Ղարաբաղյան հարցի լուծման առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը. հայ քաղաքական գործիչ

21.10.2008, 16:48
Ղարաբաղյան հարցի լուծման առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը. հայ քաղաքական գործիչ
Ղարաբաղյան հարցի լուծման առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը. հայ քաղաքական գործիչ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հարցի լուծման առաջին քայլը պետք է Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը դառնա, ասաց ՀՀ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե տարածքները հետ վերադարձնել պետք է, թե ոչ»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։  

Սարգսյանը տարակուսանք հայտնեց այն առումով, որ ուրիշ երկրների որոշ բարձրաստիճան պետական այրեր, մասնավորպես Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, հանկարծ հայկական ղեկավարության անունից հայտարարում են ինչ-որ քաղաքական որոշումների մասին։   

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահը իբրև թե հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու մասին։

«Ես լիովին վստահ եմ, որ հայկական ղեկավարությունն ինքը կհրապարակի իր որոշումը առանց սպասելու, որ այդ մասին ուրիշները հայտարարեն»,- ասաց Սարգսյանը։

Բացի այդ Դեմկուսի առաջնորդի խոսքերով, ինքը դժվար է պատկերացնում, որ հայկական իշխանությունները կարող էին հայտարարել, թե պատրաստ են վերադարձնել «այն հողերը, որոնք մենք ազատագրված ենք համարում, իսկ հակառակ կողմը՝ օկուպացված»՝ ավելացնելով, որ «այդպիսի բան չի կարող պատահել, քանի որ հարցը պետք է լուծվի համալիր կերպով»։   

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ շարունակ հնչող հայտարարություններին այն մասին, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, ես կարծում եմ, որ դա իր իրավունքն է, իսկ Հայաստանն իրավունք ունի խոսել այն մասին, թե ինքն ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը»,- ընդգծեց նա։    

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Բի-բի-սի հեռուստաընկերության ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գլխավոր սկզբունքն է համարում, որի հիման վրա պետք է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, Սարգսյանն ընդգծեց, որ այդ հայտարարությունները լուրջ չեն։

«Երբ նման բարձր կարգի դիվանագետն անընդհատ ուղղում է ինքն իրեն ու անվերջ արդարանում, որ իրեն սխալ են հասկացել, ապա նրան մեկնաբանելն ընդհանրապես անիմաստ է»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-