Մեր երկիրը Հարավային Կովկասում տեղի ունեցող բարդ գործընթացների կենտրոնում է. Արմեն Սմբատյան
Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը բացառիկ հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը
- Պրն Սմբատյան, թույլ տվեք, առաջին հերթին, շնորհավորել ձեզ պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ձեր կարծիքով, այս տարվա ո՞ր իրադարձություններն էին առավել էական ձեր երկրի համար:
- Ճիշտն ասած, այս տարին Հայաստանի համար շատ հագեցած էր, լի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և հումանիտար իրադարձություններով: Հարավային Կովկասում 2008թ.-ի օգոստոսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո տարածաշրջանի գործընթացների սովորական դինամիկան արմատապես փոխվեց: Փաստորեն, դա տեղի ունեցավ, ինչպես կարելի է արդեն այսօր պնդել, աշխարհաքաղաքական բնույթի գլոբալ փոփոխությունների շրջանակներում:
Անհրաժեշտ է նշել հայ-թուրքական հարաբերություններում տեղ գտած առաջընթացը, ղարաբաղյան բանակցային գործընթացի կայուն զարգացումը, ՌԴ նախագահի այցը Հայաստան, մեր պետությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումները: Համակարգային համատեքստում Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի ուղղվածության փոփոխությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում: Հումանիտար ոլորտում հիշվել է Երևանում մաեստրո Գրիգորովիչի կողմից «Սպարտակ» բալետի բեմականացումը և այն, որ Հայաստանի շախմատի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև ուրախացնող և հուսադրող մի շարք այլ իրադարձություններ:
- Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերն են, մեր երկու ժողովուրդներին միավորում է բազմադարյա փոխադարձ համակրանքը: Իսկ ի՞նչ կարող էիք ընդգծել տնտեսական համագործակցության ոլորտում, և այստեղ ի՞նչ ներուժ դեռ մինչև վերջ գործարկված չէ:
- Իրոք, Ռուսաստանը բազմաթիվ տարիների ընթացքում մեր գլխավոր տնտեսական գործընկերն է: Հատկանշական է, որ մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ոլորտում միլիարդ դոլարային սահմանը նվաճվել և գերազանցվել է ճգնաժամից շատ ավելի շուտ: Ապրանքաշրջանառության ծավալի հետագա ավելացման ակնհայտ և որոշիչ սահմանափակումը, բացի ճգնաժամից, մեր երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունների սահմանափակումներն են:
Փաստորեն, Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքների տեղաշարժման միակ ուղին անցնում է Վրաստանի տարածքով, ում հետ Ռուսաստանը, ցավոք, լուրջ և դեռևս չլուծված խնդիրներ ունի, որն արտացոլվում է ինչպես լակմուսային ինդիկատոր Հայաստանի տնտեսական իրավիճակում: Տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրների լուծման դեպքում մեր երկիրը կարող է առավել գրավիչ դառնալ ռուսական (և ոչ միայն ռուսական) կապիտալի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանը նախատեսում է որոշակի հեռանկարներ նաև հայ-թուրքական բանակցային գործընթացի հետ կապված:
- Ռուսական որոշ շրջանակներում մտավախություն կա, թե նշմարվող հայ-թուրքական մերձեցումը կարող է ուղղված լինել տարածաշրջանում Ռուսաստանի շահերի դեմ: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
- Ինձ հայտնի են այդ մտավախությունները, և ես ցանկանում եմ միանգամից պարզություն մտցնել: Մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ու երկարաժամկետ համագործակցությունը, որը ձևավորվել է մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության հիման վրա և հանդիսանում է դրա բնականոն շարունակությունը, վաղուց ապացուցել են իրենց անհրաժեշտությունը, ամրությունը, արդյունավետությունն ու օգտակարությունը:
Կարող եմ պատասխանատու կերպով հավաստիացնել, որ հայ-թուրքական բանակցային գործընթացն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, առավել ևս՝ Ռուսաստանի դեմ: Զուր չէ, որ ռուսական կողմը՝ վարչապետ Պուտինն ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ողջունել են այդ մերձեցումը, Ռուսաստանը ևս սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի հետ:
- Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակտիվ մասնակիցն է: Ինչպիսի՞ սպառնալիքներ են այսօր առավել իրատեսական ձեր հանրապետության համար:
- Մեզ համար ՀԱՊԿ-ին մասնակցելը ելնում է կենսական կարևորություն ունեցող շահերից: Մենք չենք մոռանում, որ մինչ այժմ ղարաբաղյան հակամարտության զինադադարը չի ստացել պատշաճ իրավաբանական կարգավիճակ այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է ավելի լավ, ավելի դրական կիրառման արժանի համառությամբ հնչեցնել սեփական խնդիրները ռազմական ուղով լուծելու մտադրությունները: Բացի այդ, մենք ՀԱՊԿ-ի գործունեությունն ու այդ կազմակերպությունում մեր մասնակցությունը գնահատում ենք որպես Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչ՝ ահաբեկչության և թմրաբիզնեսի տարածման դեմ պայքարի տեսակետից:
- Հոկտեմբերի վերջին «ՌԻԱ Նովոստին» Կովկասյան գիտագործնական խորհրդաժողով է անցկացնում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի գիտնականների, քաղաքագետների, հասարակական գործիչների, ԶԼՄ-ների ոլորտում մասնագետների մասնակցությամբ: Սա արդեն թվով չորրորդ խորհրդաժողովն է, որն, ըստ ավանդույթի, ընդունում է հյուրընկալ Երևանը: Ո՞րն է փորձագիտական և լրագրողական միության ներկայացուցիչների դերը Հարավային Կովկասում քաղաքականկայունության և քաղաքացիական խաղաղության ամրապնդման գործում:
- Ցանկանում են ողջունել այս արդիական խորհրդաժողովի անցկացման ձեր նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել «ՌԻԱ Նովոստիի» ողջ կոլեկտիվին՝ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքի համար: Ես հետևում եմ այդ գործընթացին և կարող եմ նշել, որ այն արդեն, ակնհայտորեն, տալիս է իր դրական քաղաքական արդյունքները: Շնորհիվ նման միջոցառումների՝ հայկական հասարակությունն իրազեկվում է Հարավային Կովկասում գործընթացի վերաբերյալ կարծիքների ողջ շրջանակի մասին:-0-

