Հայաստանում թատրոնն ապրում է ու ակտիվ զարգանում

27.03.2009, 20:02
Հայաստանում թատրոնն ապրում է ու ակտիվ զարգանում
Հայաստանում թատրոնն ապրում է ու ակտիվ զարգանում

Թատրոնի միջազգային օրն ամբողջ աշխարհում ընդունված է նշել մարտի 27-ին, սկսած 1961 թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի որոշման համաձայն։  

Հայաստանում այս տոնը նշվում է ամեն տարի։ Տոնին նվիրված ամենավառ միջոցառումը թատերական արվեստի ոլորտում «Արտավազդ» մրցանակի ամենամյա ազգային պարգևատրումն է։

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն արդեն 10-ամյա պատմություն ունի։ Մենք այն դիտարկում ենք ոչ թե պարզապես որպես պարգև, այլ մեկ տարվա աշխատանքի ամփոփում։ Եվ այս առումով պետք է ընդգծել, որ շատ բան է արվել, հետաքրքիր նախագծեր են իրականացվել։  

Հատկապես մեծ մրցակցություն կա երիտասարդ սերնդի թատերական խմբերի շրջանում։ Հարկ է նշել նաև, որ «Արտավազդը» դուրս է եկել Երևանի շրջանակներից։ Այս տարի առաջադրված են երկու մարզային թատրոններ Գյումրիում և Վանաձորում։

Ժյուրիի կազմում են այնպիսի հանրահայտ թատերական գործիչներ, ինչպիսիք են Ալեքսանդր Գրիգորյանը, Ռուբեն Բաբայանը, Կարինե Խոդիկյանը, Նարինե Սարգսյանը, Մարգարիտա Յախոնտովան, Լիլիթ Արզումանյանը և Հովհաննես Չեքիջյանը։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ վիճակում է գտնվում թատերական արվեստը այսօրվա Հայաստանում։ Ինչպիսի՞ խնդիրների հետ եք բախվում այդ ոլորտում։

Հ. Ղազանչյան. Թատրոնը Հայաստանում ներկա դրությամբ կենդանի է և ակտիվ զարգանում է։ Ամենահուսադրող փաստն այն է, որ երիտասարդ թատերական ռեժիսորների նոր սերունդ է աճում։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք վստահ լինել հանրապետությունում թատրոնի վաղվա օրվա վրա։

Ինչպես մայրաքաղաքային թատրոններում, այնպես էլ Գյումրիի, Վանաձորի և ՀՀ այլ քաղաքներում հետաքրքիր ներկայացումներ են բեմադրվում։

Շատ հայրենական թատրոններ սկսել են իրենց ներկայացումներով մեկնել արտասահման, իսկ շատ թատերական խմբեր հյուրախաղերով ժամանում են Հայաստան։ Մենք բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստանում արտասահմանում մեր արտիստների ելույթների մասին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ դրական միտումն ակնհայտ է։  

Իհարկե, Մշակույթի նախարարությունն աջակցում է թատրոններին, հատկապես արտասահմանյան հյուրախաղերը ֆինանսավորելու մասով, բայց ցանկալի կլիներ, որ այդ աջակցությունն ավելանար։  

Ինչ վերաբերում է առկա խնդիրներին, ապա պետք է ասել, որ դրանք ուղիղ համեմատական են երկրում առկա մյուս խնդիրներին։ Կարևորն այն է, որ մենք դրանց վրա աչք չենք փակում և փորձում ենք հաղթահարման ուղիներ գտնել։  

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն են Թատերական գործիչների միության առաջիկա ծրագրերն ու նախագծերը։

Հ. Ղազանչյան. Այս տարի ծրագրերն ու նախագծերը շատ են։ Դրանցից ամենամոտը Շեքսպիրի ստեղծագործությունների մոտիվներով մոնոներկայացումների՝ ապրիլի 8-ին մեկնարկող «Արմմոնո» ավանդական փառատոնի անցկացումն է։

Հարկ է ընդգծել, որ այս տարի փառատոնը կանցկացվի երկու քաղաքներում՝ Երևանում և Կապանում։ Այն զուգադիպում է Կապանում թատրոնի նոր շենքի բացման հետ, որի շինարարությունն իրականացվել է Թատերական գործիչների միության աջակցությամբ։ Մենք շատ ուրախ ենք, որ Կապանի թատրոնը վերջապես իր սեփական շենքը կունենա։

Բացի այդ, ծրագրվում են մի շարք ազգային ու միջազգային թատերական փառատոներ։ Նոր ներկայացումների պրեմիերաները կկայանան նաև Միության բեմին։  

«Նովոստի-Արմենիա». Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդե՞լ է արդյոք Միության գործունեության և ընդհանրապես Հայաստանում թատերական կյանքի վրա։

Հ. Ղազանչյան. Ճգնաժամի ազդեցությունը մեզ համար զգալի է հիմնականում հովանավորչական աջակցության կրճատման պլանում։ Բանն այն է, որ ճգնաժամի պայմաններում հովանավորները վստահ չեն իրենց վաղվա օրվա վրա և զերծ են մնում խոշոր չափի նվիրատվություններից։ Սա վերաբերում է անգամ այն հովանավորներին, որոնք շատ տարիների ընթացքում պատրաստակամորեն աջակցել են մեզ։ Այսօր նոր գործընկերներ գտնելը ավելի դժվար է դարձել։ -0-