Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի բանաձևը կարող է խանգարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. փորձագետ
Ադրբեջանի նախաձեռնած Լեռնային Ղարաբաղի մասին ՄԱԿ ԳԱ բանաձևը կարող է խոչընդոտ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Ղարաբաղից անկախ վերլուծաբան Դավիթ Ղարաբեկյանը։
Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը, որով Ադրբեջանի պահանջում է «գրավված» տարածքներից անհապաղ դուրս բերել հայկական ուժերը և խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։
Վերլուծաբանի խոսքերով, այդ փաստաթուղթը հակամարտության կողմերին և միջնորդներին կդնի այն խնդիրների լուծման անհրաժեշտության առջև, որոնց հետ նրանք բախվել են դեռևս 1992-1993 թթ.-ին և որոնք զգալի արգելք են դարձել խաղաղ գործընթացի զարգացման համար։
«Այդ բանաձևի բովանդակությունը կազմված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ՄԱԿ ԱԽ բանաձևի դրույթների և ԵԱՀԿ Մինսկ խմբի 1992 թ. «ժամանակացույցի», ինչպես նաև Ադրբեջանի սեփական նախաձեռնությունների՝ Ադրբեջանի իշխանությունների հավակնոտ միահյուսումից», - նշեց Ղարաբեկյանը։
Սակայն, ղարաբաղցի վերլուծաբանի կարծիքով, բանաձևի ընդունման փաստը մատնանշում է միջազգային հանրության կողմից կարգավորման այն մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը, որոնց այն հավատարիմ էր այս տարիների ընթացքում, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմներին առավել հետևողականորեն հետևելու անհրաժեշտությունը, մասնավորապես, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման, անկախության իրավունքի ճանաչումը և Ադրբեջանին ենթարկվելու անհնարինությունը։
Ղարաբեկյանը նաև հայտարարեց, որ բանաձևի ընդունումը մատնանշում է հայկական դիվանագիտության թերությունները, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվության ակտիվ տարածման անհրաժեշտությունը և Հայաստանի ու Ղարաբաղի շահերի լոբբինգը միջազգային ատյաններում և ողջ աշխարհում։
«Տվյալ իրավիճակում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է համապատասխան եզրակացություններ անեն և օգտագործեն այն՝ հօգուտ իրենց», - եզրափակեց ղարաբաղցի վերլուծաբանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

