Ղարաբաղյան հարցի լուծման գործում տեղաշարժեր կլինեն մեկ տարուց ոչ շուտ
Ինչպիսի՞ դեր և դիրք է զբաղեցնում Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում օգոստոսյան իրադարձություններից հետո։
Վ. Զախարով – Եթե խոսենք տարածաշրջանում Հայաստանի դերի մասին օգոստոսի սկզբի իրադարձություններից հետո, ապա Հայաստանում ամենաբարդ իրավիճակն է ձևավորվել։ Պատճառն այն է, որ Հայաստանը գտնվում է որոշակի մեկուսացման մեջ, նրա բոլոր պետական սահմանները փակ են, և տեղաշարժման ու բեռների տեղափոխման համար գոյություն ունեցող միակ ճանապարհն անցնում է Վրաստանի միջով։
Իհարկե, կա նաև Իրանով անցնող ճանապարհ, սակայն այն փոքր և բարակ հատված է։ Իրավիճակը բարդ է, չէ՞ որ Հայաստանը պաշտոնապես չի դատապարտել Վրաստանին, և դա, բնականաբար այն պատճառով է, որ ուղղակի կարող են փակել նրա օդային ճանապարհը։
«Նովոստի-Արմենիա» - Ըստ ձեզ, ինչպիսի՞ն կլինի իրավիճակի հետագա զարգացումը։
Վ. Զախարով – Այժմ իրավիճակը Վրաստանում զարգանում է հետևյալ կերպ։ Վրաց ժողովուրդը տեղեկատվության տեսակետից հիմարացած վիճակում է։ Նա չի տիրապետում իրական տեղեկատվությանը։ Պատկերացրեք՝ Վրաստանի բնակչության 30 տոկոսը կարծում է, թե հաղթել է այս պատերազմը, մինչդեռ նրանք այն ամբողջովին զիջել են։
Այժմ հասկանում են, որ Սահակաշվիլին վա-բանկ է գնացել, և այն, որ նա սկսել է այս պատերազմը՝ չխորհրդակցելով ոչ ոքի հետ, ներկայացվում է որպես նրա անձնական նախաձեռնությունն ու անձնական ձախողումը։ Սակայն եթե Վրաստանում նոր ղեկավար լինի, ապա նա նույնչափ հակառուսական կլինի։ Լիովին հակառուսական քաղաքական բարձր խավ է ձևավորվել։ Եվ ժողովուրդը դաստիարակվում է այս ոգով, չունի որևէ տեղեկություն։ Միաժամանակ Վրաստանում անհնար է ստանալ որևէ հակավրացական տեղեկատվություն։
«Նովոստի-Արմենիա» - Կարելի՞ է ձեր խոսքերից ենթադրել, որ ապագայում Վրաստանի և Ռուսաստանի միջև պառակտումն ավելի կխորանա։
Վ. Զախարով - Իհարկե։ Ես չեմ տեսնում վրացական իշխող շրջանակների քաղաքական ցանկությունը՝ Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Դա գոյություն չունի։ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցը երեկ չի ծագել, այն գոյություն ունի գրեթե հարյուր տարի, եթե ոչ ավելի։ Մեզ մոտ այս մասին բոլորը մոռանում են։ Եվ այսպես-կոչված տարածքային ամբողջականության առնչությամբ Վրաստանի պահանջները ոչնչով չհիմնավորված խոսակցություններ են։
Վերջերս ես՝ Անդրեյ Արեշևի (Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ – «Նովոստի-Արմենիա») համահեղինակությամբ, հրատարակել եմ «Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումը. իրավական նորմեր» անվանումով գիրքը։
Այս բավականին ծավալուն հրատարակությունում մանրամասն նկարագրված են հարցի էությունն ու պատմությունը, թե ինչպիսի իրավական նորմեր ուներ Ռուսաստանն այս հանրապետությունները ճանաչելու համար։ Չէ՞ որ սա Ռուսաստանի ուղղակի մտացածին ցանկությունը կամ հարկադրված քայլը չէ։ Այս ճանաչումը հարկադրված չի եղել, այն երկար պատրաստվում էր, և Սահակաշվիլիի կողմից գրավումը ուղղակի շարժառիթ հանդիսացավ այս տարածքը ավելի արագ ճանաչելու համար։
«Նովոստի-Արմենիա» - Վերադառնալով հայկական թեմային՝ կցանկանայի իմանալ ձեր կարծիքը Մոսկովյան հռչակագրի վերաբերյալ, արդյո՞ք այն նոր ուղի է բացում և մոտեցնում է ղարաբաղյան հակամարտության լուծումը։
Վ. Զախարով – Այս հարցը բավականին բարդ է և բազմանշանակ։ Առաջին հերթին ես չեմ կարծում, թե հռչակագիրը մոտեցնում է հարցի լուծումը։ Ես դա չեմ տեսնում, քանի որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Դա ճիշտ չէ, քանի որ հակամարտությունը գոյություն ունի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես դա փորձում է ցույց տալ Բաքուն, այլ այն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է։ Եվ այդ պատճառով Լեռնային Ղարաբաղը պարտավոր է մասնակցել բանակցություններին։
Երկրորդը՝ եթե այժմ գան նոր խաղարապահ ուժեր, որոնք կզբաղեցնեն որևէ տարածքներ, ապա սահմանը կանցնի Ղարաբաղի տարածքով և կմոտենա Ստեփանակերտին։ Եվ չի լինի այն գոտին, որն այժմ գոյություն ունի։ Իսկ դա կնշանակի, որ Ղարաբաղը կկորցնի այն տարածքները, որոնց վրա կան ամրացած գծեր, և դրանք, ըստ էության, կհայտնվեն Ադրբեջանի ձեռքում։ Այսինքն, դա արդեն Ղարաբաղի տարածքների հանձնում կլինի։
Այդ պատճառով չարժե մտածել, որ այս հարցը արագ լուծում կստանա։ Այս հարցն անհրաժեշտ է շատ լրջորեն լուծել և գոնե մեկ տարվա ընթացքում պատրաստել փաստաթղթեր, որոնցում մտածված կլինի յուրաքանչյուր բառ։ Ընդ որում, դա կրկին կլինի միջանկյալ փաստաթուղթ, իսկ խոսել մեկ տարի հետո վերջնական փաստաթղթի մասին՝ իրական չէ։-0-

