Հայ երիտասարդությունն ինքնադրսևորման ավելի մեծ հնարավորություններ է ձեռք բերել
Որտե՞ղ և ե՞րբ կանցկացվի «Բազե-2009» համահայկական երիտասարդական հավաքը։ Ինչպիսի՞ նոր նախագծեր և ծրագրեր են նախատեսվում հավաքի շրջանակներում։
Ա.Սողոմոնյան. Այս տարվա հուլիսիս կեսին կանցկացվի «Բազե» հավաքի հոբելյանական՝ տասներորդ հավաքը, այդ իսկ պատճառով մենք մանրամասն նախապատրաստվում ենք դրան։ Համահայկական երիտասարդական հիմնադրամն առայժմ չի որոշել «Բազե-2009»-ի անցկացման վայրը, և այժմ մենք մի քանի տարբերակներ ենք քննարկում։ Վերջնական որոշումը կընդունվի մարտին։ Ինչ վերաբերում է ծրագրին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այն շատ հետաքրքիր, անակնկալներով և նորարարություններով հագեցած կլինի։ Կազմկոմիտեն արդեն աշխատում է այդ ուղղությամբ։
Մեր կարևոր նախագծերից մեկը, որին մենք մեծ նշանակություն ենք տալիս, «Բազե» ակումբի ստեղծումն է։ Ակումբը կբացվի երիտասարդական հիմնադրամի շենքում և կմիացնի «Բազե»-ի տարբեր տարիքի մասնակիցներին՝ միավորելով նրանց «Բազեի» գաղափարի շուրջ։ Ակումբի հանդիսավոր բացումը նախատեսվում է անցկացնել փետրվարի երկրորդ տասնօրյակի վերջում։
Ակումբում նախատեսվում է անցկացնել երիտասարդների զանազան խնդիրների քննարկումներ, ինչի հիման վրա կմշակվեն կոնկրետ առաջարկություններ և կուղղվեն համապատասխան պետական անձանց քննարկմանը։ Այստեղ կանցկացվեն նաև մշակութային, ինտելեկտուալ, մարզային տարբեր միջոցառումներ «Բազե» ձևաչափով։ Դրանց կարող են մասնակցել «Բազե»-ի ինչպես երիտասարդ, այնպես էլ այլ տարիքային խմբի ներկայացուցիչներ։ Երիտասարդական առաջին հավաքից յոթ տարի է անցել, և շատ նախկին մասնակիցներ արդեն այդքան էլ երիտասարդ չեն, բայց երիտասարդ են հոգով։ Սրանով տվյալ միջոցառումները կտարբերվեն ամենամյա հավաքներից, որտեղ մասնակիցների տարիքը սահմանափակվում է 30 տարեկանով։
Կթարմացվի նաև www.baze.am կայքը, որը նույնպես կծառայի «Բազե»-ի մասնակիցների միջև կապերի ստեղծման և ամրապնդման գործին։ Այստեղ «Բազե»-ի տարբեր տարիքի մասնակիցները կարող են գրանցվել և կիսել իրենց մասնագիտական հաջողությունները։
«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ սկզբունքով են ձևավորվելու «Բազե-2009»-ի ջոկատները։
Ա.Սողոմոնյան. Ինչպես և նախորդ հավաքներին, ջոկատները ձևավորելու են հանրապետական բուհերի ուսանողները, սփյուռքի երիտասարդությունը և երիտասարդական հասարակական կազմակերպությունները։ Ինչպես միշտ, յուրահատուկ ակտիվություն է ցուցաբերում սփյուռքահայությունը։ Օրինակ, վերջերս մեզ հետ կապվեցին Հոլանդիայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները և հայտնեցին, որ ցանկանում են մասնակցել «Բազե-2009»-ին 30 հոգանոց կազմով («Բազե-2008»-ի յուրաքնաչյուր ջոկատ բաղկացած էր 9 հոգուց)։ Մենք որևէ սահմանափակումներ չենք դնում սփյուռքահայերի մասկանցության համար, բայց գլխավոր պայմանն է, որ մասնակիցները պետք է համապատասխանեն ծրագրի մրցույթների պահաջներին։ Այդ հարցում բոլոր մասնակիցների համար միևնույն պահանջներն են։
«Նովոստի-Արմենիա». Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդել է՞ արդյոք «Բազե-2009»-ի ֆինանսավորման վրա։
Ա.Սողոմոնյան. «Բազե»-ն պետական ծրագիր է, և դրա ֆինանսավորումը պետական բյուջեում առանձին տողով նշված է որպես համահայկական ծրագիր։ «Բազե»-ի անցկացմանն այս տարի նույնքան գումար է տրամադրվել, որքան նախորդ տարի՝ 60 մլն դրամ։
Եթե ճգնաժամն ուժեղ արտահայտվի պետության վրա, ապա կարող է ազդել նաև երիտասարդական ծրագրերի ֆինանսավորման վրա։ Սակայն հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք ողջ ծավալով իրականացնել հոբելյանական հավաքի հետ կապված մեր բոլոր մտահղացումները։
