Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները յուրահատուկ ֆոն են ստեղծում չճանաչված հանրապետությունների խնդիրների լուծման համար. պատգամավոր

26.08.2008, 13:43
Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները յուրահատուկ ֆոն են ստեղծում չճանաչված հանրապետությունների խնդիրների լուծման համար. պատգամավոր
Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները յուրահատուկ ֆոն են ստեղծում չճանաչված հանրապետությունների խնդիրների լուծման համար. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհում, մասնավորապես, Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, որոնք կապված են աշխարհաքաղաքական ուժերի վերախմբավորման հետ, յուրահատուկ ֆոն են ստեղծում չճանաչված հանրապետությունների խնդիրների լուծման համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հնարավոր ճանաչման գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանի, ԵԽ-ի և ԱՄՆ-ի միջև պայքարի սրման ֆոնի ներքո, ինչը սպառնում է տարածաշրջանում նոր առճակատմամբ, հետևաբար, չճանաչված հանրապետությունների խնդիրը կրկին մասամբ կլուծվի»,- ասաց Աշոտյանը։

Նա գտնում է, որ այս գործընթացի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա կարելի է բաժանել երկու բաղադրիչի։

«Զուտ զգացմունքային առումով բնական է, որ նախադեպերի շարունակությունը՝ ի դեմս Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, կխաղա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և անկախության օգտին»,- նշեց Աշոտյանը։

Նրա խոսքերով, դա կուժեղացնի նաև հայկական դիրքերը դիվանագիտական ճակատում այն առումով, որ Եվրոպայում սահմանները ենթարկվում են փոփոխությունների, և տարածքային ամբողջականության խնդիրը որևէ կերպ կապված չէ ժողովուրդների ինքնորոշման հարցի հետ։

«Բայց քաղաքական տեսակետից, կարծում եմ, որ Հայաստանը առայժմ պետք է կշռադատի տվյալ իրավիճակում իր հետագա քայլերը, քանի որ վրացական տարանցիկ միջանցքի հարցը մեր երկրի համար շատ կարևոր է, և մենք այսօր հանրապետությունում զգում ենք դրա գործելու հետ կապված խնդիրները»,- կարծում է պատգամավորը։

Ըստ նրա, «դժվար է պատկերացնել, որ այդ միջանցքը բնականոն կգործի Հայաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անհապաղ ճանաչման դեպքում»։

«Ես կողմ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի կողմից այն ժամանակ, երբ մենք համոզված լինենք, որ Հայաստանի կողմից ճանաչմանը կհետևի այլ պետությունների, այդ թվում խոշոր դերակատարների ճանաչումը։ Այդ դեպքում կարելի է ասել, որ ԼՂՀ լեգիտիմիզացիայի խնդիրը լուծված է»,- նշեց Աշոտյանը։

Միաժամանակ, Աշոտյանի կարծիքով, եթե ԼՂՀ ճանաչման հարցը միայն հայկական պետության օրակարգում է, ապա այդ հարցի լուծման համար չարժե շտապել։

«Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն ամենադյուրինն է, ինչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղի պետականության ճանաչման համար։ Ավելի դժվար է այն աշխատանքը, որը կապահովի այլ պետությունների, այդ թվում ուժեղների կողմից ճանաչումը»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքերով, այս բոլոր գործընթացները տեղի են ունենում աշխարհառազմավարական բավականին սուր պայքարի ֆոնի ներքո, ինչը ոչ միայն նոր առավելություն, այլ նաև մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի արտաքին քաղաքականության համար, որը դժվար կլինի շարունակել կոմպլեմենտարիզմի և բազմավեկտորության նույն հունով՝ այդ վեկտորների կենտրոնների առճակատման պայմաններում։ -0-