Զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացման լավ հեռանկարներ կան Հայաստանում
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունն իրենից 17 իրավաբանական անձից բաղկացած միություն է ներկայացնում: Մենք զբաղվում ենք կապերի հաստատմամբ և ընդլայնմամբ, մասնակցում ենք երկրի զբոսաշրջային կյանքին, մշակում ենք օրենսդրական առաջարկներ: Մեր նպատակն է աջակցել երկրում զբոսաշրջության զարգացմանը: Մենք ողջ աշխարհում գործընկերներ ենք փնտրում՝ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման համար:
Մեր խոշորագույն գործընկերներից է Ռուսաստանի տուրարդյունաբերության միությունը, որի հետ մենք համագործակցության մասին պայմանագիր ենք կնքել, որի կետերից մեկը, մասնավորապես, զբոսաշրջիկների փոխանակում է նախատեսում:
Մենք մեր խնդիրն ենք համարում այն երկրների հետ աշխատելը, որոնք զբոսաշրջիկների համաշխարհային խոշորագույն դոնորներ են: Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Չինաստանը, և նրանք զբոսաշրջիկների մեծ քանակություն են մատակարարում այլ երկրներ:
Մեզ շատ է հետաքրքրում ռուսական շուկան, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է ծաղկում Թուրքիան ռուս զբոսաշրջիկների հաշվին: Թուրքիան զբոսաշրջային բիզնեսով տարին ավելի քան 21 միլիարդ դոլար է վաստակում, այդ գումարի կեսը ռուսական փողերն են: Օգտագործելով Թուրքիայի փորձը, Ռուսաստանի հետ բազմադարյա բարեկամության և ռազմավարական գործընկերության փաստի առկայությամբ, կարելի է ռուս զբոսաշրջիկներ և գումարների մեծ հոսքեր ներգրավել, ինչը թույլ կտա վերածնել հայկական տնտեսությունը:
«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը պարբերաբար այդ ոլորտը որպես հեռանկարային է դիտում:
Ռ. Մինասյան – Պետությունը հռչակել է զբոսաշրջությունը՝ որպես հանրապետության տնտեսության հեռանկարային ուղղություններից մեկը: Դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է շատ և ջանասիրաբար աշխատել:
Հայաստանը զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր երկիր է: Իր պատմական անցյալում Հայաստանը վերապրել է քաղաքակրթության բոլոր փուլերը, ինչը չի կարելի ասել շատ այլ երկրների մասին: Բացի այդ, հայերը բարյացակամ և հյուրընկալ ժողովուրդ են: Մենք շատ հետաքրքիր մշակութային հուշակոթողներ և գեղատեսիլ բնություն ունենք: Զբոսաշրջիկներին գրավում է հայ ժողովրդի՝ ցանկացած պայմանում կենսունակ լինելու ֆենոմենը, առեղծվածներով լի պատմությունը:
Հարցն այս ամենը ճիշտ մատուցելու մեջ է: Այս խնդիրն առաջացել է Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո, քանի որ ԽՍՀՄ-ի գոյության ժամանակ զբոսաշրջիկներն այցելում էին ԽՍՀՄ, իսկ դրա փլուզումից հետո անհրաժեշտ դարձավ Հայաստանը ներկայացնելու նոր մեթոդներ և ձևեր գտնելը:
«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել զբոսաշրջիկների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար:
Ռ. Մինասյան – Առաջին հերթին, անհրաժեշտ է ակտիվորեն արձագանքել նոր իրողությունների, զբոսաշրջիկների նոր սերունդների և նոր պահանջարկների վրա: Քանի որ այն, ինչ գրավում էր զբոսաշրջիկներին 20 տարի առաջ, այսօր արդեն չի գործում: Նոր մասնագետներ են անհրաժեշտ զբոսաշրջության ոլորտում, ովքեր գիտեն իրենց գործն ու սիրում են իրենց երկիրը: Քանի որ եթե մարդը չի սիրում իր երկիրը, այն գրավիչ չի համարում, ապա նա չի կարող այն արդյունավետ մատուցել:
Ավելի հանրահայտ են դառնում զբոսաշրջության ոչ ավանդական տեսակները՝ էքստրեմալ, մարզական զբոսաշրջությունը: Զբոսաշրջության պասիվ տեսակներն իրենց տեղը զիջում են ակտիվներին, և այս ամենի համար Հայաստանում կան բոլոր պայմանները: Իր տեղն աստիճաբանար զիջում է նաև զբոսաշրջության այսպես-կոչված հյուրանոցային տեսակը. մարդկանց ավելի հետաքրքիր է սերտորեն շփվել այն երկրի բնակչության հետ, որտեղ նրանք հանգստանում են, տեսնել, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են աշխատում, ինչի մասին են մտածում: Հատկապես հաշվի առնելով այն, որ շատ երկրներում ազգային առանձնահատկությունն աստիճանաբար կորսվում է:
Հայաստանում նաև բուժիչ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա: Մենք ունենք հանգստի գոտիներ, առողջարաններ: Բացի այդ, մենք ունենք բժշկական հաստատություններ, որոնք նույն մակարդակի ծառայություններ են տրամադրում, ինչ եվրոպականները, սակայն ավելի մատչելի գներով: Այսինքն, զբոսաշրջիկները հնարավորություն ունեն և բուժվել, և կոփել առողջությունը Դիլիջանի և Ջերմուկի հանգստավայրերում:
Մենք շատ կցանկանայինք, որպեսզի ավելի շատ երիտասարդությունն այցելեր Հայաստան: Հայ և օտարերկրյա երիտասարդների միջև կապերի հաստատումը դրական կանդրադառնա երկրի ապագայի վրա:
«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է Հայաստանը մրցունակ տարածաշրջանում՝ և գների, և զբոսաշրջային ծառայությունների որակի տեսակետից:
Ռ. Մինասյան – Խնդիրն, ավելի շուտ, ոչ թե այն է, որ մեզ մոտ թանկ է, այլ որ գները չեն համապատասխանում ծառայություների որակին: Մենք պետք է աշխատենք ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Գումար վճարելով՝ զբոսաշրջիկները ցանկանում են դրա դիմաց որակյալ սպասարկում ստանալ, որը նրանց կբավարարի: Դժգոհ մնալով ծառայությունից՝ զբոսաշրջիկը երբեք չի վերադառնա այդ երկիր: Իսկ սպասարկման մակարդակի բարձրացման համար մեզ զբոսաշրջության ոլորտում որակյալ կադրեր են անհրաժեշտ:
«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք կարծում՝ կարո՞ղ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը որևէ կերպ ազդել դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա:
Ռ. Մինասյան – Իհարկե, ճգնաժամը չի կարող չանդրադառնալ զբոսաշրջության ոլորտի վրա: Սակայն որակյալ աշխատանքի դեպքում ճգնաժամը վտանգավոր չէ: Ճգնաժամի պայմաններում զբոսաշրջիկներն ամեն դեպքում այցելում են՝ չնայած կրճատում են երկրում մնալու իրենց ժամկետը, ասենք՝ 14-ից դարձնելով 7 օր: Անհրաժեշտ է բարձրացնել ներգնա զբոսաշրջության տուրօպերատորների աշխատանքի արդյունավետությունը, ակտիվորեն գովազդել Հայաստանն արտերկրում, հատկապես այն երկրներում, որոնք պոտենցիալ դոնորներ են:-0-

