Աստրախանի պետական համալսարանը պատրաստ է ՀՀ քաղաքացիներին կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աստրախանի պետական համալսարանը պատրաստ է ՀՀ քաղաքացիներին ստացիոնար և հեռակա կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել մի շարք մասնագիտություններով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնեց ԱՊՀ նորարարությունների ու ներդրումների սրահի տնօրեն Մարինա Լոզովսկայան։
Աստրախանի պետական համալսարանը՝ հիմնադրված 1932 թ.-ին, ներկայումս հայտնի է որպես Կասպիական տարածաշրջանի խոշորագույն կրթական հաստատություններից մեկը։
«Հայ պատանիների, ինչպես նաև այլ օտարերկրյա քաղաքացիների համար կստեղծվեն հանրակացարաններում ապրելու լավագույն պայմաններ, ընդ որում կրթության արժեքը բավականին զուսպ է և կազմում է տարեկան շուրջ 1-2 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց Լոզովսկայան։
Այսօրվա դրությամբ բուհում կրթություն են ստանում 18 հազար ուսանողներ, այդ թվում 5 հազար արտասահմանցի ուսանողներ։ Գործընկեր-համալսարանների, մասնավորապես, Ֆինլանդիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, համալսարանների հետ մեկտեղ համալսարանն իրականացնում է հետևյալ ծրագրերը. կարճաժամկետ լեզվի դասընթացներ, ուսանողների փոխանակում, համատեղ գիտական ու նորարարական նախագծեր, միավորված ուսանողական դասընթացներ, միջազգային գիտաժողովներ։
Լոզովսկայան նաև նշեց, որ բուհում դասավանդվում է ավելի քան 200 առարկա, այդ թվում՝ տնտեսագիտություն, իրավագիտություն, բնապահպանություն, հոգեբանություն, կենսաբանություն, կենսաբնապահպանություն, քիմիա։ Միաժամանակ մանկավարժի մասնագիտության, հասարակության հետ աշխատանքի, լեզվական մասնագիտությունների, մասնավորապես, արաբերենի, չինարենի, ճապոներենի, անգլերենի դասավանդում է անցկացվում։
Լոզովսկայայի խոսքերով, համալսարանի կառույցում հինգ նորարարական ինստիտուտներ են գործում. Տնտեսագիտության ինստիտուտ, Բնագիտության ինստիտուտ, Հումանիտար ինստիտուտ, ֆիզմաթ ինստիտուտ, Հոգեբանության, սոցիալական աշխատանքի և մանկավարժական ինստիտուտ։
«Բացի այդ բուհի կազմում գործում է գիտա-նորարարական համալիր՝ տեխնոպարկ, որում ընդգրկված են նաև 15 փոքր գիտատար ձեռնարկություններ և 14 համատեղ գիտահետազոտական լաբորատորիաներ»,- պարզաբանեց նա։
Ընդգծելով, որ ԱՊՀ-ում անցկացվում են մի շարք գիտահետազոտական աշխատանքներ ամենատարբեր թեմաներով, Լոզովսկայան հայտարարեց, որ բուհը հայ գիտնականներին համատեղ աշխատանքի է հրավիրում երկրաբանության, բնության պահպանության, կենսաբանության, սոցիալական գիտությունների, տնտեսագիտության, իրավագիտության ոլորտներում։
«Մենք ուրախ կլինենք աջակցել մանկավարժների, ուսանողների և ասպիրանտների տեղափոխմանն ինչպես մեր երկիր, այնպես էլ Հայաստան, և պատրաստ ենք մասնակցել համատեղ գիտահետազոտական նախագծերին»,- ընդգծեց նա։
Լոզովսկայան չբացառեց նաև փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը, համատեղ ուսումնական ձեռնարկների հրատարակումը, այդ թվում՝ սոցիոլոգիայից։
«Մենք կարող ենք սեփական մշակումներն ու համատեղ նախագծերն առաջարկել ուսումնական գրականության թարգմանության և շուկա ներմուծելու հարցում»,- ասաց ԱՊՀ ներկայացուցիչը։ --0--