Բացի այդ, Համահայկական երիտասարդական հիմնադրամը անհրաժեշտության դեպքում իր կողմից գումար է ներդնում հավաքների անցկացման համար։ Օրինակ, անցյալ տարի, բացի բյուջետային միջոցներից, հիմնադրամը «Բազե-2008»-ի անցկացման նպատակով ծախսեց 10 մլն դրամ։
Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա հույս ունենք, որ այս տարի այն չի զիջի նախորդ տարվա հավաքին, որին մասնակցում էր 680 մարդ։ Նրանցից 600-ը ջոկատների անդամներ էին, մնացածը՝ ժյուրիի, կազմկոմիտեի անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
«Նովոստի-Արմենիա». Որպես «Բազեի» ակունքների մոտ կանգնած և այս յոթ տարիների ընթացքում երիտասարդության հետ շփվող մարդ, ի՞նչ եք կարծում, այս տարիների ընթացքում փոխվե՞լ է արդյոք հայ երիտասարդությունը։
Ա.Սողոմոնյան. Ցանկացած ժամանակ ինքն է թելադրում վարքի կանոնները, և երիտասարդությունը, լինելով հասարակության ամենազգայուն հատվածը, յուրովի է ընկալում այդ ազդակները։
Ընդհանուր առմամբ, ներկայիս երիտասարդությունը ապակենտրոնացված է։ Եթե համեմատենք ներկայիս իրավիճակը տասնամյա վաղեմության դեպքերի հետ, ապա, անշուշտ, ժամանակակից երիտասարդությունն ավելի մեծ հնարավորություններ ունի ինքնադրսևորման համար։ Ներկայում ավելացել է ակումբների, հասարակական կազմակերպությունների, տարբեր կուսակցությունների երիտասարդական թևերի թիվը, և երիտասարդությունն ունի հնարավորություն ընտրելու, թե որ ուղով գնա։
Անգամ վիճակագրության տեսանկյունից, եթե նախկինում Հայաստանում գոյություն ուներ 50 հասարակական կազմակերպություն, ապա այսօր դրանց թիվը հասնում է հինգ հարյուրի։ Այլ բան է, թե դրանցից քանիսն են գործում, բայց թիվն ինքնին խոսուն է։
Ներկայում երիտասարդական հաասարակական կազմակերպությունները մեծ աշխատանք են իրականացնում տարբեր ոլորտներում, սկսած սոցիալական հարցերից և վերջացրած մշակութային և կրթական ծրագրերով։ Դրանցից յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում իր խնդիրները, ունի ֆինանսավորման սեփական աղբյուրները, նպատակային խմբերը, ծրագրերի իրականացման ուղիները։
«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ծրագրեր է մտադիր իրականացնել Համահայկական երիտասարդական հիմնադրամն ընթացիկ տարում բացի «Բազե»-ից։
Ա.Սողոմոնյան. Մենք նախատեսում ենք մեծ թվով ակումբների բացում, մասնավորապես, լրագրողների, հոգեբանների, սոցիոլոգների, ինչպես նաև ծրագրերի կազմակերպման և իրականացման ակումբ։ Այստեղ երիտասարդներին հուզող հարցեր կբարձրացվեն, կառաջարկվեն որոշակի լուծումներ։ Ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում ակումբի հիմնական խնդիրը կլինի տեղեկատվության հավաքումը և ծանոթացումը տարածաշրջանային երիտասարդական հասարակական կազմակերպություններին, որոնք հաճախ չունեն տեղեկություններ միջազգային կազմակերպությունների նախագծերի մասին, որանց կարող են մասնակցել։
Մենք նաև ունենք ավանդական միջոցառումներ, որոնք կփորձենք վերականգնել, քանի որ վերջին տարիներին մեր շենքի շինարարության պատճառով չենք կարողացել դրան բավարար ուշադրություն հատկացնել։
Օրինակ, տարեվերջին նախատեսվում է կրկին անցկացնել «Հայկյան» մրցանակաբաշխությունը, մրցանակը հանձնվում է երիտասարդության ոլորտում իրենց դրսևորած կազմակերպություններին, պետական և ոչ պետական գործիչներին։
«Հայկյան» մրցանակը հիմնվել է 2000 թվականին և գործել մինչև 2005 թվականը։ Մենք մտադիր ենք վերականգնել այն, քանի որ այն երկրի հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցող երիտասարդությանը խրախուսելու լավ միջոց է։ -0-

