Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է. Իվանչուկ
Հայաստանն այսօր աշխարհի ամենաշախմատային երկիրն է, կարծում է Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլի հաղթող Վասիլի Իվանչուկը:
«Ես միշտ զգացել եմ, որ խաղում եմ աշխարհի ամենաշախմատային երկրում, որն այս պահին, իրավամբ, Հայաստանն է», - ասել է ուկրաինացի գրոսմայստերը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Իվանչուկը նշել է, որ մրցաշարը հոյակապ է կազմակերպված եղել, նա հատկապես ընդգծել է Ջերմուկի գեղեցկությունը:
«Բացի կազմակերպիչներից, կցանկանայի շնորհակալություն հայտնել բնությանը, այն որ աշխարհում կա նման հիասքանչ վայր, որտեղ կան խաղի համար անհրաժեշտ բոլոր պայմանները», - ավելացրել է նա:
Ինչ վերաբերում է մրցաշարում հաղթելու հանգամանքին, ապա Իվանչուկի խոսքերով, շատ դժվար հանդիպումներ եղան, որոնց թվում նա հատկապես նշեց Գատա Կամսկու հետ հանդիպումը:
Իվանչուկն ավելացրել է, որ միայն վերջին փուլից հետո նա վերջապես հավատաց իր հաղթանակին:
Ուկրաինացի գրոսմայստերը նաև մեկնաբանեց մրցաշարի ընթացքում իր մրցակիցների խաղը:
«Փայլուն էին խաղում Գելֆանդը, Արոնյանը, առանձին հանդիպումներ փայլուն խաղաց Հակոբյանը: Նա զարմանալի փրկություն գտավ Լեկոյի հետ խաղում: Ալեքսեևը շատ լավ խաղաց, ինձ դուր եկավ: Իհարկե, ոչ բոլորը հաջող խաղացին, սակայն չի լինում այնպես, որ բոլորը հաջող խաղան. ինչ-որ մեկը պետք է հաղթի, ինչ-որ մեկը՝ պարտվի», - նշեց նա:
Խոսելով հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հնարավորությունների մասին շախմատի թագի պայքարում, որը վիճարկելու իրավունքը նա ստացավ՝ ժամանակից շուտ հաղթելով ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում՝ Իվանչուկն ասաց, որ «Արոնյանն, անխոս, պատրաստ է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար»:
Ապագայի ծրագրերի կապակցությամբ Իվանչուկը տեղեկացրեց, որ ինքը պետք է շատ աշխատի, քանի որ շատ մրցաշարեր են առջևում, մասնավորապես՝ Եվրոպայի ակումբային առաջնությունը, Հոլանդիայում անցկացվող մրցաշարը, Տալի հիշատակին նվիրված առաջնությունը:
Այն հարցին, թե, արդյոք, իրեն սպառե՞լ է դասական շախմատը և չի՞ խանգարում այն արագ, կույր շախմատի և Ֆիշերի շախմատի զարգացմանը, նա նշեց, որ «դասական շախմատն, անխոս, չի սպառել իրեն, սակայն դա չի նշանակում, որ շախմատի այլ տեսակները վատն են»:
«Որքան շատ են շախմատի տարբեր տեսակի մրցաշարերն, այդքան ավելի լավ է շախմատիստների համար: Չեմ կարծում, որ դրանք խանգարում են, ընդհակառակը՝ դրանք օգնում են շախմատիստին հավատալ սեփական ուժերին ուրիշ ձևաչափում, դա միայն օգնում է գիտակցել սեփական ստեղծագործական ներուժը», - ասաց Իվանչուկը:
ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլն անցկացվում էր Ջերմուկում օգոստոսի 8-ից 24-ը, այն նվիրված էր 2009-ին նշվող աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին:
19-րդ կատեգորիայի մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ Լևոն Արոնյանը (Հայաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էթյեն Բակրոն (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):
Մրցաշարում 8,5 միավորով հաղթանակ տարավ Վասիլի Իվաչուկը: Երկրորդ-երրորդ տեղերը 8-ական միավորով կիսեցին Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը:-0-

