Պաշտոնական Երևանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա բարդել իր մեղքը Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր անհաջողությունների համար

23.06.2009, 19:09
Պաշտոնական Երևանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա բարդել իր մեղքը Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր անհաջողությունների համար
Պաշտոնական Երևանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա բարդել իր մեղքը Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր անհաջողությունների համար

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա բարդել  իր մեղը Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր անհաջողությունների համար։  

«Այն հարցում, որ համաձայնագիրն այս տարիների ընթացքում ձեռք չի բերվել ու չի ստորագրվել, մեղավոր է հենց ադրբեջանական կողմը»,- ասաց Քոչարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ եթե մինչև այս տարեվերջ շրջանակային համաձայնագիր չստորագրվի, ապա դրանում ադրբեջանական կողմը մեղավոր չի լինի: 

Քոչարյանի խոսքերով, Հայաստանը շարունակում է բանակցությունները, քանի որ չի բացառում, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կառուցողականություն կդրսևորի։

«Սակայն պարոն Մամեդյարովի հայտարարությունը վկայում է հենց հակառակի՝ Ադրբեջանի՝ նույն ոգով ոչ արդյունավետ քաղաքականությունը  շարունակելու և հերթական անգամ սեփական մեղքը Հայաստանի վրա բարդելու մտադրության մասին»,- ընդգծեց նա:

Քոչարյանը մեկնաբանել է նաև ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցից, որում ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, չի բացառել մինչև տարեվերջ խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

«Բոլորն արդեն սովոր են, որ պարոն Բրայզայի հայտարարությունները սովորաբար սրբագրվում կամ հերքվում են կամ հընթացս, կամ որոշ ժամանակ անց: Ժամանակը ցույց կտա, թե ինչ նկատի ուներ և ինչ էր ուզում հատկապես ասել պարոն Բրայզան»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-