Ուժեղ թիմային ոգին, ընկերությունն ու երկրպագուների սերը հայ շախմատիստներին լրացուցիչ ուժ և հաղթանակի կամք են հաղորդում
Ես խաղացել եմ գրեթե բոլոր հայ շախմատիստների հետ և պետք է ասեմ, որ նրանք հիանալի են խաղում։ Ես շնորհավորել եմ նրանց, երբ նրանք հաղթանակ տարան Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում։ Հաղթել օլիմպիադայում երկու անգամ անընդմեջ՝ հսկայական հաջողություն է և ինձ համար անսպասելի։
Եթե խոսենք հայկական թիմի անձնակազմի մասին, ապա նրանցից շատերը մեր ռուս շախմատիստների մրցակիցներն են եղել, սակայն միասին նրանք ավելի ուժեղ գտնվեցին, և թիմային ոգին, հարաբերություններն ու ընկերությունը թիմի ներսում հայ շախմատիստներին լրացուցիչ ուժ են հաղորդում։ Դրա շնորհիվ թիմը կարողացավ հաղթել Դրեզդենի օլիմպիադայում, և ես շատ ուրախ եմ նրանց համար։
«Նովոստի-Արմենիա» - Որքա՞ն ուժեղ մրցակցություն են ներկայացնում մեր շախմատիստները ռուսական թիմի համար։
Ա. Կարպով – Իհարկե, եթե ռուսական թիմում էլ նույն ոգին և հարաբերությունները տիրեին, ապա դա զգալիորեն կավելացներ հաղթանակի նրանց հնարավորությունները։ Ռուսական թիմում անհատական արդյունքները լավն են, շախմատիստները հիանալի են, սակայն թիմային խաղ չի ստացվում։ Այդ պատճառով մեր շախմատիստները վերջին ժամանակներս որոշակի դժվարություններ են ապրում։
Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադային ժամանակ Հայաստանի մրցակիցը ոչ միայն Ռուսաստանն էր, այլև աշխարհի այլ ուժեղ թիմեր, և այն, որ հայ շախմատիստները կարողացան հաղթել, ապացուցում է նրանց ուժը։
Հայաստանում շախմատն առնվազն Տիգրան Պետրոսյանի ժամանակներից չափազանց տարածված է, վայելում է ժողովրդի սերն ու աջակցությունը, և դա զգացվում է։ Այդ սերն ու աջակցությունը զգում են նաև խաղացողները՝ իմանալով, որ իրենց երկրպագում են բոլորը՝ մեծից փոքր։ Այս ամենը շախմատիստներին լրացուցիչ ուժ է հաղորդում, սակայն պահել նվաճված հաղթանակն ու դիրքերը շատ դժվար է։
«Նովոստի-Արմենիա» - Հաճախ եք Դուք այցելում Հայաստան։
Ա. Կարպով – Չեմ կարող ասել, որ Հայաստան շատ հաճախ եմ այցելում, սակայն հաստատ հինգ տարին մեկ այցելում եմ՝ սկսած 1972 թ.-ի իմ առաջին այցելությունից, երբ ես Հայաստանում էի Բոտվինիկի հետ՝ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հրավերով, ում հետ մենք մանկության ընկերներ ենք։
Դրանից հետո ես մշտապես այցելում եմ Հայաստան և գիտեմ այն բավականին լավ, ես ծանոթ եմ ոչ միայն Երևանին, այլև այլ քաղաքներին։ Երևան իմ վերջին այցից հետո հինգ տարվա ընթացքում փոխվել է ոչ միայն քաղաքի արտաքին տեսքը, այլև մթնոլորտը՝ չնայած այժմ ճգնաժամ է, որն անդրադարձավ բոլորիս վրա։
Սակայն Հայաստանում չկա այն լարվածությունը, որն առկա էր տասը տարի առաջ։ Այսօր հանրապետությունում իրավիճակը կարգավորվել է, և հաճախ կարելի է ժպիտ նկատել մարդկանց երեսին։ Ընդհանուր իրավիճակի լարվածության հետ մեկտեղ արդեն վստահություն կա վաղվա օրվա հանդեպ, և մարդիկ սկսել են լավատեսորեն վերաբերվել ապագային։
«Նովոստի-Արմենիա» - Կպատմե՞ք ձեր գլխավորած Խաղաղության հիմնադրամների միջազգային ընկերակցության և Հայաստանի համագործակցության մասին։
Ա. Կարպով – «Խաղաղության հիմնադրամ - Հայաստանը» Միջազգային ընկերակցության հիմնադիրներից է, որի կազմում եմ հետխորհրդային տարածքի բոլոր երկրները։ Ընկերակցության հիմնադիրներն են նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները՝ բացառությամբ Բալթյան երկրների և Մոլդովայի։
«Խաղաղության հիմնադրամ- Հայաստանը» կա և միշտ եղել է Միջազգային ընկերակցության ակտիվ բաղկացուցիչներից մեկը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այն դարձավ նրա գլխավոր հիմնադիրներից մեկը։ Մենք տեղեկատվության մշտական փոխանակում ենք հաստատել, ինչպես նաև մասնակցում ենք համատեղ ծրագրերի։ Վերջերս այդ ծրագրերն այդքան էլ նշանակալի չեն, քանի որ ճգնաժամի պատճառով ֆինանսական ռեսուրսները նախկինի պես հզոր չեն։
Այնուամենայնիվ, մենք մանկական ծրագրեր ենք իրականացնում, խոսում ենք ժողովրդական դիվանագիտության մասին հիշելու և այն վերականգնելու անհրաժեշտության մասին, որը մենք ներդրել և ներկայացրել ենք աշխարհին և որը զարգացել է Արևմտյան Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներում։ ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ ժամանակով մենք հրաժարվեցինք ժողովրդական դիվանագիտությունից, ինչը ճիշտ չէր։ Ցավոք, հաճախ այնպես է ստացվում, երբ ողջ աշխարհն օգտվում է մեր փորձից, մենք դրանից հրաժարվում ենք։
Մենք ծրագրում ենք մի շարք խաղաղարար ծրագրեր իրականացնել, բնապահպանական նախագծեր, լավ հեռանկարներ կան նաև երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Մեր ընկերակցությունը երկար տարիներ զբաղվել է արդյունաբերական ցուցահանդեսների կազմակերպմամբ, իսկ նախորդ տարի Երևանում անցկացվեց Ռուսաստան-Հայաստան երկկողմ տնտեսական համաժողովը։ Այս տարի՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում կբացվի ռուսական արդյունաբերության երկրորդ ցուցահանդեսը։-0-

