Սահմանների բացման դեպքում Հայաստանը կողողվի թուրքական արտադրանքով. Ալեքսանդր Սվարանց

22.09.2009, 17:03
Սահմանների բացման դեպքում Հայաստանը կողողվի թուրքական արտադրանքով. Ալեքսանդր Սվարանց

Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի (Մոսկվա) պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցի բացառիկ հարցազրույցը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը

- Թուրքիայի և Հայաստանի միջև հնարավո՞ր է էական մերձեցում ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը դեմ է դրան, իսկ Թուրքիայի համար թանկ է Ադրբեջանի կարծիքը:

- Հարաբերությունների ներկա աշխուժացումը, մեծ մասամբ, հիմնված է նախագահ Սարգսյանի նախաձեռնության վրա: Սայան նա միայնակ չի կարող լուծել այդ հարցը, իսկ հայկական հասարակության համար 1915թ.-ի ցեղասպանությունը պատմություն չէ, այլ քաղաքական կյանքում տեղի ունեցած փաստ: Ամենամեծ քայլը, ինչին կարող է գնալ Սարգսյանը առանց ցեղասպանության ճանաչման, Անկարայի հետ ցեղասպանության վերաբերյալ ուղիղ երկխոսության հաստատումն է: Միայն նման կերպ երկու երկրների հարաբերություններում ժամանակի ընթացքում կարող են տեղաշարժեր գրանցվել: Սա դրական պահ է, չէ՞ որ մինչև վերջին ժամանակները հայ և թուրք քաղաքագետները նույնիսկ չէին քննարկում խնդիրը, այնքան մեծ էր օտարացման աստիճանը:

Այն գործում, որ այժմ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման վերաբերյալ խոսակցություններ են ընթանում, Անկարան վերջին դերը չի խաղացել: Երկկողմ հարաբերություններում ներկա առաջընթացը չէր գրանցվի, եթե չլիներ Հարավային Օսեթիայի պատերազմը: Այսօր Թուրքիան հաղորդակցվում է Հարավային Կովկասի հետ Վրաստանի միջոցով, որը նախորդ տարվա օգոստոսին ցույց տվեց իր անվստահելիությունը: Թուրքիան ուզում է բազմազանեցնել իր տարանցիկությունը տարածաշրջանում, ստանալ այլընտրանքային ուղիներ: Այս ամենում նրան կարող է օգնել միայն Հայաստանը: Եթե ծրագիրը հաջողվի, ապա Թուրքիան նաև զգալիորեն՝ մոտավորապես 600 կմ-ով կկրճատի տարանցման հեռավորությունը:

Հաշվի առնելով այն, որ համագործակցությամբ շահագրգռված են սահմանի երկու կողմում գտնվողները, ապա կարելի է փոխզիջումներ ակնկալել: Եվ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի դիրքորոշման մեջ չէ: Անկարայում շատ լավ հասկանում են, որ ամենաշատն ինչ կարող են անել Ադրբեջանում՝ ի պատասխան Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, Ռուսաստանի հետ  «սիրախաղ» սկսելն է, սակայն ոչ շատ ուժգին՝ իմանալով Բաքվի հեռահավասար քաղաքականությունը: Բանն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները շատ են, և չարժե հեղափոխություն ակնկալել: Կրկնում եմ՝ հնարավոր են առանձին փոխզիջումներ:

- Ի՞նչ դրական և բացասական կողմեր են սպասվում Հայաստանին, եթե Թուրքիայի հետ մերձեցումը, այնուամենայնիվ, սկսվի:

- Իմ կարծիքով դրական կողմն այն կլինի, որ Հայաստանը կհայտնվի ավելի հաջող արտաքին-տնտեսական պայմաններում, քան այժմ: Սակայն ես չեմ համաձայնվի այն մարդկանց հետ, ովքեր Թուրքիային Հայաստանի համար համարում են լավագույն տարանցիկ ուղին դեպի եվրոպական շուկաներ: Ոչնչով վատ չեն նաև Իրանի և արաբական երկրների միջով անցնող ուղիները, որոնց հետ Հայաստանն այդքան էլ զգալի տարաձայնություններ չունի:

Մյուս դրական պահն այն է, որ Հայաստանը հնարավորություն կստանա մասնակցելու էներգետիկ, ինտեգրացիոն և այլ նախագծերին իր սահմաններից հարավ: Հատկապես կարևոր է էներգետիկան:

