Ձմեռային զբոսաշրջանը Ծաղկաձորում բացվելու է Նոր տարվա նախաշեմին
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ձմեռային զբոսաշրջանը Ծաղկաձորում բացվելու է Նոր տարվա նախաշեմին՝ 2007թ. դեկտեմբերի 30-31, «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում նշեց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը։
«Այսօր զբոսաշրջիկներին ընդունելու համար արդեն պատրաստ են քաղաքի բոլոր հյուրանոցները, ինչպես նաև ընդարձակված ճոպանուղին»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով, ամանորի տոնական օրերին Ծաղկաձորում տեղի կունենան ավանդական տոնական միջոցառումներ, բացի այդ, յուրաքանչյուր հյուրանոց կապահովի սեփական հանդիսությունները և միջոցառումները, որպեսզի տոնական դարձնի հաճախորդների հանգիստը։
«Մեր քաղաքի հյուրանոցային համալիրներում գործում են ռեստորաններ, խաղասրահներ, լողովազաններ, ինչը հետաքրքիր հանգիստ կապահովի բոլոր զբոսաշրջիկների համար»,- ասաց քաղաքապետը, տեղեկացնելով, որ քաղաքում արդեն գործում են 23 հանգստյան տներ։
Միրզոյանն ավելացրեց, որ Ծաղկաձորում ավարտվել է երկու նոր հյուրանոցների շինարարությունը, ևս 10-ը գտնվում են շինարարական ընթացքի մեջ։
«Դրանցից մեկը՝ մարզական համալիրի հյուրանոց է, իսկ երկրորդ նոր հյուրանոցի, որը գտնվում է քաղաքային հրապարակում, բացման արարողությունը տեղի կունենա ամանորյա տոների նախօրեին»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ տարեց տարի Ծաղկաձորում հանգստացողների թիվն ավելանում է։ «Ձմռանը քաղաք են գալիս մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ թե Հայաստանից, թե արտասահմանից, հիմնականում՝ Ռուսաստանից»,- ասաց Միրզոյանն, ավելացնելով, ոև հանգիստը Ծաղկաձորում օրեկան միջին հաշվով մեկ անձի համար կազմում է 10-15 հազ. դրամ (35-50 դոլար)։
Քաղաքապետի խոսքով, Ծաղկաձորում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, քաղաքապետարանի և քաղաքի մասնավոր հատվածի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են տարբեր ցուցահանդեսների, որտեղ ներկայացնում են քաղաքը և նրա ենթակառույցը։
«Բացի այդ, մենք համագործակցում ենք Ֆրանսիայի և Շվեյցարիայի քույր-քաղաքների հետ, որոնց հետ համատեղ իրականացնում ենք մասնագետների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարվում է զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակում»,- ասաց քաղաքապետը։
Ծաղկաձորը ժամանակակից լեռնադահուկային հանգստավայր է, որը տեղակայված է գեղատեսիլ հովտում՝ ծովի մակարդակից 1845 մ բարձրության վրա, Երևանից 50 կմ հյուսիս-արևելք։
Տարբեր թեքության սարալանջերը հնարավորություն են տալիս զբաղվել սպորտով ինչպես պրոֆեսիոնալներին, այնպես էլ սպորտի սիրահարներին։
Ձմեռը Ծաղկաձորում մեղմ է, արևոտ օրերի թիվը հասնում է տարեկան 270-ի։ Միաժամանակ բավականին հաճախ ձյուն է տեղում, ձնածածկն ամուր է, հասնում է 1.40 մ հաստության։
Դահուկային սեզոնը տևում է նոյեմբերի կեսից մինչև ապրիլի կեսը։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -3 C0-է։ Օդի բացասական իոնացումը ձմռանը երաշխավորում է երկարակեցություն և դիմացկունություն՝ մրսածությունից առաջացած հիվանդությունների նկատմամբ։
Ծաղկաձորում գործում են հինգ շատ հետաքրքիր դահուկային ուղեգծեր՝ նոր արահետ (արհեստավարժների և էքստրեմալների համար), երկրորդ հերթագիծ (լեռնային սպորտի սիրահարների համար), երրորդ հերթագիծ (բոլոր ցանկացողների համար՝ սովորական սիրողական դահուկորդներից մինչև արհեստավարժ դահուկորդներ), հին արահետը (փորձառու դահուկորդների համար) և անմշակ զառիվայր (ուղեգիծ՝ հատուկ նախատեսված սնոուբորդիստների վայրէջքի համար)։--0—

