Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր լավացման մեջ առկա են տնտեսական և քաղաքական ասպեկտներ. Հովհաննիսյան
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր լավացման մեջ տնտեսական և քաղաքական ասպեկտներ են առկա։
«Փաստ չէ, որ տնտեսական ասպեկտը մեզ համար օգտակար է կամ, նվազագույնը, շատ օգտակար է։ Ճանապարհները կբացվեն, սակայն պատրա՞ստ է, արդյոք, մեր տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսական հատվածը մրցել թուրքականի հետ, թե՞ մենք կդառնանք թուրքական շուկայի շարունակությունն ու այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի զարգացման պատճառը, որը տասնամյակներ շարունակ առաջընթաց չունեցող իրավիճակում է», - ասաց Վահան Հովհաննիսյանը «Նովոստի-Արմենիային»։
«Մենք կարող ենք տնտեսական հետաքրքրություններ ունենալ, բայց դա կասկածելի է։ Մենք կարող ենք տնտեսական տեսակետից վնասներ կրել։ Այստեղ Թուրքիան ակնհայտորեն հաղթում է, իսկ մենք հաղթում ենք պոտենցիալ կերպով», - նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով, այդ հարաբերություններում առկա է նաև քաղաքական ասպեկտը։
«Այստեղ Թուրքիան ակնհայտորեն մեզանից շատ է շահում, քանի որ Եվրամիության առջև հանդես կգա սահմանները բացող երկրի դիմակով, և ԵՄ գործընկերների համար Թուրքիայի փաստարկներն ավելի հեղինակավոր կլինեն, քանի որ նա ցույց կտա իր հանդուրժողական վերաբերմունքը մեր նկատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա նշեց, որ այստեղ մի խնդիր կա՝ ինչպես դա կանդրադառնա թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա։
«Սակայն ես կարծում եմ, որ թուրքական և ադրբեջանական քաղաքականությունը անհրաժեշտ է ընկալել որպես առանձին երևույթներ։ Գտնում եմ, որ եթե թուրքերը որոշեն անել այդ (գնալ երկկողմանի հարաբերությունները լավացնելու քայլին), ապա կհամոզեն Ադրբեջանին դրան ըմբռնումով մոտենալ, և այդ դեպքում ի հայտ կգան այն բոլոր խնդիրները, որոնց մասին ես ասացի»,- նշեց խմբակցության ղեկավարը։
Խոսելով Հայաստանը տարանցիկ երկրի վերածելու հնարավորության մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դա լավ կլիներ։
«Բայց հարևան երկրներից մեկը, դառնալով տարանցիկ (Վրաստան – «Նովոստի-Արմենիա»), նաև կռվախնձոր դարձավ։ Ամեն ինչ ունի իր դրական և բացասական կողմերը»,- ասաց Հովհաննիսյանը։
Մեկնաբանելով շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստան՝ Հովհաննիսյանն ասաց, որ այդ այցից շահեց Հայաստանը, քանի որ ցույց տվեց աշխարհին երկրի նախագահի հանդուրժողականությունը, բայց կրկնակի շահեց նաև Թուրքիան՝ Եվրամիությանը ցույցադրելով իր հանդուրժողականությունն ու խաղաղության ձգտումը։
Գյուլը Երևան ժամանեց շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ ներկա գտնվելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ընտրանիների խաղին 2010թ. աշխարհի առաջնություն ընտրական փուլի շրջանակներում։ Պատասխան հանդիպումը կկայանա 2009թ. հոկտեմբերի 14-ին։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում է զբաղեցնում։-0--

