարտությունների կարգավորման գործընթացի որոշակի կառուցվածք:

Միայն Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի համագոյակցության փոխընդունելի ալգորիթմ փնտրելու միջոցով, լինի դա միասնական պետության, համադաշնության կամ տարածաշրջանային միության կամ առանձին պետությունների շրջանակներում, կարող է տարածաշրջանում ձևավորվել կայուն իրավիճակ և ապահովվել երկարատև անվտանգություն:

Այն փաստը, որ մենք տեսնում ենք Հարավային Օսեթիայում երկար տարիների ընթացքում պահպանվող սառեցված հակամարտության սրում, այն մտքին է հանգեցնում, որ այդ հակամարտությունները պայթյունավտանգ են: Թեզն այն մասին, որ սառեցված հակամարտությունները կարող են անվերջ մնալ նման իրավիճակում, միանգամայն իրեն սպառել է: Այս տեսակետից ղարաբաղյան հակամարտության առնչությամբ մտավախություններ կան: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող անվերջ մնալ սառեցված վիճակում, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն լուծելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Եվրոպական հանրությունն ու միջազգային կառույցները միանշանակորեն դրական գնահատեցին հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Թուրքիայի նախաձեռնությունը, այն դեպքում, երբ երկու պետությունների ընդդիմությունների շրջանում այդ գաղափարն առաջացրեց երկդիմի արձագանք: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից իրականացվող արտաքին-քաղաքական ներկայիս ուղղվածությունը, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Օ. Անտոնենկո – Կարծում եմ, որ անհրաժեշտ է հասկանալ և դասեր քաղել այն բանից, թե ինչու Հայաստանի և Թուրքիայի պետությունների ղեկավարների մակարդակում գոյություն ունի երկկողմ փոխհարաբերությունների կառուցման հարցում ավելի մեծ փոխըմբռնում, քան հասարակական մակարդակում:

Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվացնել իշխանությունների և հասարակության միջև երկխոսությունը, երկու երկրների ղեկավարությունները պետք է պարզաբանեն իրենց քաղաքացիներին այն նպատակներն ու սցենարները, որոնք մտադիր են իրագործել: Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը լինի ոչ միայն վերնախավերի, այլև երկու հասարակությունների գործընթաց:

Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հայ-թուրքական սահմանի բացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Բացի այն, որ այս գործընթացը համապատասխանում է Հայաստանի տնտեսական շահերին, այն նաև արմատապես կփոխի երկրի դերն ու նշանակությունը ողջ հարավկովկասյան տարածաշրջանում, լայն հնարավորություն կընձեռի տարածաշրջանային համագործակցության համար, որն այդքան անհրաժեշտ է անվտանգության և տնտեսական զարգացման համար:-0-