Գլխավոր բացասական կողմն այն է, որ հայկական տնտեսությունն ի վիճակի չէ մրցել թուրքականի հետ, այն ավելի թույլ է: Սահմանների բացման դեպքում Հայաստանը կողողվի թուրքական արտադրանքով, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի տնտեսական անվտանգության տեսանկյունից: Բացի այդ, կսկսվեն նաև այլ տեսակի գործընթացներ. շատ հավանական է, որ հայտնվեն բազմաթիվ խառնամուսնություններ, ինչն այդքան էլ լավ չէ հայ ժողովրդի համար: 90-ական թվականներին արդեն եղել է Իրանի հետ շփման ոչ այդքան հաջող օրինակը:

Կա ևս մեկ պահ: Թուրքիան ակտիվորեն ձգտում է ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ: Դժվար թե այդ երկիրը հարցի շուրջ բանակցություններ վարի՝ խնդրի ադրբեջանական տեսանկյունից դուրս: Կարող են առաջ քաշվել նոր առաջարկություններ. Թուրքիայի և Հայաստանի նոր համատեղ նախագծերի փոխարեն դուրս հանել հայկական զորքը ԼՂՀ տարածքից կամ վերադարձնել ադրբեջանցի փախստականներին, ովքեր լքել են հակամարտության գոտում գտնվող իրենց տները ռազմական գործողությունների ընթացքում: Այս առաջարկությունները միայն կնյարդայնացնեն Ստեփանակերտին:

- Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական շփումները: Ինչո՞վ  կարող է բացատրվել նման բարյացակամ դիրքորոշումը: Մոսկվային, հավանաբար, պետք է անհանգստացնեին ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի փորձերը:

- Ռուսաստանում կան գործարարների և քաղաքական գործիչների որոշակի շրջանակներ, ովքեր կարծում են, որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները, եթե դրանք տնտեսականորեն շահավետ են, իսկ դա այդպես է, ավելի կարևոր են, քան Հայաստանի, Սերբիայի նման երկրների հետ հարաբերությունները՝ չնայած Ռուսաստանի հետ ունեցած պատմական բարեկամությանը:

Հնարավոր է՝ Մոսկվան զբաղեցնում է նման հանգիստ դիրքորոշում նաև այն պատճառով, որ Հայաստանի և Թուրքիայի մերձեցման մեջ տեսնում է Վրաստանի թուլացումը: Այսօր Վրաստանը թույլ չի տալիս Հայաստանին Ջավախեթու հետ կապված որևէ հարց բարձրացնել, քանի որ հայկական տնտեսության համար շատ թանկ է Վրաստանի իրացման շուկան և այդ նեղ միջանցքով ապրանքների թույլ հոսք անցկացնելու հնարավորությունը: Այն դեպքում, եթե հայկական տնտեսության համար բացվեն Թուրիքայի հետ կապված հեռանկարները, Ջավախեթու հետ կապված նրա դիրքորոշումը կարող է շատ ավելի կոշտ դառնալ, քան այժմ:

Ասենք, այս ամենի հետ չի կապվում հետևյալ հանգամանքը: Առաջինը, Ռուսաստանը հայկական տնտեսության մեջ ներդրել և շարունակում է ներդնել հսկայական գումարներ, իսկ դեպի հայկական շուկա թուրքական տնտեսության ընդարձակումը, անխոս, կվնասի նրան: Դժվար թե Ռուսաստանը գործի ի վնաս սեփական ներդրումներին: Կա ևս մեկ պահ, որը կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն որը շատ բան է ասում դերերի բաշխման մասին: Թուրք գործընկերոջ հետ առաջին հանդիպումից անմիջապես հետ Սարգսյանը մեկնեց Մոսկվա, «ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո Սարգսյանը կրկին հանդիպեց Մեդվեդևի հետ: Շատերը եզրակացություն են անում, որ Երևանը, այսպես թե այնպես, համաձայնեցնում է սեփական դիրքորոշումը Մոսկվայի հետ:

- Կա տարբերակ, որի համաձայն Մոսկվան հանգիստ է վերաբերվում Թուրքիայի և Հայաստանի մերձեցմանը, քանի որ Հայաստանին տնտեսական շրջափակումից հանելու այլ միջոց չի տեսնում: Ձեր կարծիքով գոյություն ունի՞ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք:

- Կատարյալ տարբերակի դեպքում Հայաստանը պետք է տնտեսական հասանելիություն ունենա հարևան բոլոր երկրների հետ, սակայն եթե պետք է ընտրություն կատարել, ապա բացի թուրքական ուղղվածությունից, կա նաև իրանականը: Տնտեսական շփումների որոշ տարբերակներ կարելի է գտնել նաև Ռուսաստանի հետ, չնայած այսօր Հայաստանից դեպի Ռուսաստան տարանցումը շատ է բարդացել:-0-