Հայաստանը Ռուսաստանի վստահելի բարեկամն է. Նիկոնով
Հայտնի ռուս քաղաքագետ, «Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը կարծում է, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելը դրական կանդրադառնա ռուս-հայկական հարաբերությունների վրա։
«Դեռևս մինչև երդման արարողությունը, լինելով ՀՀ ընտրված նախագահ, Սերժ Սարգսյանն արդեն սկսել էր իր գործունեությունը Մոսկվա կատարած այցով, Պուտինի և Մեդվեդևի հետ ունեցած հանդիպումներով՝ նման կերպով ընդգծելով Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բավականին բարձր առաջնահերթությունը։ Այդ պատճառով ես լավ մեկնարկ եմ ակնկալում», - ասաց Նիկոնովը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր, և այդ ժամանակահատվածում հաջողություններն ակնհայտ են, մասնավորապես, երկու երկրների ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 70 տոկոսով։
Միաժամանակ նա ավելացրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն։
«Կատարելագործումը վերջ չունի, և հայ-ռուսական հարաբերությունները կարելի է զարգացնել բազմաթիվ ուղղություններով։ Հայաստանը Ռուսաստանի վստահելի բարեկամն է, և չի կարելի ասել, որ այս պահին հայկական քաղաքականության մեջ որևէ բան Ռուսաստանին ձեռնտու չէ», - ասաց Նիկոնովը։
Միաժամանակ քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանում լավ հասկանում են, թե ռուսական քաղաքականության մեջ հատկապես ինչը ձեռնտու չէ Հայաստանին։ «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պահեր են կապված տնտեսական գործընկերության ներուժի ոչ բավարար օգտագործման և, առավել ևս, տնտեսական օգնության, ոչ բավարար ներդրումների հետ։ Այսինքն, աճի ներուժ կա», - ավելացրեց նա։-0-

