Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը կազդի այլ հակամարտությունների վրա. ղարաբաղյան քաղաքագետ
Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը իր ազդեցությունը կունենա աշխարհում այլ հակամարտությունների վրա, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքերով, փաստորեն Կոսովոյից հետո Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը Կոսովոյի նախադեպը վերածեց օրինաչափության։
«Այսպիսով, հարավօսական և աբխազական ճանաչման ազդեցությունը կարևոր նշանակություն կունենա իրավական հարթությունում։ Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտներին, ապա յուրաքանչյուր հակամարտություն այստեղ ունի իր յուրահատկությունը, դրանցից յուրաքանչյուրի լուծումը կախված է կոնկրետ գործոններից, և այստեղ այդ ազդեցությունը այդքան էլ զգալի չի լինի»,- նշեց Բաբայանը։
Ըստ քաղաքագետի, Լեռնային Ղարաբաղում վստահ են, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը զուտ ժամանակի խնդիր է։
«Արցախում, բարեբախտաբար, վաղուց ազատվել են այսպես կոչված «չճանաչվածության բարդույթից», որի էությունը կայանում է նրանում, որ չճանաչվածությունը չի հանդիսանում հանրապետության զարգացման որոշիչ գործոն։ Ավելի շուտ, հակառակը, ճանաչումը կենսագործունեության բոլոր ոլորտներում պետության հետագա զարգացման ածանցյալ է համարվում»,- նշեց Բաբայանը։
«Այսպիսով, երկրի հետագա ամրապնդումը՝ ահա այն ապագան, դեպի ուր գնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- հավելեց ղարաբաղյան քաղաքագետը։ -0-

