Շուրջ 30 միավոր փրկարար տեխնիկա կբերվի Հայաստան 2010 թ.-ին. նախարար
ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների համաձայն՝ շուրջ 30 միավոր փրկարար տեխնիկա կբերվի Հայաստան 2010 թ.-ի մարտին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:
«Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) հետ համատեղ իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում 2010 թ.-ի մարտին մենք ակնկալում ենք ստանալ ժամանակակից և Հայաստանի պայմաններին առավել հարմարեցված 28 միավոր տեխնիկա, ինչը թույլ կտա գրեթե ամբողջովին թարմացնել Երևանի հրշեջ ծառայության տեխնիկական սարքավորումները, ինչն իր հերթին հնարավորություն կտա արդիականացնել նաև մարզերի որոշ ստորաբաժանումները», - ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ տեխնիկայի մի մասը, որի թվում` հրշեջ մեքենաները, ջրատարներն ու մասնագիտացված տեխնիկայի այլ տեսակներ, կբերվեն Հայաստան արդեն այս տարեվերջին:
Նախարարը հիշեցրեց, որ դեռ անցյալ տարի պետական միջոցների հաշվին հրշեջ մեքենաների պարկը նորացվել էր հինգ միավոր տեխնիկայով, և այժմ ԱԻՆ-ն ունի շուրջ 170 հրշեջ մեքենա:
«ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ ավելի քան 20 ուղղություններով, որոնք հիմնականում միտված են տեխնիկական համալրման արդիականացմանն ու աշխատակիցների որակավորման բարձրացմանը: Պարբերաբար անց են կացվում տարբեր վարժանքներ, այդ թվում նաև` միջազգային», - ասաց նա:
Նախարարի խոսքերով՝ ԱԻՆ-ի գործունեության հիմնական ոլորտներից է նաև սեյսմիկ պաշտպանությունը: Շահգելդյանը նշեց, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացման նպատակով այժմ ֆրանսիացի և ռուս գործընկերներն իրականացնում են արդիականացմանն ուղղված լայնամասշտաբ ծրագիր:
Նախարարն ասաց, որ ԱԻՆ-ի գործունեության ռազմավարական ուղղություններից է բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, հասարակության հետ կապի ընդլայնումը, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանքը:
Նրա խոսքերով՝ այս ուղղությամբ արդեն մի քանի տարի Շվեյցարիայի կառավարությանն առընթեր Զարգացման գործակալության հետ իրականացվում է մի ծրագիր, որն ուղղված է հասարակության հետ ակտիվ աշխատանքին:
«Այդ ծրագրի շրջանակներում ակտիվ աշխատանք է տարվում հասարակական հատվածի, ԶԼՄ-ների, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների հետ», - պարզաբանեց Շահգելդյանը:
Նախարարի խոսքերով՝ նախարարության կողմից իրականացվող բարեփոխման ակտիվ քաղաքականությունը տալիս է իր պտուղները: Այսպես, պետական ռեզերվների համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների մեթոդաբանությամբ հետաքրքրվում են ԱՊՀ որոշ երկրներ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում հրշեջ տեսչության բարեփոխման ուղղությամբ:
«Այսօր մշակվել են բարեփոխումների շուրջ 15 նախագծեր և հայեցակարգեր, որոնք ուղղված են փրկարար ծառայության և ԱԻՆ-ի կատարելագործմանն ընդհանրապես», - նշեց Շահգելդյանը:
ՀՀ ԱԻՆ-ը ձևավորվել է ՀՀ նախագահը 2008 թ.-ի ապրիլի 21-ի հրամանագրով: ԱԻՆ-ի կազմում են, մասնավորապես, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Պետական ռեզերվների գործակալությունը, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:-0-

