Ռուսաստանի նախագահական ընտրությունների ելքը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այդ երկրի ունեցած դիրքորոշման վրա. հայ քաղաքագետ
Ռուսաստանի նախագահական ընտրությունների ելքը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրա ունեցած դիրքորոշման վրա։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Ռուսաստանում գալիս է տանդեմային ղեկավարման դարաշրջանը։ Դա երկիշխանություն չէ, այլ համախոհների տանդեմ։ Կարծում եմ, որ Պուտինը կմնա Ռուսաստանի իշխանական կառույցների ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը և որ նա բավականին լավ է ուսումնասիրել իր հետևորդին՝ ընտրություններին նրա թեկնածությունն առաջարկելուց առաջ», - ասաց նա։
Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ որևէ լուրջ տեղաշարժ ռուսական քաղաքականության մեջ չի սպասվում, հատկապես Ռուսաստանի համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջաններում։
«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հենց այսպիսին են, և մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումը ավտոմատ կերպով ռուսական սահմանը կտեղափոխի գրեթե միչև Դոնի Ռոստով», - պարզաբանեց նա։
Միաժամանակ քաղաքագետն ավելացրեց, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի հսկա աշխարհաղաքական տարածք, ինչը նրա համար միշտ կենսական կարևոր նշանակություն է ունեցել։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1994 թ. մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. մարտի 2-ին։-0-

